Հայ-գերմանական «Էլբատ» ընկերության նորաբաց գործարանը տարեկան կարտադրի 300 հազար մարտկոց <br />


Հայ-գերմանական «Էլբատ» ընկերության նորաբաց գործարանը տարեկան կարտադրի 300 հազար մարտկոց

  • 23-11-2010 19:38:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 23-ին Երեւանում հանդիսավորապես բացվեց նորագույն սարքավորումներով ու տեխնոլոգիաներով հագեցած «Էլբատ» գործարանը, որն արտադրելու է կապարաթթվային կուտակչային մարտկոցներ: Ձեռնարկության բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոախիմ Շմիդտը, պաշտոնատար այլ անձինք: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ձեռնարկության տնօրենների խորհրդի նախագահ եւ բաժնետեր Սամվել Աբրահամյանը, բաժնետոմսերի 51 տոկոսի բաժնետերը գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» կազմակերպությունն է, 49 տոկոսինը` հայկական կողմը: Ըստ հայ բաժնետիրոջ, 2008-2010թթ.-ի ընթացքում կատարվել է շուրջ 17,5 մլն եվրոյի ներդրում, որն ավելանալու է եւ հասնելու մինչեւ 20 մլն-ի: Ձեռնարկությունում աշխատում է 145 հոգի` 206 հազար դրամ միջին աշխատավարձով: Աշխատողների թիվը, ըստ նրա, առաջիկայում կհասնի 170-ի: Ս.Աբրահամյանը նշեց, որ ձեռնարկության արտադրած մարդատար եւ բեռնատար մեքենաների մարտկոցների իրացման հիմնական շուկան Հայաստանն է: Ըստ ձեռնարկության տեխնիկական տնօրեն Հակոբ Հակոբյանի, ձեռնարկության սարքավորումները ձեռք են բերվել Իտալիայից, Ավստրիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից: 17,5 մլն եվրո կազմող ներդրումներից 16 մլն-ը սարքավորումների արժեքն է: Նշվեց, որ ձեռնարկության հզորությունները թույլ են տալու արտադրել տարեկան 300 հազար մարտկոց: (Հայաստանի շուկայի պահանջարկը կազմում է շուրջ 150 հազար): Հ.Հակոբյանը հույս հայտնեց, որ ձեռնարկության արտադրանքը հաջողություն կունենա Վրաստանի, Ռուսաստանի շուկայում, ներկայումս աշխատանքներ են տարվում նաեւ եվրոպական շուկա դուրս գալու ուղղությամբ: Հանս Յոախիմ Շմիդտը կարեւորեց, որ գերմանական ներդրողը փորձում է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում, ջանքեր է գործադրում նոր ներդրողների Հայաստան ներգրավելու ուղղությամբ: Ուստի, ըստ դեսպանի, շատ կարեւոր է արտասահմանյան կապիտալով ներդրողների համար բարելավել գործարարության պայմանները Հայաստանում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն