Ազգային ժողովի քառօրյա նիստում


Ազգային ժողովի քառօրյա նիստում

  • 07-10-2015 18:46:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
1 / 10

Խորհրդարանը հոկտեմբերի 7-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

Փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ խմբակցությունները:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա մտահոգություն է հայտնել բիզնես միջավայրի ոչ բարենպաստ պայմանների արդյունքում ներդրումների ծավալների նվազման առնչությամբ: Խմբակցության ղեկավարը նշել է, որ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկում է արձանագրվել, իսկ մասնավոր տրանսֆերտների ծավալը վերջին մեկ տարում կրճատվել է շուրջ 30 տոկոսով: Ըստ Հեղինե Բիշարյանի՝ հաշվետվություննները փաստացի տնտեսական աճի վրա ազդեցություն չեն ունենում:

Ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է պաշտոնական վիճակագրական վերջին տվյալները, որոնց համաձայն՝ առեւտրի շրջանառությունը կրճատվել է ավելի քան 4 տոկոսով, գործազրկությունը հասել է 20 տոկոսի, բնակչության 32 տոկոսը համարվում է աղքատ, իսկ օտարերկրյա ներդրումների ծավալը կրճատվել է ավելի քան 40 տոկոսով: Խմբակցության ղեկավարը խոսել է մենաշնորհային համակարգից, դրամավարկային քաղաքանությունից: Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ տնտեսության ակտիվացման ամենակարեւոր բաղադրիչներից է դրամական զանգվածի աճի խրախուսումը:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ գնաճի կառավարումն ինքնանպատակ չէ: Պատգամավորն առաջարկել է վերաիմաստավորել այսօրվա քաղաքականությունը եւ 2016 թվականի բյուջեում նվազագույն աշխատավարձի կտրուկ աճ ապահովել: Միքայել Մելքումյանն անհրաժեշտ է համարել վերանայել մրցակցային օրենքներն ու վարչարարությունը: Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին:

Ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը՝ Արտաշես Գեղամյանը նշել է, որ եթե արտադրողականության աճի տեմպը գերազանցի դրամական զանգվածի աճի տեմպին, ապա պետք չէ վախենալ սղաճից: Ըստ պատգամավորի՝ կարեւոր է ապահովել տնտեսության առաջընթաց: Արտաշես Գեղամյան ընդգծել է, որ գտնվելով շրջափակման մեջ եւ հաղթահարելով ֆինանսատնտեսական ճգնաժամը՝ այդուամենայնիվ վերջին 8 տարում 301 տոկոսով ավելացել են դոլարային արտահայտությամբ ավանդները. արդյունաբերության ոլորտում եւս ավելացել է բանկերի կողմից վարկավորումը:

Եզրափակիչ ելույթում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին շահագրգիռ քննարկման համար եւ նշել, որ ԿԲ-ի կողմից փորձ է արվում լուծել քաղաքացիների առաջնային կենցաղային խնդիրները եւ տնտեսությունը զերծ պահել արտաքին ցնցումների ազդեցությունից: Ներսես Երիցյանը հավաստիացրել է, որ ՀՀ-ի որդեգրած դրամավարկային քաղաքականության շրջանակը չի կարող խոչընդոտել տնտեսության ներուժին: Ըստ ԿԲ ներկայացուցչի՝ գների կայունությունն անհրաժեշտ է քաղաքացիների իրական եկամուտներն ու խնայողություններն ավելացնելու համար, իսկ ֆինանսական կայունությունը՝ այդ խնայողություններն արդյունավետ ներդրումներին ուղղելու համար:

Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թ. գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը քննարկման է ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Նա նշել է, որ 2014 թ. Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակել է աշխատանքը՝ հետեւելով նախորդ տարում որդեգրած նոր ծրագրային քաղաքականությանը: Ավելացել է սոցիալ-տնտեսական, մշակութային եւ կրթական հաղորդումների քանակը, հայրենական արտադրության փաստավավերագրական ֆիլմերի հեռարձակումը: Պարոն Ջաղինյանը հավելել է, որ առաջին ալիքի եթերն առավել հասանելի դարձնելու նպատակով ընդլայնվել է միջազգային ալիքի արբանյակային ծածկույթը, ինչպես նաեւ գործարկվել է հեռուստաընկերության ինտերնետային նոր կայքը: Շարունակվել է Հանրային հեռուստաընկերության շենք-շինությունների հիմնանորոգման աշխատանքը եւ տեխնիկական փուլային վերազինումը:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուբիկ Հակոբյանն ընդգծել է, որ թեպետ Հանրային հեռուստատեսությունում դրական քայլեր կատարվել են, այդուհանդերձ ոլորտում առկա են խնդիրներ: Նրա գնահատմամբ՝ հեռուստաընկերությունը հասարակական կարծիք ձեւավորելու գործիքակազմ է, սակայն այս հարցում Հանրային հեռուստաընկերությունը երբեմն բավարար աշխատանք չի կատարում: Պարոն Հակոբյանը նշել է, որ հեռուստաընկերությունը ռազմավարական նշանակություն ունի եւ այն հասանելի պետք է լինի հեռուստադիտողին: Ավարտելով խոսքը՝ Ռուբիկ Հակոբյանը հավելել է, որ հանձնաժողովն ի գիտություն է ընդունել հաղորդումը:

Հաղորդման քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի հոկտեմբերի 8-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին: 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play