Թուրք գրողի «Հոգիս Քեզնով կխայտա» գրքի համանուն փաստագրական թատերգութությունը կներկայացվի Հայաստանի թատրոններում (տեսանյութեր)


Թուրք գրողի «Հոգիս Քեզնով կխայտա» գրքի համանուն փաստագրական թատերգութությունը կներկայացվի Հայաստանի թատրոններում (տեսանյութեր)

  • 14-10-2015 18:25:55   | Հայաստան  |  Մշակույթ



Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաձեռնությունների շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Նյու Յորքի  «Վլադիմիր Քոչարյան» թատերախումբի մասնակցությամբ  Հայաստանում առաջին անգամ ներկայացվելու է թուրք գրող Քեմալ Յալչընիի համանուն գրքի հիման վրա բեմադրված  «Հոգիս Քեզնով կխայտա» փաստագրական թատերգութությունը: Այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանում առաջին անգամ գտնվող Ք. Յալչընը, ով 1990 թվականից հայկական հարցին նվիրված բազմաթիվ գրքեր է հրատարակել: 
 
Նրա տեղեկացմամբ` իր հակաիշխանական կեցվածքի պատճառով տարիներ ի վեր հալածանքների է ենթարկվել ու ստիպված եղել փախչել Գերմանիա, որտեղ էլ քաղաքական ապաստան է ստացել: 
Ք. Յալչընի խոսքերով` ինքը միայն հիսուն տարեկանում է իմացել, որ այն երկիրը, որտեղ ծնվել է, հայերի երկիրն է:
«Առաջին անգամ լինելով Հայաստանում՝ այցելեցի նաև Ծիծեռնակաբերդ:  Շատ հուզված եմ, ցնցված»,- ասաց Ք. Յալչընը` հայերի ցավը համարելով իրենը: 
Թուրք մտավորականի կարծիքով` Հայոց  ցեղասպանությունն այժմ ևս շարունակվում է, քանի որ թուրքական իշխանությունները ժխտում են պատմական իրողությունը` տարիներ շարունակ տարածելով սուտ, կեղծիք, մերժողականություն:
 «Որպեսզի դադարի ցեղասպանությունը, պետք է առերեսվել սեփական պատմության հետ,  հակառակ դեպքում երբեք խաղաղություն չի լինի»,- ասաց նա:
Որպես Հայկական հարցի լուծման հավանական և արդար տարբերակ` Ք. Յալչընը համարում է հայկական հողերի վերադարձը, նյութական փոխհատուցումը և մշակութային արժեքների վերականգնմումը: 
Նրա պնդմամբ` հարցը պետք է այնպիսի լուծում ստանա, որ հայերն այլևս դժգոհելու առիթ չունենան:   
«Երանի ես լինեի Թուրքիայի վարչապետը, այդ հարցն անմիջապես կլուծեի»,- նշեց Ք. Յալչընը:
Վերջինիս խոսքերով` ինքը  պաշտոնական առումով ոչինչ չի կարող անել, փոխարենը որպես  մտավորական՝  գրիչն է օգտագործում իբրև զենք և շարունակելու է գրել և բարձրաձայնել պատմական իրողությունների մասին: 
Ք. Յալչընիի կարծիքով` Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում պետք է տեղադրվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ հուշակոթող, որի առջև կխոնրահվեն և ծաղիկներ կդնեն թուրքերն ամեն տարի ապրիլի 24-ին: 
Անդրադառնալով «Հոգիս Քեզնով կխայտա» գրքին` Ք. Յալչընը նշեց, որ առաջին անգամ հրատարակելով Թուրքիայում, այդ գիրքի առաջին  օրինակները ոչնչացվել են թուրքական իշխանությունների կողմից:  
Թուրք գրողը կատարվածի առթիվ դիմում է դատարան, շահում դատը և դարձյալ սկսում հրատարակել գիրքն ու այն վաճառել Թուրքիայի գրախանութներում: 
Գերմանաբնակ թուրք մտավորականը վերջին տարիներին զբաղվել է նաև դավանափոխ հայերի իրողությամբ և այդ մասին լայնածավալ աշխատանքներ հրատարակել, որոնցից շատերն արժանացել են մի շարք մրցանակների:
Տեղեկացվեց, որ ներկայացումները տեղի են ունենալու  հոկտեմբերի 14-ին Գյումրիի Վ. Աճեմյանի, հոկտեմբերի 15-ին Վանաձորի Հ. Աբելյանի, իսկ հոկտեմբերի 17-ին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոններում: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play