Էրդողանի հաղթանակը մարտահրավեր է Հայաստանի համար. Մեկնաբան


Էրդողանի հաղթանակը մարտահրավեր է Հայաստանի համար. Մեկնաբան

  • 02-11-2015 20:00:46   | Թուրքիա  |  Վերլուծություն
 
Թուրքիայի խորհրդարանի ընտրության նախնական արդյունքը վկայում է, որ իշխող Արդարություն ու Զարգացում կուսակցությանը առնվազն ցուցանիշների առումով հաջողվել է վերականգնել իր մեծամասնությունն ու ստանալ միանձնյա կառավարություն ձեւավորելու իրավունք: Դա նշանակում է, որ Արդարություն ու Զարգացում կուսակցությունը ոչ միայն կարող է խորհրդարանում մեծամասնություն կազմել ու կառավարություն ձեւավորել, այլ կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախագահ Էրդողանը կարող է անցկացնել Սահմանադրության փոփոխության իր վաղեմի «երազանքը» եւ Թուրքիան դարձնել գերնախագահական պետություն:

 

Հունիսից նոյեմբեր Թուրքիան ենթարկվեց բավական ուշագրավ տրանսֆորմացիայի, այդ թվում միջազգային դերակատարման առումով: Հունիսի խորհրդարանի ընտրությունից հետո չկարողանալով պահպանել մեծամասնությունը, Էրդողանը գնաց ներքին ու արտաքին քաղաքական հարցերում մի շարք կոշտ քայլերի: Նա ներգրավվեց սիրիական ռազմարշավին, թեեւ Իսլամական պետության դեմ պայքարի քողի տակ իրականում սկսեց պայքար քրդական ուժերի դեմ՝ Թուրքիայի սահմանից դուրս եւ երկրի տարածքում:

 

Այդ ընթացքում որոշակի տրանսֆորմացիաներ տեղի ունեցան թուրք-ռուսական եւ թուրք-ամերիկյան հարաբերության տիրույթներում: Նկատվեց թուրք-ռուսական հարաբերության որոշակի լարում, հատկապես երբ Ռուսաստանն էլ մտավ սիրիական ռազմարշավի մեջ, եւ թուրք-ամերիկյան հարաբերության որոշակի ճշգրտումներ, երբ Անկարան ստիպված էր համաձայնել իր տարածքը ԻԼԻՊ օդային հարվածների համար ԱՄՆ օդանավերին  տրամադրելուն:

 

Այդ տրանսֆորմացիաները փաստացի օգնեցին Էրդողանին մի քանի ամիս անց վերականգնել իր մեծամասնությունը: Բայց, իհարկե բաց է հարցը, թե ինչպես կզարգանա իրադրությունը Թուրքիայում Էրդողանի նոր մեծամասնության պայմաններում: Հունիսից-նոյեմբեր տրանսֆորմացիաների առանձնահատկությունն այն էր նաեւ, որ Թուրքիայում տեղի ունեցան մի շարք ահաբեկություններ, որոնցից վերջինն ու ամենաողբերգականը շաբաթներ առաջ Անկարայում տեղի ունեցած ահաբեկությունն էր՝ քրդերի դեմ, որոնք պատրաստվում էին բողոքի ակցիայի: Այն խլեց մոտ 100 կյանք:

 

Ինչ է սպասվում Թուրքիային Էրդողանի կուսակցության հաղթանակի եւ գերնախագահական կառավարման հնարավորության պայմաններում՝ ներքին կայունության վերականգնու՞մ, թե՞ հակառակը՝ ապակայունացման նոր ալիք, երբ խորհրդարանում իրենց շոշափելի ներկայացվածության ակնկալիք ունեցող քրդերը, օրինակ, փաստորեն զրկվելով այդ հեռանկարից, կարող են ձեռնամուխ լինել Թուրքիայի կառավարության դեմ առավել կոշտ մեթոդների:

 

Միաժամանակ, մեծ է հավանականությունը, որ էլ ավելի կոշտ կլինեն Էրդողանի պատասխան գործողությունները, որոնք փաստացի արդեն ամրագրված կլինեն խորհրդարանի ընտրության հաղթանակով:

 

Շատ բան պայմանավորված կլինի նրանով, թե Էրդողանն ինչ գնով է ձեռք բերել այդ հաղթանակը, ինչ ներքին եւ արտաքին գործոնների աջակցությամբ, ինչպիսի դերակատարում են ունեցել այդ հարցում համաշխարհային ուժային կենտրոնները, ինչքանով է գնի մեջ ներառվում «սիրիական բաղադրիչը»:

 

Հարցերի շրջանակն իհարկե լայն է եւ հնարավոր չէ միարժեք գնահատել՝ Էրդողանը խորհրդարանի մեծամասնությամբ ավելի շատ ձեռք է բերել, թե՞ ստիպված է եղել ավելի շատ զիջել այդ մեծամասնությունը ստանալու համար: Եվ արդյոք նա կկարողանա մեծամասնությունը ստանալուց հետո ինչ որ կերպ հետ բերել դրա համար հնարավոր զիջածը:

 

Մի բան թերեւս անվիճելի է. Թուրքիայի խորհրդարանի ընտրության նոյեմբերի 1-ի արդյունքը ընդհանուր առմամբ անսպասելի էր, համենայն դեպս հայաստանյան տիրույթի համար, որովհետեւ այստեղ կարծես թե սպասումները լիովին հակառակն էին եւ համենայն դեպս բոլորը խոսում էին այն մասին, որ ընտրությունից առաջ Էրդողանն ունի ահռելի խնդիրներ եւ շատ դժվար կլինի վերցնել մեծամասնությունը: Փաստն այն է, որ Էրդողանը մեծամասնությունը վերցնում է, դրանով ցույց տալով, որ բավական կենսունակ քաղաքական գործիչ է, որը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում կանգնելով իսկապես ահռելի ծավալի խնդիրների առաջ, առայժմ կարողանում է հաղթահարել դրանք:

 

Եվ այդ պայմաններում, նոյեմբերի 1-ին նրա հաղթանակը մարտահրավեր է Հայաստանի համար, հատկապես ներկայիս աշխարհքաղաքական եւ տարածաշրջանային իրողությունների պայմաններում: Առավել հատկանշական է այն, որ Թուրքիայի խորհրդարանի ընտրության վերաբերյալ հայաստանյան դիտարկումներում գրեթե բացակայել է իրադարձության զարգացման այն հավանականությունը, որ տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին:

 

Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում փորձագիտական, հետազոտական հարթության վրա թուրքական իրականությունը չի տիրապետվում բավարար խորությամբ եւ հանգամանալիությամբ: Այդ հանգամանքն էլ հարցեր է առաջացնում կապված այն բանի հետ, թե ինչ հիմքերի վրա է ձեւավորվում պաշտոնական Երեւանի քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ, եթե իհարկե այդ քաղաքականությունը կա կամ ընդհանրապես ձեւավորվում է Երեւանում:

 

Օրերս Հայաստանի օդային սահմանին տեղի ունեցած միջադեպը, երբ Հայաստանի օդային տարածքը խախտել էին թուրքական ռազմական ուղղաթիռները, եւ այդ միջադեպի արձագանքները կամ դրանց փաստացի բացակայությունը վկայեց, որ Թուրքիայի հանդեպ քաղաքականության մասով Երեւանն ունի խնդիրներ, առնվազն ինքնուրույնության խնդիրներ:

 

Թուրքիայի հանդեպ քաղաքականության մասով Հայաստանում առավել տեսանելին ապոկալիպտիկ սպասումներն են, որոնք հիմնված են առավել զգայական եւ վիրտուալ դատողությունների, քան իրական տեղեկատվության եւ խնդրի հանգամանալից տիրապետման վրա: Մյուս կողմից, երբ չկա ինքնուրույն պետական քաղաքականություն, մնում է վակուումը լրացնել ապոկալիպտիկ սպասումներով: Դրա հետեւանքով վակուումն իրականում ավելի է խորանում:

 

Դժվար է ասել, թե Հայաստանի շահի տեսանկյունից ինչ Թուրքիա է ավելի շահեկան՝ կայուն, թե անկայուն Թուրքիա: Այստեղ գործոնները շատ են եւ բազմազան: Դրանց մի մասը հաշվի առնելով նախընտրելի կարող է դիտվել անկայուն, ներքին լարվածությամբ Թուրքիան, իսկ մեկ այլ մասից ելնելով նախընտրելի կարող է լինել կայուն Թուրքիան, թեկուզ Էրդողանի խորհրդարանական հաղթանակով:

 

Առանցքայինը թերեւս այն է, որ Հայաստանի համար Թուրքիան լինի առավելագույնս ճանաչելի եւ կանխատեսելի՝ թե կայուն, թե անկայուն զարգացումների մասով, որ Հայաստանն այդ տեսանկյունից տիրապետի «թուրքական» հնարավոր սցենարներին եւ ունենա դրանց պատրաստ լինելու իր սցենարները՝ հենց իր: Եվ ավելին, Հայաստանը ոչ միայն պատրաստ լինի հնարավոր մարտահրավերներին դիմակայելու, այլ նաեւ կարողանա հասնել այն պատրաստվածության, երբ կկարողանա թուրքական սցենարների հավանական ուղղություններին եւ բնույթին տիրապետելու շնորհիվ օգտագործել դրանք «թուրքական» ուղղությամբ իր քաղաքական նախաձեռնություններում:

-lragir.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն