Իրանը հաղթահարում է հետամնացությունը


Իրանը հաղթահարում է հետամնացությունը

  • 06-11-2015 11:47:31   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար, գեներալ Հերցի Հալևին պնդում է, որ Իսրայելը և Իրանը ներկա պահին գտնվում են տեխնոլոգիական պատերազմի վիճակում, և իսլամական հանրապետությունը հաջողությամբ հաղթահարում է հետամնացությունը։ Նրա մտքերն այս առնչությամբ հրապարակվել են «Հաարեցի» կիրակնօրյա թողարկման մեջ։
 
«Եթե ինձ հարցնեք, թե պատերազմ կլինի արդյոք Իրանի հետ առաջիկա 10 տարիներին, իմ պատասխանը ձեզ շատ կզարմացնի. մենք արդեն Իրանի հետ պատերազմի վիճակում ենք։ Մենք տեխնոլոգիական պատերազմ ենք վարում, որտեղ մեր ինժեներները պայքարում են իրանցի ինժեներների հետ»,- ասել է գեներալ Հալևին կառավարիչների և ներդրողների քոլեջի ուսանողների համար կարդացած փակ դասախոսությունում։
 
Պատերազմն, ըստ Հալևիի, վարվում է հետախուզության մակարդակով, մարտավարման նոր միջոցների մշակման մակարդակով, բանակի հնարավորությունների մակարդակով։ «Այսօրվա դրությամբ մենք գերազանցություն ունենք,- ասում է գեներալը։- Բայց Իրանը կրճատում է մեզ բաժանող տարածությունը։ 1979-ից Իրանը շատ է փոխվել. համալսարանների և ուսանողների թիվն այդ երկրում ավելացել է 20 անգամ։ Իսրայելում այդ ընթացքում այն ավելացել է ընդամենը 3,5 անգամ»։
 
Հալևին նշել է, որ Իրանի բուհերում հատուկ տեղ են զբաղեցնում մաթեմատիկան, ֆիզիկան, տեխնիկական և բնական գիտությունները։ «Մենք արդեն պատերազմ ենք վարում Իրանի հետ, և այդ պատերազմը շատ կարևոր է»,- ամփոփել է նա։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը