Օրերս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հրավերով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը աշխատանքային այցով մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում կայացած Անվտանգ դպրոց ծրագրի առաջնորդների երկրորդ հանդիպմանը։
Փոխնախարարը հանդիպմանը հանդես է եկել Անվտանգ դպրոց-ին նվիրված թեմատիկ ելույթով՝ ներկայացնելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ դպրոցների և կրթական հաստատությունների սեյսմիկ անվտագության բարձրացման ուղղությամբ:
Ա. Ղուլարյանն իր ելույթի ընթացքում անդրադարձել է ՀՀ կառավարության ընդունած՝ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման` 2015-2030 թվականների ծրագրային որոշմանը, ներկայացնելով, որ հիշյալ որոշման համատեքստում հաստատվել է հիմնանորոգման կամ ամբողջությամբ վերակառուցման ենթակա 350 դպրոցների ցանկը։
Փոխնախարարը մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվելով սեյսմիկ բարձր ռիսկային գոտում և կարևորելով դպրոցների սեյսմիկ անվտանգությունը, այն դասել է ՀՀ գերակա ծրագրերի շարքում, դրանց իրագործման համար համագործակցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի և մի շարք այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:
Աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվել են ԻԻՀ-ում դպրոցների անվտանգության ուղղությամբ կիրառվող ամրացման, աղետների կառավարման և աշակերտների ուսուցման մեթոդները: Ներկայացվել են նաև ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ միջազգային ռազմավարության վերաբերյալ զեկույցներ։
Հանդիպման ավարտին առաջարկվել է ՀՀ-ում իրականացվող բոլոր դպրոցաշինական ծրագրերն ընգրկել մեկ ընդհանուր՝ Անվտանգ դպրոց խորագիրը կրող ծրագրի մեջ: