«Ուկրաինայի նացիոնալիստները և ԻԼԻՊ ահաբեկիչները կառավարվում են մեկ կենտրոնից». Պետդումայի պատգամավոր


«Ուկրաինայի նացիոնալիստները և ԻԼԻՊ ահաբեկիչները կառավարվում են մեկ կենտրոնից». Պետդումայի պատգամավոր

  • 04-11-2015 13:46:28   | Ռուսաստան  |  Վերլուծություն

Հոկտեմբերի 25-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսաստանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր մեկնաբանություն է արել՝ զուգահեռ անցկացնելով Ուկրաինայում և Սիրիայում կատարվող իրադարձությունների միջև։ Այս մասին հայտնի է դարձել Ռուսաստանի պատվիրակության անդամ, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշչենկոյի խոսքերից։ Ըստ նրա՝ Ասադը նշել է, որ «թեև երկրները տարբեր են», բայց դրանցում կատարվողի ճարտարապետը մեկն է»։ «Ուկրաինայի նացիոնալիստները և ԻԼԻՊ ահաբեկիչները կառավարվում են մեկ կենտրոնից»,- նշել է Յուշչենկոն՝ մեջբերում կատարելով Սիրիայի նախագահի ասածից։ Այնինչ հայտնի է, որ Ուկրաինայում կան ուժեր, որոնք անթաքույց համակրում են սիրիական ընդդիմությանը։ «Лента.ру»-ն հիշում է, թե ինչ արմատական իսլամիստական խմբավորումներ են գործում Ուկրաինայի տարածքում։
 
Համայնքները
Իսլամական արմատական և ծայրահեղական խմբավորումներն Ուկրաինայում աշխատելու հնարավորություն են ստացել դեռևս նախագահ Վիկտոր Յուշչենկոյի օրոք։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայում նման կազմակերպությունների, ավանդական իսլամի քարոզիչների առաջացմանը կամ պարզապես դրա ազդեցության ուժեղացմանը նպաստող որևէ պայման չկար։ Ուկրաինայում այդ պահին կար ոչ ավելի, քան կես միլիոն մուսուլման, որոնց երկու երրորդն ապրում էր Ղրիմում, մոտավորապես 50-60 հազարը՝ Կիևում։ Ուկրաինայի մնացած մուսուլմաններն ապրում էին Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի մարզերում։ Խոշոր համայնք պահպանվում է Օդեսայում, բայց այդ քաղաքը գրավիչ է ծայրահեղական կազմակերպությունների համար նավահանգստի, մշտական միգրացիայի և այն ամենի պատճառով, ինչը կապված է դրա հետ։
 
Մուսուլմանների թվաքանակի ավելացումն ալիքաձև չէր ընթանում, այլ, ավելի շուտ՝ դիֆուզ կերպով. բնականորեն ավելանում էր Ուկրաինայի քաղաքացիների թիվը, որոնք հայտարարում էին «ըստ ծագման» իրենց դավանանքի մասին։ Այսինքն՝ օրինակ, ավելի վաղ իրենց աթեիստ կամ ուղղափառ քրիստոնյա համարող թաթարները (ոչ թե Ղրիմի, այլ Կազան-վոլժսկյան ծագման), հատկապես երիտասարդությունը, իրենց պատմական և էթնիկ արմատների հանդեպ հետաքրքրության հասկանալի պայթյունի արդյունքում վերադարձան նախնիների կրոնին։ Թաթար բնակչությունը խորհրդային ժամանակներում կենտրոնացած էր Դոնբասում՝ շրջանի արագ տնտեսական աճի պատճառով։ Օրինակ, խոշոր մզկիթ և նրան կից գործող Իսլամական մշակութային կենտրոն (ԻՄԿ) կա Կոնստանտինովկայում (Դոնեցկից Սլավյանսկ տանող կիսաճանապարհին, այժմ ՈւԶՈւ վերահսկողության տակ է)։
 
Խոշոր մզկիթներ կան Լուգանսկում և Դոնեցկում («Ալ-Ամալ»), ընդ որում՝ մինչև մարտական գործողությունների սկսվելը Նովոռոսիայում դրանք, ուկրաինական չափանիշներով, բավական ակտիվ գործունեություն էին վարում։ Այսպես, Լուգանսկի մզկիթի հիման վրա 2011թ. անցկացվեց «գիտալուսավորչական քարավան»՝ «Մուհամեդը ողորմածություն է աշխարհների համար» կարգախոսով։ Խարկովի մզկիթում տեղի ունեցան սեմինարներ «ակտիվ մուսուլմանների համար»՝ ըստ շարիաթի դրույթների։ Այստեղ պետք է ընդգծել, որ այդ հարաբերականորեն հին մուսուլմանական համայնքներն իրենց ձևավորումից մինչև վերջին ժամանակներս խանաֆիական մազհաբի ավանդական սուննի դավանողներ էին, ինչը պատմականորեն բնորոշ էր ամբողջ Ռուսաստանի մուսուլմաններին։
 
