Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակում մի շարք վտանգներ դարձյալ մնում են


Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակում մի շարք վտանգներ դարձյալ մնում են

  • 07-10-2015 18:51:37   | Հայաստան  |  Քաղաքական
Իշխանությունները ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի նախնական տարբերակում կատարել են որոշ խմբագրումներ, որոնք արդեն արտահայտված է օրերս հրապարակված նախագծի վերջնական տարբերակում: Այս մասին հայտնի դարձավ, երբ ՀՀ Ազգային ժողովի կայքում 05.10.2015թ. ամսաթվով հրապարակվեց ԱԺ-ի որոշումը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին: Խնդրահարույց, ավելին` լուրջ վտանգ պարունակող բազմաթիվ հոդվածներից փոփոխության են ենթարկվել ընդամենը չորսը` 5, 17, 81, 58 հոդվածները:
Անշուշտ, դրական քայլ պետք է համարել այն, որ իշխանության մեջ ոմանք հասկացել են ՀայաստանիՀանրապետության ինքնիշխանությունը մեծապես զոհաբերելու անթույլատրելիությունը, և 5-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ սահմանափակել են այդ զոհաբերման աստիճանը: Եթե նախագծի նախնական տարբերակում, ըստ 5-րդ հոդվածի 2-րդ մասի, «Ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերը գերակայություն ունեն օրենքների նկատմամբ» (խոսքը ՀՀ օրենքների նկատմամբ ՀայաստանիՀանրապետության կողմից ոչ միայն վավերացված, այլև չվավերացված ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմերի գերակայության մասին), ապա նախագծի վերջնական տարբերակից այդ վտանգավոր ձևակերպումը հանված է:
Միաժամանակ, սակայն, 5-րդ հոդվածի 1-ին մասն իրավական առումով բարելավվելու փոխարեն, ավելի է փչացվել: Նախնական տարբերակում գրված էր, որ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական իրավական ակտերը՝ Սահմանադրությանը, սահմանադրական օրենքներին և օրենքներին»: Այս ձևակերպումը նորմալ էր: Սակայն կար դրա հետ կապված մի լուրջ խնդիր, որը նախագծի համապատասխան հոդվածով լուծված չէր: Հայտնի է, որ եթե այս կամ այն օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է տվյալ օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը: Նախագծի նախնական տարբերակի 167-րդ հոդվածով էլ էր այդպես: Սակայն անհասկանալի, անորոշ, ավելի ճիշտ, չլուծված էր մնում հետևյալ խնդիրը` իսկ եթե սահմանադրական օրենքը (այն Սահմանադրության փոփոխությամբ նախատեսված նոր հասկացություն է) չի համապատասխանում Սահմանադրությանը, պետական ո՞ր մարմինն է որոշելու սահմանադրական օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը: Սահմանադրական դատարանն իրավասու չի լինելու դա որոշել, քանի որ ըստ նախագծի նախնական տարբերակի 167-րդ հոդվածի, իրավասու է որոշել ոչ թե նաև սահմանադրական օրենքի, այլ միայն օրենքի և այլ փաստաթղթերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Ավելին. եթե օրենքի և սահմանադրական օրենքի միջև է հակասություն առաջանում, ապա ՍԴ-ն իրավասու չէր լինելու որոշել նաև սահմանադրական օրենքին տվյալ օրենքի համապատասխանության հարցը:
Չնայած վերոնշյալ ակնհայտ բացին, ոչ հիշյալ նախագիծը պատրաստած մասնագիտական հանձնաժողովը, ոչ էլ Ազգային ժողովը նախագծի վերջնական տարբերակում նույնպես այս խնդիրներին լուծում չեն տվել, ինչը նշանակում է, որ խնդրո առարկա նախագծի ընդունման պարագայում այս կամ այն օրենքը կարող է չհամապատասխանել իր հետ առնչվող սահմանադրական օրենքին, սահմանադրական օրենքն էլ` Սահմանադրությանը, ու, չնայած դրան, կիրառվել:
Հակառակը` եթե նախագծի նախնական տարբերակի 5-րդ հոդվածի 1-ին մասում գրված է, որ «Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական իրավական ակտերը՝ Սահմանադրությանը, սահմանադրական օրենքներին և օրենքներին», ապա վերջնական տարբերակում տվյալ մասը խմբագրված ու 5-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված է հետևյալ ձևակերպմամբ. «Oրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին»: Ինչպես ակնհայտ է, «Սահմանադրությանը» բառն արանքից հանել են: Պատճառաբանությունն այն է, թե դա ավելորդ է, քանի որ վերևում գրված է` «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ», սակայն մենք բավարար չենք համարում այս պատճառաբանությունը, քանի որ Սահմանադրության ձևակերպումները պետք է լինեն հստակ, որոշակի ու տարընթերցումների, չարաշահումների, վեճերի տեղիք չտան:
Անդրադառնանք նաև նախագծի 17-րդ հոդվածին, որը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Նախագծի նախնական տարբերակի 2-րդ մասի համաձայն, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել հատուկ համաձայնագրով»: Սա տեղիք էր տվել մեր եկեղեցու շահերով, իրավունքներով մտահոգ մարդկանց և, կարելի է ենթադրել, նաև հոգևոր դասի անհանգստությանը: Այս կապակցությամբ մենք արդեն իսկ հանդես ենք եկել համապատասխան «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակը գրեթե հավասարեցվում է աղանդավորական կազմակերպությունների կարգավիճակին» վերտառությամբ համապատասխան հրապարակմամբ (http://www.nyut.am/?p=85698&l=am):
Խոսքը մասնավորապես այն մասին էր, որ քննարկման ներկայացված նախագծի մեջ էականորեն նվազեցված էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը։ Եթե գործող սահմանադրության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, ապա նախագծի նախնական տարբերակի մեջ նշված է, որ այդ հարաբերությունները կարող են կարգավորվել հատուկ համաձայնագրով: Ոմանց համոզմամբ,  նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասով  իրավական հիմքեր են ստեղծվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի ստորադասման համար, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակը գրեթե հավասարեցվում է աղանդավորական կազմակերպությունների կարգավիճակին՝ զրկելով նրան որոշակի արտոնություներից, որոնք հատուկ համաձայնագրով չեն կարող սահմանվել։ Սակայն 17-րդ հոդվածի այդ անընդունելի մասը նախագծի այն սակավաթիվ դրույթներից մեկն է, որն իշխանությունների կողմից վերանայվել ու խնդրին տրվել է լուծում: Ըստ նախագծի վերջնական տարբերակի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:
 
Արթուր Հովհաննիսյան
nyut.am
Նոյյան տապան  -   Քաղաքական