Ալիեւը ԱԱԾ եւ իսլամիստական շրջանակներում տոտալ «մաքրում» է սկսել. Մեկնաբան


Ալիեւը ԱԱԾ եւ իսլամիստական շրջանակներում տոտալ «մաքրում» է սկսել. Մեկնաբան

  • 23-10-2015 17:23:02   | Ադրբեջան  |  Վերլուծություն
 
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ երկրի ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մոտ 4 տասնյակ իսլամիստ ծայրահեղականների: Վերջին շրջանում Ադրբեջանում տեղի են ունենում ուշագրավ իրադարձություններ՝ պաշտոնանկություն եւ ձերբակալություններ ԱԱԾ համակարգում, այժմ իսլամիստ ծայրահեղականների ձերբակալում:

 

Ինչքանո՞վ են այդ զարգացումներն առնչվում ներքին խնդիրներին՝ խորհրդարանի նոյեմբերին կայանալիք ընտրությանն ընդառաջ, եւ ինչքանով են պայմանավորվում արտաքին իրողություններով:

 

Հավանական է նաեւ, որ զարգացումների հետ ընդհանուր առմամբ կապ ունի թե մեկը, թե մյուսը: Առավել հավանական է, որ գերական արտաքին խնդիրներն են, որոնց էլ Ալիեւը փորձում է արձագանքել ներսում խնդիրները նվազեցնելու համար:

 

Իհարկե, այստեղ էլ իրավիճակը միարժեք չէ: Ալիեւը ԱԱԾ եւ իսլամիստական շրջանակներում տոտալ «մաքրում» է սկսել՝ վախենալով ընտրական թոհուբոհում արտաքին որեւէ միջամտությունի՞ց, թե Ալիեւի գործողությունները պայմանավորված են առավել լայն տարածաշրջանային համատեքստում նշմարվող բեկումնային փոփոխությունների հետ:

 

Մասնավորաբար, հետաքրքիր է, որ իսլամիստ ծայրահեղականներին ձերբակալելու մասին տեղեկատվությունը զուգորդվում է Վիեննայում Սիրիայի հարցով ՌԴ-ԱՄՆ եւ նաեւ քառակողմ՝ ՌԴ-ԱՄՆ-Թուրքիա-Սաուդյան Արաբիա ֆորմատի բանակցությունների հետ: Ըստ փորձագետների, այդ բանակցությանը կարող է դրվել սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի մեկնարկ, ժամանակավոր անցումային կառավարության խնդրի քննարկում, Ասադի հեռացման գործընթացի սկիզբ:

 

Վիեննայի հանդիպումից առաջ Ասադը անակնկալ այցելել էր Մոսկվա, որտեղ էլ արեց ուշագրավ հայտարարություն: Պուտինի հետ հանդիպմանը նա ասաց, որ գլխավորը ահաբեկիչների դեմ պայքարն է, որոնք խանգարում են քաղաքական կարգավորմանը: Ասադը հայտարարեց նաեւ, թե այդ կարգավորումը պետք է լինի ոչ միայն Սիրիայի ղեկավարության, այլ ամբողջ ժողովրդի ցանկության հիմքով:

 

Այդպիսով, Ասադը փաստորեն ընդունեց, որ Սիրիական հակամարտության մեջ կան ահաբեկիչներ եւ կան քաղաքական կողմեր: Ըստ ամենայնի, Սիրիայի նախագահի ակնարկն այն էր, որ պատրաստ է հեռանալ կամ ընդունել փոքր տարածքի վրա իշխանության տարբերակը, միայն թե լինեն հստակ երաշխիքներ, որ չի հայտնվի ահաբեկիչների ձեռքում:

 

Ի դեպ, տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ասադի հետ Մոսկվա է ժամանել շատ մեծ շքախումբ, որի անդամներին ցույց են տվել թանկարժեք անշարժ գույք Մոսկվայում, եւ Ասադը հետ է մեկնել առանց շքախմբի:

 

Ադրբեջանը սիրիական հակամարտության պատերազմական փուլի մեկնարկից դիտվում էր որպես ահաբեկչական խմբավորումների ակտիվ աղբյուր: Սիրիայում իրադարձությունները ծավալվեցին արաբական գարնան ֆոնին, եւ շատ էր խոսվում ու գրվում այն մասին, որ հաջորդ «գարնանային» պետությունը կարող է լինել Ադրբեջանը: Ըստ ամենայնի, Ալիեւը նպատակահարմար գտավ օժանդակել Սիրիայում «գարնան» երկարաձգմանը, քան թույլ տալ, որ այն հասնի Ադրբեջան:

 

Բաքվին այդ մանեւրի հարցում օգնում էին Թուրքիան եւ բնականաբար Ռուսաստանը: Թեեւ Ադրբեջանը Ասադի դեմ զինյալներ մատակարարող պետություն էր, այդուհանդերձ Ռուսաստանի համար Ադրբեջանը ունենալով ռազմավարական կարեւորություն, օգտվում էր ռազմավարական գործընկերային հարաբերություն հաստատելու Մոսկվայի ջանքերից եւ աջակցությունից, իսկ Մոսկվան էլ աչք էր փակում Սիրիայի հարցում Ադրբեջանի դիրքորոշման վրա:

 

Բայց ներկայում կարծես թե իրավիճակը փոխվում է, եւ հավանական է որոշակի հանգուցալուծում: Մոսկվան ներգրավվելով սիրիական խնդրին, կարծես թե նախապատրաստեց Ասադի նահանջը: Չի բացառվում, որ Ալիեւն էլ որոշեց հույս չդնել այն բանի վրա, որ Թուրքիան ու Ռուսաստանը կշարունակեն պահել թիկունքը, եւ որոշակի քայլեր է անում իր նահանջի համար, հանդես գալով արդեն հակաահաբեկչական դիրքերից, փորձելով մենակ չմնալ միջազգային իրադարձությունների հանդիպակաց երթեւեկության տիրույթում:

 

Ի դեպ, ուշագրավ է նաեւ, որ իսլամիստների ձերբակալման տեղեկությունը նախորդում է տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին:

 

Իսկ այդ խումբը ոչ միայն Արցախի հակամարտության կարգավորման բանակցային ֆորմատ է, այլ մեծ հաշվով միջազգային Անվտանգության յուրօրինակ խորհուրդ: Հայաստանի արտւգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հոկտեմբերի 23-ին ընդգծել էր այդ հանգամանքը, ասելով, որ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ֆորմատն է, որտեղ բոլոր երեք անդամներն էլ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ են:

 

Այդ ֆորմատը քննարկում է ավելին, քան զուտ արցախյան խնդիրը: Ալիեւը թերեւս փորձում է պատրաստվել այդ խմբի այցին: Բայց հարց է, թե Սիրիայի խնդրում որեւէ կարգավորման գործընթացի մեկնարկի դեպքում ում է հետաքրքրելու Ալիեւի «սխալների ուղղումը»:

 

Այն, որ Ալիեւը թեկուզ իրավիճակային կտրվածքով փորձում է «ուղղվել», կամ գոնե այդպիսի տպավորություն ստեղծել, կարծես թե նշմարվում է նաեւ սահմանին իրավիճակի հարաբերական կայունացումից:

 

Համենայն դեպս, հատկանշական է, որ համանախագահների այցից առաջ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ բանակցության արդյունավետություն չի լինի, քանի դեռ Բաքուն չի փոխել իր դեստրուկտիվ դիրքորոշումը: Քոչարյանը հիշեցրել է Հայաստանի պատժիչ գործառույթի մասին, ակնարկելով, որ համանախագահների ֆորմատն այդպիսի գործառույթ չունի, եւ ըստ երեւույթին դրա «մանդատը» տրված է Հայաստանին:

 

Հայաստանը մի քանի շաբաթ առաջ ցույց տվեց, թե ինչպիսի արդյունավետությամբ է կիրառում այդ մանդատը: Մյուս կողմից, սակայն, Հայաստանը բացարձակ անարդյունավետ է կիրառում իր արտաքին քաղաքական սուբյեկտության այսպես ասած բնական մանդատը, որ ունի որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ: Այդ իմաստով, Հայաստանը պատժում է Ալիեւին, բայց հարց է Հայաստանի անելիքը այն դեպքում, երբ այլեւս չլինի պատժելու անհրաժեշտություն: Տարածաշրջանային իրավիճակի լայնածավալ փոփոխության համատեքստում լոկ Ադրբեջանին պատժելը Հայաստանի համար բավական սահմանափակ դերակատարում է թե ժամանակի, թե տարածության իմաստով:

 

Նոր իրավիճակը Հայաստանից պահանջում է առավել լայն հանձնառություն, բովանդակային, քաղաքակրթական նոր միջազգային հայտ: Բայց դրա փոխարեն Հայաստանը արդեն տեւական ժամանակ յոթ երգ գիտե, յոթն էլ ԵՏՄ-ի մասին:

lragir.am

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play