Բարգավաճումը
Ուկրաինայում մուսուլմանների աճի երկրորդ աղբյուրը դարձավ ուկրաինացիների հայտնվելը հենց ծայրահեղական և արմատական խմբերի պրոպագանդայի և ագիտացիայի ազդեցության տակ։ Այստեղ որպես քրեստոմատիական օրինակ սովորաբար հիշում են Վլադիմիր Խոդովի՝ 2004թ. սեպտեմբերի 1-ին Բեսլանի դպրոցի զավթման ամենադաժան և ամենահայտնի մասնակիցներից մեկի պատմությունը։ Հակառակ Օսիայում տարածված կարծիքի՝ նրա երակներում ոչ մի կաթիլ օսական արյուն չէր հոսում, իսկ Խոդովը նրա խորթ հոր ազգանունն էր, որը նրան որդեգրել էր երեք տարեկանում։ Վլադիմիրը ծնվել է ուկրաինական Բերդյանսկում, իսկ Օսիայում ապրել է մինչև 19 տարեկանը։
 
Շատ ավելի կարևոր է, որ 2004թ. հեղափոխությունից հետո Ուկրաինայում ցանկալի հյուր էր «Հիզբ ութ-Թահրիր» արմատական կուսակցությունը։ Դեռ 2007թ. նրանք լետալ կոնֆերանսներ և համագումարներ էին անցկացնում Ղրիմում և Օդեսայում։ Տվյալներ կան, որ տարբեր ժամանակներում Օդեսա էին գալիս այդ կազմակերպության առաջնորդները, որոնք գտնվում էին ամենահետախուզվող ահաբեկիչների ցուցակներում, և Թալիբանի ղեկավարությունը։ Անգամ գոյություն ունի լուսանկար Օդեսայում, որտեղ ներկա է մեկը, որը նման է մոլլա Օմարին։
 
Յանուկովիչի օրոք իրավիճակը կտրուկ փոխվեց։ Օդեսայում 2012թ. մայիսի 30-ին ձերբակալվեցին «Ուղիղ ճանապարհ» ահաբեկչական արմատական խմբավորման անդամները։ Դրա ղեկավարներն էին արաբական ծագմամբ Ուկրաինայի քաղաքացիներ՝ եգիպտացի Օդա Խալեդը («Աբդուլքարիմ») և սիրիացի Մասրի Մուհամեդը (վերջինիս սիրիական ծագումը հարցեր է առաջացնում, քանի որ նրա անունը՝ «միսր», նշանակում է «Եգիպտոս»)։ Ջրատարների փողոցում վարձակալված գրասենյակում նրանք կազմակերպել էին մի ամբողջ աղոթատուն, որտեղ ապրում էին տասնյակ չգրանցված արտասահմանցի քաղաքացիներ, պահվում էր ծայրահեղական գրականություն, պայթուցիկ և նռնակներ։ Ուկրաինայի մուսուլմանների հոգևոր վարչությունը («ումմա» ՈւՄՀՎ) նրանցից հրաժարվել էր, բայց լիբերալ շատ գործիչներ, որոնք այդ ժամանակ գտնվում էին Յանուկովիչին ընդդիմության շարքերում, նետվեցին պաշտպանելու «դավանանքի ազատությունը»։ Սալաֆիների Օդեսայի կազմակերպության վերացումը մատուցվեց որպես համարյա թե դեմոկրատական իրավունքների վրա հարձակման գիտակցական տարր։
 
Ի դեպ, Ուկրաինայի չափավոր մուսուլմանական համայնքները երկար ժամանակ կենտրոնացված ոչ մի ղեկավարություն չեն ունեցել հիմնականում Ղրիմ-թաթարական շարժման այն ժամանակվա դիրքորոշման պատճառով։ Այդ շարժման ոչ այնքան կրոնական ղեկավարները, սակայն, հաճույքով ֆինանսական օգնություն էին ստանում ումից ասես։ Արդյունքում՝ Ռուսաստանում չճանաչված մեջլիսը և նրա ղեկավարները դարձան Ուկրաինայի մուսուլմանների կարծիքի գրեթե հիմնական արտահայտողները՝ աստիճանաբար զավթելով դիրքեր նաև ավանդական համայնքներում։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայում մզկիթների և ԻՄԿ-ների շինարարության խոշոր հովանավորները բոլոր ժամանակներում եղել են սաուդյան և կատարյան «բարեգործական հիմնադրամները»՝ «Նուրը», «Անսարը» և «Ալհարամեյնը», որոնք արգելված էին Ռուսաստանում դեռևս երկրորդ չեչենական կամպանիայի ժամանակներից՝ որպես զինյալների հիմնական ֆինանսավորողներ։
 
Միանձնյա ղեկավարություն
Ուկրաինայի մասնատված մուսուլմանական կառույցներն այդպես էլ չկարողացան ձևավորել մի ինչ-որ միանձնյա ղեկավարություն այնքան ժամանակ, քանի դեռ չէր ստեղծվել «Ալռաիդ» հիմնադրամը (արաբերեն դա բոլորովին այլ կերպ է հնչում, դա պարզապես Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ուկրաինական՝ կյուրեղյան գրության տարբերակն է), որը միավորեց պաշտոնապես գրանցված ԻՄԿ-ները։ Հիմա հենց «Ալռաիդն» է օգտվում Կիևի իշխանությունների պաշտոնական աջակցությունից և, ըստ էության, կատարում է Ուկրաինայի մուսուլմանների քաղաքական թևի դեր՝ ներգրավված լինելով կիևյան քաղաքականության մեջ։
 
«Ալռաիդի» ներկայացուցիչներն, օրինակ, կանոնավորապես մարտի 15-ին թողարկում են «շնորհավորանքներ» Ուկրաինայի մուսուլմաններին՝ Սիրիայում «հեղափոխության սկսման» տարելիցի առիթով։ «Մոտեցել է Ասադի դիկտատորական ռեժիմի դեմ Սիրիայի ժողովրդի հերոսական ապստամբությունն սկսելու տարելիցը։ Դիկտատորը հաշվարկը կատարում է սիրիացիներին կրոնական և ազգային հատկանիշներով բաժանելու վրա, փորձ է արվում միմյանց դեմ լարել սուննիներին, ալավիներին, քրիստոնյաներին, քրդերին։ Թող Բարձրյալը շուտափույթ ազատագրում շնորհի սիրիացի ժողովրդին»,- ասվում է դրանցում։
 
Միևնույն ժամանակ, «Ալռաիդի» ղեկավարությունը, որն իրեն մի շարք փաստաթղթերում անվանում է «ումմա», այսինքն՝ մուսուլմանների ամբողջություն, քանիցս հանդիպել է Սաուդյան Արաբիայի ուլեմների խորհրդի հետ, որը բացահայտ պաշտպանում է Սիրիայում առավել ծայրահեղական ուժերին։ Իսկ Նիկոլաև քաղաքի իմամ-խաթիբ ոմն Ռուսլան (առանց ազգանվան և որևէ այլ տվյալների) դեռևս այս տարվա գարնանը հայտարարում էր, թե «իսլամի մեջ ծայրահեղական հոսանքներ չկան»։
 
Միևնույն ժամանակ, ծայրահեղական խմբավորումներն Ուկրաինայում առանձնապես ուշադրություն չեն դարձնում ավանդաբար իսլամ դավանող ժողովուրդների, որպես կանոն՝ միգրանտների բնակության համար լոկալ սեկտորներ ձևավորելուն։ Բախումներն ազգային հողի վրա (օրինակ, Կրիվոյ Ռոգի ադրբեջանական համայնքի շուրջ) գրեթե աննկատ մնացին մուսուլման առաջնորդների կողմից, բայց լայնորեն օգտագործվեցին ուկրաինացի նացիոնալիստների կողմից։ Այսինքն՝ իրենց հիմնական գործառույթը՝ մուսուլմանական ումմայի կերակրումը, այդ կառույցները և կազմակերպությունները չեն կատարում՝ իրենց հավատակիցներին առանց աջակցության թողնելով։ Իսկ հիմնական էներգիան ծախսվում է առավել ռադիկալ և սոցիալական ու տնտեսական հանգամանքներում խճճված բնակչության խմբերի հավաքագրման վրա, այդ թվում ուղղափառների և հույն-կաթոլիկների շրջանում։
 
Հավաքագրումը
2013թ. հունվարին ՈւԱԾ-ն և ՆԳՆ-ն Ղրիմում նախաձեռնում են մասշտաբային գործողություն «Հիզբ ութ-Թահրիր»-ի դեմ։ Սաքի-Սուդակ-Բելոգորսկ եռանկյունում հայտնաբերվել են մարզաճամբարներ, զինամթերքի գաղտնարաններ և խափանարար գրականություն։ Եվ նորից պայքարն իսլամական արմատականության և ծայրահեղականության դեմ առաջ է բերում կտրուկ հակազդեցություն մտավորականության և քաղաքական շրջանակների եվրոպամետ մասի կողմից, որոնք հիմա գտնվում են Կիևի իշխանությունում։ Ծայրահեղականների դեմ գործողություններն այդպես էլ չհասցվեցին մինչև վերջ։ Ղրիմի թաթարների առաջնորդներ Ջեմիլևը և Չուբարովը բացահայտ սպառնում էին հուզումներ հրահրել Ղրիմում, եթե գործողությունն ընդդեմ արմատականների չդադարեցվի, և ձերբակալվածները՝ բաց չթողնվեն։
 
Արմատականների և եվրաինտեգրման կողմնակիցների կենտրոնացված և փոխադարձ աջակցությունը բացատրվում է բավական պարզ։ Ուկրաինացի քաղաքագետ և միևնույն ժամանակ՝ «Ալռաիդի» ղեկավարներից Ռինաթ Մուհամետովը պնդում է, որ ուկրաինացի մուսուլմաններն «աջակցել են մայդանին», որովհետև «իսլամի զարգացումը հիմա չի կրում հետխորհրդային բնույթ»։ «Դա արդեն ավելի մոտ է Եվրոպային, իսլամի այն մոդելին, նրան, թե ինչպես են ապրում և աշխատում հանուն իրենց կրոնի մուսուլմաններն Արևմուտքում։ Իհարկե, նրանք դեռ բավական հեռու են եվրոպական մակարդակից, բայց միտումն ակնհայտ է։ Ուկրաինայում մենք տեսնում ենք այն իսլամի գծերը, որն առկա է այսօր Եվրոպայում՝ սոցիալական, քաղաքացիական, բացահայտ, մտավոր, արդիական, զարգացած արևմտյան մշակույթի, մոդելների և տեխնոլոգիաների տարրերով։ Արևմտյան՝ լավագույն իմաստով։ Ուկրաինացի մուսուլմաններն արդեն մեզանից առաջ են անցել, թեև ավելի վատ դիրքերից էին սկսել»,- ասել է նա իր ելույթներից մեկում։
 
Այս արտահայտության մեջ ոչինչ չկա իրական իսլամից, այդ թվում և եվրոպական իսլամից, այլ միայն «Украіна - цє Європа» հին կարգախոսի կրկնությունն է, և առաջին հայացքից՝ ոչինչ չկա արմատական իսլամից։ Եվ այդ նույն ՈւՄՀՎ և «Ալռաիդ» կառույցներն են կրկնում ագիտացիայի հակառուսական գրեթե ցանկացած ձև («մուսուլմանների իրավունքների ոտնահարում Ռուսաստանում», «գաստարբայթերների փախուստ Մոսկվայից», «մուսուլմանական դպրոցների փակում», «նիկաբով կանանց հետապնդում»)՝ լիովին համերաշխ լինելով արդի պետական նախագծի հետ։
 
Ուստի, զարմանալի ոչինչ չկա, որ Սիրիայում ռուսական գործողությունն սկսվելուց հետո Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն առաջարկեց «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության համար տեղեկատվություն հավաքել ռուսաստանցի զինվորականների մասին, որոնք մասնակցում են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարին, իսկ պաշտոնական իշխանությունները, թեև ոչ բացահայտ, բայց սատարեցին այդ նախաձեռնությանը։ Կիևը լիովին կարող է օգտագործել Անվտանգության և պաշտպանության ազգային խորհրդից պաշտոնական մուսուլմանական կազմակերպությունների կախվածությունը և բազմամյա ոչ պաշտոնական կապերն իսլամական աշխարհի առավել արմատական կազմակերպությունների հետ։
 
Չկան ճշգրիտ տվյալներ այն մասին, թե Ուկրաինայի քանի քաղաքացի է մեկնել «ծառայելու» ԻՊ-ում։ Փոխարենը հայտնի է, որ զգալի է Ուկրաինայից տարբեր պատճառներով և պատրվակներով ԻՊ մեկնող երիտասարդ կանանց տոկոսը։ Հավաքագրման (վերբովկայի) այս ամբողջ գործողությունը լեգալ է, ընդ որում՝ Ուկրաինայի մուսուլմանական առաջնորդներն այդ «լեգալությունը» համարում են արդի ուկրաինական իշխանությունների արժանիքը՝ «դավանանքի և ընտրության այդ ազատությունն» ուղղակիորեն հակադրելով Ռուսաստանին, որտեղ ԻՊ-ը, «Հիզբ ութ-Թահրիրը» և այլ կառույցներ արգելված են օրենքով՝ որպես ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպություններ։
 
Ալեքսեյ Սանին
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն