Իրանահայութեան սխրագործութիւնների մասին միջոցառում՝ Սպահանի «Նաղշէ Ջահան» Հրապարակում


Իրանահայութեան սխրագործութիւնների մասին միջոցառում՝ Սպահանի «Նաղշէ Ջահան» Հրապարակում

  • 12-10-2015 11:04:53   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ի հետեւումն Թ.Հ. Թեմին ենթակայ «Պարտադրւած Պատերազմի Իրանահայ Արժէքների Պահպանման Յանձնախմբի» կողմից հրապարակւած մի կարճամետրաժ տեսահոլովակի, որտեղ լաւապէս ներկայացնում էր Իրանահայութեան գործակցութեան  եղանակները՝ Իսլամական Յեղափոխութեան եւ պարտադրւած պատերազմի ընթացքում, որը լայն արձագանգ ունեցաւ պատկան շրջանակների կողմից, տեսահոլովակի հեղինակ եւ նոյն յանձնախմբի գրասենեակի պատասխանատու պրն. Վարդան Դաւթեանը տարբեր շրջանակների կողից հրաւիրւեց բացայայտելու  իրանահայութեան գործակցութեան մութ եւ չբացայայտւած  հանգրւանները։
 
Նկատի ունենալով այն պարագան, որ «Իսլամական Քարոզչական Կազմակերպութեան Սրւեստից Բաժանմունք»ի գիտաշխատողները տարիներ առաջւանից արդէն ձայնագրում էր յիշեալի յուշերը կապւած թեմային, Վարդան Դաւթեանը հրաւիրւեց մասակցելու Սպահանում տեղի ունենալիք նահանգների արւեստից բաժանմունքի չորրորդ փառատօնին, գնահատւելու եւ արտայայտւելու համար։
 
Փառատօնը կայացաւ թւականիս սեպտեմբեր 29-ից՝ հոկտեմբեր 1-ը, Սպահանի «Նաղշէ Ջահան» հրապարակում։ Իսկ հոկտեմբեր 30-ին, մեծ թւով հրաւիրեալների ու բարձրաստիճան պաշտօնատարների ներկայութեամբ գնահատւեց եւ արտայայտւեց նաեւ Վարդան Դաւթեանը։
 
Պատերազմի հերոսներից՝ գեներալ Ղօրբանիի արտայայտւելուց յետոյ, հրաւիրւեց  Պարտադրւած պատերազմի եւ Հայ նահատակների ու անձնուրացների հետ (պատերազմի օրերին) ամենաշատ կապն ու հաղորդակցութիւն ունեցող՝ Վարդան Դաւթեանը  նաեւ իր յուշերը պատմելու համար։
 
Նա իր խօսքի սկզբում ակնարկելով Հայկական պատւիրակութեան հետ միասին Յեղափոխութեան Առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի հետ հանդիպմանը, որ տեղի ունեցաւ յաղթանակից շուրջ 15 օր յետոյ, շեշտեց Էմամի խօսքերից այն հատւածը, որը  շեշտում էր Իրանի ժողովրդի միասնականութեան անհրաժեշտութիւնը։
 
Յիշեալն (Վ.Դ.) ապա իր խօսքը շարունակեց հիմք ընդունելով երկրի ազգային միասնականութիւնը, եւ որի հետեւանքով իրանահայութիւնը  ազգային իշխանութիւնների հրաւէրին դրական պատասխան տալով, իր ամբոջական գործակցութիւնն ունեցաւ պարտադրւած պատերազմին եւ յարակից գործողութիւններին։
 
Վարդան Դաւթեանն ապա անդրադարձաւ Թեհրանի Հայոց Թեմի կողմից կեանքի կոչւած «Ճակատներին Օժանդակող» յանձնախմբին, որի աշխատանքների համադրողն էր լուսահոգի Իսկանդար Իսկանդարեանը։
 
Նա ապա կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայ բոլոր տարրերի բազմակողմանի աջակցութիւններին, որոնք կատարւում էին Հայ նահատակների յիշատակին՝ Նշւած յանձնախմբի միջոցով։ Նա ապա վեր հանեց նոյնիսկ մինչ օրս չբացայայտւած այնպիսի աջակցութիւններն և նոյնիսկ անձնազոհութիւնները, որոնք կատարւեցին իրանահայ զինւորների եւ արհեստաւորների միջոցով։
 
Դրանցից են (ըստ Վ.Դ.)-ի՝ 17 չիֆթան եւ բազմաթիւ Ռուսական  հրասայլերի նորոգումը,  120 միլիմետրանոց ծանր գնդակների պատրաստումը հայ արհեստաւորի գործարանում (ամբողջ պատերազմի ընթացքում), ֆանտոմ, միրաժ, սօխօ եւ այլ ռազմական օդանաւների զսպանակների լէնթերի (لنت ترمز)  նորոգում եւ բազմաթիւ այլ աջակցութիւններ, որոնց իրականացման մէջ մասնակից են եղել դպրոցական աշակերտներից սկսած՝ մինչեւ կանանց եւ մարզամշակութեան միութիւնները, արհեստաւորներն ու ամենակարեւորը՝ հայ զինւորները, որոնցից քանիսը իսկական հերոսութիւններ են գործել։
 
Նա իր խօսքի վերջում բոլորին հրաւիրեց միասնականութեան՝ յանուն Իրանի անկախութեան ու անվտանգութեան, հողային ամբողջականութեան եւ խաղաղութեան։
 
Վերջում հաղորդավար՝ Հաշեմին, որ չափազանց յուզւած էր համբուրեց պատմիչին, մինչ հրապարակում ներկաները յոտնկայս ծափահարում էին նրա համար։
 
Վերջում Սպահանի նահանգապետն ու Սպահան քաղաքի քաղաքապետը մօտենալով Վ. Դաւթեանին, շնորհակալութիւն յայտնեցին իր խրախուսիչ եւ յեղափոխաշունչ արտայայտութիւնների համար։ Ներկաների յուզման պատճառը ըստ իրենց այն էր, որ նրանք չէին կարծում, որ իրանահայերը նահատակներից բացի նաեւ նման հերոսութիւններ ու աջակցութիւններ են կատարել երկրի համար։
 
Ձեռնարկին ներկայ էին նաեւ Սպահանի Հայոց թեմի հոգեւորականներից՝ արժ. Տէր Խաչատուր քհնյ. Զարգարեանը եւ մի խումբ հայեր։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը