Չինական արժեքները կմրցակցեն արևմտյանների հետ


Չինական արժեքները կմրցակցեն արևմտյանների հետ

  • 10-11-2015 03:26:31   | Ռուսաստան  |  Վերլուծություն
 
Ալեքսանդր Լոմանով
 
Ա.Վ. Լոմանով – պատմագիտության դոկտոր, ՌԳԱ Հեռավոր Արևելքի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, «Россия в глобальной политике» ամսագրի գիտախորհրդատվական խորհրդի անդամ
 
Ամփոփագիր. Արևմուտքում Չինաստանի կողմից այլընտրանքային արժեհամակարգի ստեղծման հնարավորության մասին միտքը լուրջ չեն ընդունում։ Ռուսաստանը դրան պետք է ավելի սթափ նայի։ Պեկինը լրջորեն պատրաստվում է հավակնել արժեքային ազդեցության, առնվազն սեփական շրջագծում։
 
Չինաստանի աճող վճռականությունը զայրացնում է Արևմուտքին, սակայն չինական «այլընտրանքային աշխարհակարգի» ստեղծման հնարավորությունները բարձր չեն գնահատվում։ Այլ աշխարհակարգ ստեղծելու համար հարկավոր է քաղաքական արժեքների այլ ամբողջություն ունենալ։ Եթե ելնենք այն բանից, որ Չինաստանը չունի գաղափարախոսություն և արժեքներ, որոնք գրավիչ կլինեն ուրիշ երկրների համար, դժվար չէ եզրակացնել, որ այդ երկիրը հնարավորություն չունի հավակնելու սեփական միջազգային օրակարգի։
 
Սակայն Պեկինը դասեր է քաղել «փափուկ ուժի» արևմտյան հայեցակարգից։ Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո պաշտոնական գաղափարախոսության մեջ առաջատար տեղ գրավեց չինական արժեքների համակարգման և պրոպագանդման աշխատանքը։
 
Ծառը հանգիստ է ուզում, բայց քամին չի դադարում
Չինացի վերլուծաբանները ելնում են այն բանից, որ երկրի տնտեսական և միջազգային-քաղաքական վերելքը տեղի է ունենում լիբերալիզմի վրա կառուցված արևմտյան դիսկուրսիվ համակարգի գլոբալ գերիշխանության պայմաններում։ Չինաստանը մերժում է այդ համակարգի ունիվերսալության հավակնությունները և չի պատրաստվում լինել նրա ժառանգորդն ու պաշտպանը։ Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի նախագահ Վան Վեյգուանը վստահ է, որ բոլոր արժեքային հայեցակարգերը կրում են պատմական և կոնկրետ բնույթ։ Հավերժական, անփոփոխ և աբստրակտ արժեքներ չկան։ Ազատության, դեմոկրատիայի, մարդու իրավունքների, արդարության հասկացություններն ունեն կոնկրետ սոցիալ-քաղաքական բովանդակություն, որը փոխվում է տնտեսական և հասարակական պայմանների փոփոխությունների հետևից։
 
Վան Վեյգուանն ընդգծել է, որ Արևմուտքը սեփական արժեքները մատուցում է որպես «համընդհանուր», ազատության, դեմոկրատիայի և մարդու իրավունքների իր մեկնությունն անվանում է ունիվերսալ, այն առաջ է մղում ամենուրեք, կուլիսների հետևում կազմակերպում է «գունավոր հեղափոխություններ», փորձում է խափանել և տապալել քաղաքական իշխանությունն այլ պետություններում։ Բարձրաստիճան փորձագետի կարծիքով՝ Չինաստանում և նրա սահմաններից դուրս կան թշնամական ուժեր, որոնք «համընդհանուր արժեքների» ցուցանակի ներքո անվանարկում են Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը (ՉԿԿ), չինական առանձնահատկությամբ օժտված սոցիալիզմը և գերիշխող գաղափարախոսությունը։ Այդ ուժերն ուզում են արևմտյան արժեքային հայեցակետերի օգնությամբ փոխել Չինաստանը, որպեսզի չինացի ժողովուրդը «նորից վերածվի որոշ զարգացած երկրների գաղութի»։ Վերջին նկատառումը հիշեցնում է այն մասին, որ արևմտյան ճնշումից պաշտպանվելու խնդիրը Չինաստանի համար ծագել է XIX դարակեսին, «ափիոնային պատերազմներում» կրած պարտություններից հետո։
 
Իմպերիալիստական տերությունների գաղութատիրական քաղաքականության մասին հիշողությունները միահյուսվում են երկու համակարգերի դիմակայության թեզին։ «Խունցի վենգաո» ամսագրի գլխավոր խմբագիր Չժան Սիլին կարծում է, որ գաղափարախոսական պայքարը անկում ապրող արևմտյան հեգեմոնիայի հետ ավելի կսրվի։ Նրա կարծիքով՝ Չինաստանի և Արևմուտքի միջև մրցակցություն կծավալվի համաշխարհային ասպարեզում դիսկուրսիվ իշխանության համար։
 
«Ծառը հանգիստ է ուզում, բայց քամին չի դադարում»,- ասում է Չժան Սիլին՝ ընդգծելով, որ Սառը պատերազմի ավարտից հետո Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, զենքն ուղղել է սոցիալիստական Չինաստանի դեմ։ Հենվելով ռազմական հզորության և «փափուկ ուժի« վրա՝ նրանք ստեղծում են «գաղափարախոսական ծխածածկույթ», լարում են «դիսկուրսիվ ծուղակ», առաջ են մղում իրենց արժեքները, Չինաստանին մղում են հրաժարվել իր ճանապարհից, կարգից և գաղափարախոսությունից. «Կարելի է սպասել, որ Չինաստանում սոցիալիզմի նորանոր հաղթանակներից, նրա միջազգային ազդեցության աճից հետո արևմտյան հեգեմոնիստական ուժերն իրե՛նք չեն հրաժարվի ղեկավարող տեղից։ Սոցիալիզմի և կապիտալիզմի մրցակցությունը չի վերացել, ընդհակառակը, «ավելի սուր» է դառնում։
 
Լայնորեն տարածվել է «թիվ 9 փաստաթուղթը», որը թողարկել է ՉԿԿ Կենտկոմի Գրասենյակը 2013թ. ապրիլին։ Տեքստը նախատեսված չէ բաց հրապարակման համար, բայց փաստաթղթի մասին հայտնի է դարձել հոնկոնգյան լրատվամիջոցներում տեղեկության արտահոսքի պատճառով։ Սեղմ ձևով դրանում նշված են չինական իշխանությունների համար ամենազգայուն գաղափարախոսական խնդիրները։
 
Տեքստում առանձնացված է յոթ հարց, որոնք գերակա ուշադրություն են պահանջում։ Առաջին տեղում «արևմտյան սահմանադրական դեմոկրատիայի պրոպագանդան» է, ներառյալ երեք իշխանությունների բաժանման, բազմակուսակցականության, համընդհանուր ընտրությունների, անկախ դատարանի, պետությանը բանակի ենթակայության (Չինաստանում «կուսակցությունը ղեկավարում է հրացանով») գաղափարները։ Այս գաղափարներն ուղղված են «չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի քաղաքական կարգի մերժմանը»։ Երկրորդ տեղում «համընդհանուր արժեքների պրոպագանդան է»։ Դրանց կողմնակիցները պնդում են, որ արևմտյան ազատությունները, դեմոկրատիան և մարդու իրավունքները համընդհանուր են և հավերժ՝ խեղաթյուրելով այդ արժեքների չինական ընկալումն ու խափանելով ՉԿԿ կառավարման գաղափարական-տեսական հիմքը»։ Երրորդ խնդիրը քաղաքացիական հասարակության պրոպագանդան է, այն պնդումները, որ մարդու իրավունքները բարձր են ամեն ինչից և պետությունը չի կարող միջամտել հանրային կառավարմանը։ «Նեոլիբերալիզմի պրոպագանդան» փաստաթղթում մեկնաբանված է որպես «Չինաստանի բազային տնտեսական կարգը փոխելու» ձգտում համատարած մարկետացման և մասնավորեցման ուղղությամբ՝ «շուկայի ամենազորության», տնտեսական մակրովերահսկողության պետական քաղաքականության ժխտման, պետձեռնարկությունների դեմ պայքարի (դրանց «մոնոպոլիզմի» և «անարդյունավետության» պատրվակով) օգնությամբ։ «ԶԼՄ-ի հանդեպ արևմտյան մոտեցման պրոպագանդան»՝ «տեղեկատվության ազատության», «հանրային գործիքի» և «չորրորդ իշխանության» կարգախոսների օգտագործմամբ, մարտահրավեր է նետում «ԶԼՄ կուսակցական կառավարման սկզբունքներին, հրատարակչական և նորությունների գործին»։ «Պատմական նիհիլիզմի պրոպագանդան» ուղղված է ՉԿԿ-ի և ՉԺՀ-ի պատմության խեղաթյուրմանը։ Այս տեսակետն արտահայտողները հեղափոխության մեջ միայն ավերածություն են տեսնում, սոցիալիստական ճանապարհն անվանում են շարժում «սխալ ուղղությամբ», ՉԿԿ պատմական դերի արմատական ժխտումից անցում են կատարում «նրա երկարաժամկետ կառավարման լեգիտիմության» ժխտմանը։
 
Եվս մեկ խնդիր կապված է բարեփոխումների և բացության քաղաքականությունը կասկածի ենթարկելու հետ։ Վերափոխումներն անվանում են «չափազանցված», «կտրված սոցիալիստական ուղղությունից», պնդում են, որ բարեփոխումների արդյունքում ստացվել է «կապիտալիստական սոցիալիզմ», «պետական սոցիալիզմ», «նոր բյուրոկրատական կապիտալիզմ» (1940-ական թթ. երկրորդ կեսին ՉԿԿ-ն իշխանության համար պայքարում էր գոմինդանյան «բյուրոկրատական կապիտալիզմի» քննադատության կարգախոսներով)։ Թեև այս ձևակերպումները ցույց են տալիս Չինաստանի զարգացման քննադատությունը ձախ գաղափարախոսության դիրքերից, բայց հենց այստեղ էլ հիշատակվում է արևմտյան չափանիշների օգտագործումը քաղաքական և տնտեսական բարեփոխման կապը գնահատելիս, որը հանգեցնում է բարեփոխական ուղղության և չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի լիակատար մերժմանը։
 
Իշխանություններին տագնապեցնող գաղափարների ներկապնակը՝ սահմանադրական դեմոկրատիա, «համընդհանուր արժեքներ», «քաղաքացիական հասարակություն, տնտեսական նեոլիբերալիզմ, ԶԼՄ վերահսկողության վերացում, կուսակցության և պետության պատմության քննադատական վերիմաստավորում, կասկածներ սոցիալիզմի գաղափարներին վերևների հավատարմության մեջ, հիմնականում հիշեցնում է 1980-ական թթ. երկրորդ կեսի խորհրդային հասարակական-քաղաքական բանավեճերը։ Չցանկանալով կրկնել ԽՍՀՄ ճակատագիրը՝ Չինաստանի ղեկավարությունը սահմանափակումներ է մտցնում «արևմտյան արժեքների» տարածման հանդեպ։
 
Այս ցուցակն ի հայտ է եկել Սի Ցզինպինի իշխանության գալուց կես տարի հետո։ Թվարկված հայեցակետերի մեծամասնությունն առկա էր չինական ինտելեկտուալ տարածքում 1990-ականներից, դրանք առանձին-առանձին նախկինում էլ քննադատության առարկա են դարձել։ Նորությունը ամբողջական պատկերացում կազմելու փորձն էր այն բանի մասին, թե ինչ է տեղի ունենում Չինաստանի գաղափարական-տեսական հարթությունում քաղաքական համակարգի կայունության տեսակետից։
 
Այդպես մի ասեք Չինաստանի մասին
Գաղափարախոսական աշխատանքի ակտիվացման և բաց լինլու քաղաքականությունը շարունակելու միջև կոնֆլիկտի հնարավորությունը հաստատվեց 2015թ. սկզբին։ Հունվարի 29-ին «Սինհուա» գործակալությունը փոխանցեց ՉԺՀ կրթության նախարար Յուան Գույժենի բառերը. «Հարկ է ամրապնդել վերահսկողությունը արևմտյան ինքնատիպ ուսումնական ձեռնարկների օգտագործման հանդեպ, չի կարելի թույլ տալ, որպեսզի արևմտյան արժեքային հայեցակետեր պրոպագանդող ուսումնական ձեռնարկները մտնեն մեր լսարաններ»։
 
Չինական ինտերնետը բուռն արձագանքեց։ Ազդեցիկ բլոգերները նախազգուշացրին, որ հրաժարումն արևմտյան արդիական դասագրքերից վատ կանդրադառնա կրթության որակի վրա։ Ոչ առանց հեգնանքի նրանք կոչ էին անում «արևմտյան արժեքներից» պատնեշել չինական ընտրանու՝ արտասահմանում սովորող երեխաներին։ Արևմուտքում նախարարի ելույթն ընդունեցին որպես Չինաստանի՝ մտավոր ինքնամեկուսացմանը վերադառնալու նշան։
 
2015թ. փետրվարի 2-ին «Չժունգո ցզյաոյույ բաո» թերթում նախարարի հայտարարությունը ներկայացվել էր այլ կերպ. «Վճռականապես զսպել մեր համալսարաններում ուսումնական այն ձեռնարկների ներթափանցումը, որոնք պրոպագանդում են սխալ արևմտյան հայեցակետեր»։ Խոսքն արդեն ոչ թե բոլոր արևմտյան դասագրքերի, այլ միայն նրանց մասին էր, որոնք «սխալ հայեցակետեր» են պարունակում։
 
Նախարարի ելույթից հետո արևմտյան դասագրքերի վաճառքը կամ դրանց օգտագործումը սահմանափակելու փորձեր չեղան։ Սակայն մարտի կեսերին չինական շատ բուհեր հատուկ ծանուցում ստացան։ Դասախոսներին կարգադրվում էր կարճ ժամկետում լրացնել հարցաթերթիկներ՝ տեղեկացնելով այն մասին, թե արտասահմանյան ինչ ձեռնարկներ են օգտագործում նրանք, ինչ տեղ են դրանք զբաղեցնում ուսումնական գործընթացում, որտեղից են ստացվել, և ինչպես է բուհը թույլատրել դրանց կիրառությունը։ Նման թույլտվություն ստանալը դժվար չէր։ Դասախոսները լայնորեն օգտվում էին տրամադրված ազատությունից՝ ընտրելով իրենց դուր եկած արևմտյան դասագրքերը բնօրինակի լեզվով կամ թարգմանաբար։ Անցած տասնամյակում ՉԺՀ կրթության նախարարությունը համառորեն պահանջում էր ընդլայնել երկլեզվյա ուսուցումը՝ հենվելով առաջավոր արտասահմանյան դասագրքերի վրա։ «Ինտերնացիոնալացման» և «արտաքին աշխարհի հետ կապվելու» ցուցանակի ներքո չինական բարձրագույն դպրոցի դրոշակակիրները ստեղծում էին դասընթացներ արևմտյան ձեռնարկների հիման վրա (2007թ. տվյալներով՝ Ցինխուայի համալսարանում նման մոտ 500 դասընթաց կար, Պեկինի համալսարանում՝ 30)։ Ավելի հաճախ օգտագործվում են տնտեսության, սոցիոլոգիայի, կառավարման տեսության, քաղաքագիտության, հոգեբանության, ԶԼՄ տեսության վերաբերյալ արտասահմանյան դասագրքերը։
 
Չինաստանի ներսում «արևմտյան քաղաքական արժեքային հայեցակետերի» դասավանդումը սահմանափակելու կոչերը բացատրում են չինական իրականության հետ դրանց անհամապատասխանությամբ և նրանով, որ դրանց տարածումը կարող է հասարակական ցնցումներ հարուցել։ Հասարակական գիտությունների ակադեմիայի Պետության մշակութային անվտանգության հետազոտությունների և գաղափարախոսության կառուցման կենտրոնի տնօրեն Չժու Ցզիդունը պարզաբանել է, որ «արևմտյան արժեքային հայեցակետերը» չեն պարունակում «արևմտյան հասարակական գիտությունների ճիշտ գիտելիքներ»։ Խոսքը «սխալ գաղափարական հոսանքների և արժեքների մասին է՝ սահմանադրական դեմոկրատիայի, «համընդհանուր արժեքների», քաղաքացիական հասարակության, նեոլիբերալիզմի, պատմական նիհիլիզմի։
 
Իշխանությունները մտադիր են սահմանափակել բարձրագույն կրթության արևմտականացման մասշտաբները, որպեսզի ուսանողներն արևմտյան մոդելը չհամարեն միակ հնարավորը երկրի զարգացման համար։ Մեկնաբաններից մեկը բացահայտ ասել է. «Չինական բուհերը վճռականորեն թույլ չեն տա, որ ի հայտ գա Հոնկոնգի երկրորդ կամ երրորդ համալսարանը, Չինաստանը կտրականապես թույլ չի տա իրենից նախկին ԽՍՀՄ սարքել»։ Բուհերում գաղափարական աշխատանքի ամրապնդման նախաձեռնությունն ի հայտ եկավ 2014թ., հոնկոնգյան ուսանողության բողոքի ակցիաների ֆոնին։ Այդ ալիքի տարածման հեռանկարը Չինաստանի մայրցամաքային մասում ընկալվում է որպես ապակայունացման լուրջ սպառնալիք՝ խորհրդայինի նման փլուզվելու հետագա հնարավորությամբ։
 
Ուշագրավ է «Ուսուցիչ, խնդրում ենք, այդպես մի ասեք Չինաստանի մասին» բաց նամակը փիլիսոփայության և հասարակական գիտությունների դասախոսներին, որը հրապարակվել է 2014թ. նոյեմբերին «Լյաոնին ժիբաո» թերթում (ՉԿԿ հյուսիսարևելյան Լյաոնին նահանգի կոմիտեի օրգան)։ Թերթը ինտերնետում հարցում էր անցկացրել՝ «Ինչպիսի՞ն պետք է լինի Չինաստանը լսարանում», հավաքելով ավելի քան երեք հարյուր պատմություն այն մասին, թե ինչպես են դասախոսները հայհոյում Չինաստանը և երկինք հասցնում արևմտյան երկրները։ Հարցմանը մասնակցած ուսանողների ավելի քան 80%-ը հայտարարել է, թե բախվել է «փնթփնթալ սիրող» պրոֆեսորների հետ, որոնք չինական պետությունը և հասարակությունը մատուցում են սև գույնով, դա հատկապես նկատելի է իրավունքի, վարչական կառավարման, տնտեսության վերաբերյալ դասընթացներում։
 
Խնդիրն ավելի լավ հասկանալու համար «Լյաոնին ժիբաո»-ի լրագրողները դասախոսություններ են լսել հինգ տարբեր քաղաքների տասնյակ բուհերում և եկել են այն եզրահանգման, որ դասախոսներին առաջին հերթին չեն բավականացնում տեսական համոզմունքները։ Նրանցից ոմանք «ձեռ առնելով» են կարդում գաղափարական-տեսական առարկաները, մերկացնում են Մարքսի և Էնգելսի «անձնական գաղտնիքները», Մաո Ցզեդունին համեմատում են հին կայսրերի հետ, արհամարհում են ՉԿԿ տեսական նորարարությունները, կոնկրետ գործնական խնդիրները հավասարեցնում են տեսական հաշվարկներին։ Երկրորդ՝ նրանց չի բավականացնում քաղաքական համոզվածությունը։ Ոմանք ի ցույց են դնում «արտասահմանում սովորածների զգացումներ». նրանք խոնարհվում են արևմտյան «երեք իշխանությունների բաժանման» առջև, կարծում են, որ «Չինաստանը պետք է ընթանա արևմտյան ճանապարհով, անթաքույց քննադատում են Կենտկոմի քաղաքականությունը, չափազանցում են կոռուպցիայի, սոցիալական հավասարության և սոցիալական արդարության խնդիրները։ Երրորդ՝ նրանք չեն կարողանում վերահսկել հույզերը։ Որոշ դասախոսներ բողոքում են սեփական դժվարություններից, տրտնջում են, որ չեն ցանկանում անդամագրվել կուսակցությանը, դասախոսություններում օգտագործում են կասկածելի տեղեկատվություն ինտերնետից, ուսանողներին վախեցնում են «հասարակության չարիքով» և խորհուրդ են տալիս պահպանել իրենց։ Լրագրողները հայտարարել են, թե այսպես չպետք է լինի, բուհական լսարանում պետք է ցույց տալ Չինաստանի «հստակ ուղին», «ամբողջական մոդելը» և «լուսավոր ապագան»։
 
Չինաստանի ղեկավարությունը մտահոգ է երիտասարդության վրա պրոֆեսորադասախոսական կազմի նման տրամադրությունների բացասական ազդեցությունից։ 2014թ. հոկտեմբերին ՉԺԿ Կենտկոմի և ՉԺՀ Պետխորհրդի համատեղ «Կարծիքներ նոր իրավիճակում բուհերում գաղափարական աշխատանքի հետագա ամրապնդման և առաջմղման վերաբերյալ» փաստաթղթի կենսագործմանը նվիրված խորհրդակցությունում կրթության նախարար Յուան Գույժենն արգելել է բուհերի դասախոսներին հանդես գալ կուսակցության վրա հարձակումներով, անվանարկել սոցիալիզմը, ուսանողներին ծանրաբեռնել անձնական դժգոհություններով և վիրավորվածությամբ։
 
Իշխանությունները սկսել են «դաստիարակել դաստիարակողներին»։ Նշանավոր արևմտյան համալսարանների դոկտորական աստիճաններ ունեցող որակյալ դասախոսների բարձր պահանջարկը պահպանվում է։ Բայց համառ ձգտումը՝ ուսանողներին պատմել այն մասին, թե որքան լավ է սահմանից այն կողմ, և որքան վատ է ամեն բան Չինաստանում, կարող է լուրջ խոչընդոտ դառնալ կարիերային աճի ճանապարհին։
 
Պետությանն անհրաժեշտ է չինական առաքինությունը
Չինաստանը հայտարարում է ոչ միայն այն մասին, թե ինչ արժեքներ են իր համար անընդունելի, այլ՝ թե որոնք են իր համար հիմնարար։ Սեփական դիսկուրսը կառուցվում է լայն հիմքի վրա, «կապիտալիզմ-սոցիալիզմ» դիլեման դիտարկում են Չինաստանի և Արևմուտքի մշակույթների հարաբերակցության մասին հին վեճի համատեքստում։
 
Ու Սյուցինը (Անխուեյ նահանգ, Չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի ուսումնասիրման կենտրոն) նշել է, որ Արևմուտքը զենքի և փողի ուժով ստեղծել է «ոչ խելամիտ համաշխարհային քաղաքական-տնտեսական և մշակութային կարգ»։ «Ազատության և դեմոկրատիայի» արևմտյան դիսկուրսիվ համակարգը տիրում է աշխարհում և փորձում է իրեն ենթարկել ոչ արևմտյան քաղաքակրթությունները։ Սակայն արևմտյան համակարգի անքննադատ ընկալումն ընդունող մշակույթի գիտական լեզվին անխուսափելիորեն հաղորդում է «արևմտականացած, դատարկ և վերացական կերպար»։
 
Արդիականացման և զարգացման պահանջները բավականաչափ հիմք չեն հանդիսանում արևմտյան արժեքների ընկալման համար։ Հարկավոր է այլընտրանքային դիսկուրսիվ համակարգ չինական սոցիալիզմի լեգիտիմության հիմնավորման համար։ Անհրաժեշտ է նաև վերհանել այն մեկնաբանությունների չկայացածությունը, ըստ որոնց՝ չինական ավանդական արժեքները ներկայացվում են որպես տնտեսական չզարգացածության և ավտորիտարիզմի աղբյուր։
 
Սինգապուրի Ազգային համալսարանի պրոֆեսոր Չժեն Յունյանը կարծում է, որ արևմտյան մտածողները երկար և նպատակասլաց որոնել են «արևելյան բռնատիրության» գոյության հաստատումներ։ Արևմուտքը զարգացրել և կատարելագործել է «ասիական արժեքների» իր մեկնաբանությունը՝ որպես հետամնացության հոմանիշ։ Նման հայեցակարգերի օրինակ կարող են ծառայել Կարլ Մարքսի «արտադրության ասիական եղանակը», Մաքս Վեբերի կրոնական մշակույթների համադրումը, Կարլ Վիտֆոգելի «իռիգացիոն հասարակությունը»։ «Ասիական արժեքների» առաջին պոզիտիվ մեկնաբանությունն ի հայտ եկավ Ասիայում 1980-ական թթ., Ճապոնիայի և «չորս փոքր վիշապների» (Թայվան, Հարավային Կորեա, Հոնկոնգ, Սինգապուր) տնտեսական հաջողությունների համատեքստում։ 1998թ. ֆինանսական ճգնաժամից հետո, որն ի հայտ բերեց «ասիական հրաշքի» թուլությունները, «ասիական արժեքների» քննարկումն ընդհատվեց։ Հետաքրքրությունն այս թեմայի հանդեպ վերսկսվեց 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո, երբ ուշադրության կենտրոնում հայտնվեց «չինական մոդելը»։
 
Չժեն Յունյանի կարծիքով, եթե Չինաստանի վերելքը հանգեցնի «ասիական արժեքների» վերածննդին, Արևմուտքը կսկսի գաղափարական «պատժիչ արշավ» Պեկինի դեմ։ «Քանի որ վեճերի մարտադաշտ է դարձել Չինաստանը, ասիական մյուս երկրներն ուղղակի կապ չեն զգում տեղի ունեցողի հետ։ Սակայն Չինաստանի վերելքից և նրա աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնումից հետո այս բանավեճը կտարածվի ասիական այլ հասարակությունների վրա»։
 
Շրջադարձը դեպի «չինական արժեքների» փնտրտուք սկսվեց դեռևս 1990-ական թթ., երբ չինական ինտելեկտուալ հանրույթը փորձեց վերականգնել «ազգային ուսմունքը» (գոսյուե)՝ որպես գիտելիքի ավանդական համակարգ, որը գոյություն ուներ մինչև արևմտյան գիտելիքների փոխառումը։ Գլխավոր կուսակցական թերթի՝ «Ժենմին ժիբաո»-ի էջերում Ցինխուա համալսարանին կից Ազգային ուսմունքի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Չեն Լայը նշեց չինական և արևմտյան արժեքների չորս հիմնական տարբերություն. Չինաստանում՝ պատասխանատվությունը նախորդում է ազատությանը, պարտքը նախորդում է իրավունքներին, կոլեկտիվը բարձր է անհատից, ներդաշնակությունը բարձր է կոնֆլիկտից։ Իսկ արևմտյան մշակույթին բնորոշ են կոնֆլիկտի ձգտումը, եսակենտրոն ցանկությունը՝ հնազանդեցնել և իրեն ենթարկեցնել մյուսներին։ «Այդ պատճառով Արևմուտքի պատմության մեջ կրոնական պատերազմները եղել են շատ դաժան, Չինաստանում նման կրոնական պատերազմներ չեն եղել։ Կարելի է ասել, որ ХХ դարում եղել է երկու մեծ համաշխարհային պատերազմ, դրանց մշակութային աղբյուրը գտնվել է ոչ Արևելքում»։
 
«Սոցիալիստական առանցքային արժեքային հայեցակետերի» պաշտոնական ցուցակը առաջին անգամ ներկայացվել է 2012թ. նոյեմբերին ՉԿԿ XVIII համագումարին Կենտկոմի տված հաշվետու զեկուցման մեջ։ 12 արժեքներ դասակարգված են երեք խմբում։ Պետության արժեքներ՝ հարստություն և ուժ, դեմոկրատիա, քաղաքակրթություն, ներդաշնակություն։ Հասարակության արժեքներ՝ ազատություն, հավասարություն, արդարություն, իրավական կառավարում։ Անհատի արժեքներ՝ հայրենասիրություն, հավատարմություն գործին, ազնվություն, բարյացակամություն։
 
Թեև այստեղ չկան գաղափարական երանգավորում ունեցող կարգախոսներ, սակայն աչքի է զարնում արևմտյան մշակույթի համար անսովոր արժեքների հիերարխիան։ Այն կազմված է «վերևից ներքև»՝ պետությունից դեպի հասարակություն և հետո նոր մարդ։ Գլխավոր դիրք է զբաղեցնում հարուստ և ուժեղ պետությունը, այլ ոչ թե անձի ազատությունը։ Ցուցակում ազատության, դեմոկրատիայի և իրավական կառավարման առկայությունը շատ դիտորդների էկլետիկայի դրսևորում է թվացել։ Բայց չինական մեկնաբանություններում ընդգծվում է, որ խոսքը ազատության և դեմոկրատիայի մեկնաբանության մասին է մարքսիզմի և չինական ավանդույթի համատեքստում, այլ ոչ թե արևմտյան գաղափարախոսության մեջ դրանց վերացական ըմբռնման մասին։
 
12 արժեքները նշվել են Հու Ցզինթաոյի զեկուցման մեջ, դրանք շրջանառության մեջ են մտել անմիջապես կուսակցական ղեկավարության փոփոխությունից առաջ։ Սի Ցզինպինի իշխանության գալուց հետո՝ 2012թ. նոյեմբերից մինչև 2014թ. գարուն պրոպագանդայում գլխավոր թեման եղել է չինական նոր առաջնորդի հռչակած «չինական երազանքը չինացի ազգի մեծ վերածննդի մասին»։ «Արժեքային կարևոր հայեցակետերի» կարգավիճակի արագ բարձրացումը տեղի ունեցավ ՉԿԿ Կենտկոմի 18-րդ գումարման Քաղբյուրոյի 13-րդ կոլեկտիվ ուսուցումից հետո, որը տեղի ունեցավ 2014թ. փետրվարին։ Այդ միջոցառման ժամանակ Սի Ցզինպինն ասաց, որ «արժեքային հայեցակետերի» տարածումը պետք է հենվի չինական մշակույթի լավագույն ավանդույթների վրա։ Նա նշեց ավանդական մշակույթի արժեքները, որոնք հարկավոր է վերհանել և զարգացնել արդի պայմաններում՝ «սովորեցնել մարդ լինել և մարդասիրություն», «ուշադիր վերաբերվել ժողովրդին՝ որպես հիմքի», «պահպանել վստահությունը», «հարգել արդարությունը», «բարձրացնել ներդաշնակությունը», «ձգտել Մեծ միավորման»։ Սա վաղ կոնֆուցիականության բարոյական և սոցիալական արժեքների շարքն է։ Դրանում տեղ են գտել «Ժողովուրդը՝ որպես հիմք» գաղափարը, որը դարձել է դեմոկրատիայի հին չինական նախատիպը, ինչպես նաև Մեծ միավորման հասարակության ուտոպիական իդեալը (դատուն), երբ«Չինաստանը պատկանում է բոլորին»։
 
Սի Ցզինպինը հետևողականորեն «արժեքային հայեցակետերը» հանդերձավորում է ավանդական թաղանթով։ 2014թ. մայիսի 4-ին Պեկինի համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց. «Արժեքների կորիզը առաքինությունն է։ Կա մեկ մարդու առաքինություն, կա նաև մեծ առաքինություն, այսինքն՝ պետության առաքինություն, հասարակության առաքինություն։ Պետությունն առանց առաքինության չի բարգավաճում, մարդն առանց առաքինության չի կայանում»։ Կուսակցության առաջնորդը «արժեքային հայեցակետերն» անվանեց չինացի ազգի «ամենամեծ ընդհանուր հայտարարը»՝ նախազգուշացնելով, որ առանց դրանց ազգը և պետությունը կզրկվեն նեցուկից և չեն կարողանա առաջ շարժվել։
 
Չինական արժեքները որպես առաքինություններ հասկանալու բանալին արդեն ոչ թե Մարքսի և Լենինի աշխատություններն են, այլ հին փիլիսոփաների տրակտատները։ Սի Ցզինպինի նախորդները հաճույքով օգտագործում էին կոնֆուցիականության բաղադրիչները ժողովրդին դաստիարակելու համար։ Ցզյան Ցզեմինի օրոք պրոպագանդում էին «քաղաքացիական բարոյականության ստեղծում», Հու Ցզինթաոն խոսում էր «ներդաշնակ հասարակություն» կերտելու և մարդկանց մեջ այնպիսի ընկալումներ դաստիարակելու մասին, թե ինչ արարքներ են «հարգելի» և ինչ արարքներն են, որ «խայտառակ» են։ Բայց Սի Ցզինպինը դարձավ ՉԿԿ առաջին ղեկավարը, որը հայտարարեց կոնֆուցիականությունը պետական կառավարման համար օգտագործելու անհրաժեշտության մասին։ Պատճառներից մեկը կարելի է համարել այն, որ պետական կառավարման արևմտյան հայեցակարգի փոխառումը բախվեց այն բանին, որ անհնար էր Չինաստան տեղափոխել «քաղաքացիական հասարակության» հիման վրա սոցիալական կառավարում իրականացնելու մոտեցումը։
 
2015թ. հոկտեմբերի 13-ին ՉԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի 18-րդ կոլեկտիվ ուսուցման ժամանակ Սի Ցզինպինը նշեց. «Այսօրվա Չինաստանը լավ կառավարելու համար հարկավոր է խորապես հասկանալ մեր երկրի պատմությունը և ավանդական մշակույթը, նաև հարկավոր է ակտիվորեն ընդհանրացնել մեր երկրում պետության հնագույն կառավարման որոնումներն ու իմաստությունը»։ Նա թվարկեց պետական կառավարման տասը գաղափար, որոնք պահպանել են իրենց արդիականությունը. «ժողովուրդը թագավորության արմատն է», «կառավարումը պետք է ստանա ժողովրդի աջակցությունը», «ծեսը և օրենքները միավորվում են կառավարման համար», «առաքինությունը գլխավորն է, պատիժները՝ լրացումն են», «կառավարման մեջ ավելի առաջնային բան չկա, քան մարդկանց լավ վերաբեմունքին արժանանալը», պետությունը կառավարելիս պետք է սկզբում կառավարել պաշտոնյաներին», «կառավարմամբ զբաղվել առաքինության օգնությամբ», իշխանություն ունեցողները պետք է «ուղղեն և շտկեն հենց իրենց», «հանգստության մեջ գտնվելով՝ մտածել վտանգի մասին», «իրականացնել փոփոխություններ»։ Չինական մշակույթում այս դասերն ուղղված են եղել ոչ թե հպատակներին, այլ կառավարողներին, որոնք պետք է հոգ տանեին ժողովրդի մասին, դրսևորեին բարձր բարոյական հատկանիշներ և սանձած պահեին բյուրոկրատական ապարատը։
 
Սի Ցզինպինը պարզաբանել է. «Չինական խնդիրները լուծելու համար հարմար ուղիներ և մեթոդներ կարելի է փնտրել միայն Չինաստանում։ Մի քանի հազարամյա պատմություն ունեցող չինացի ազգը կանգնել է քաղաքակրթական զարգացման ճանապարհին, որը տարբերվում է մյուս երկրների և ազգերի ճանապարհից։ Մենք պատահաբար չէ, որ բացել ենք չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի ճանապարհը, դա պայմանավորված է մեր երկրի պատմական ժառանգությամբ և մշակութային ավանդույթով»։ Ըստ նրա՝ պետք է ուսումնասիրել արտասահմանյան նվաճումները, իսկ պատճենել մյուս պետությունների «քաղաքական հայեցակարգերը» և «մոդելները» չի կարելի։
 
Դեպի Արևմուտք սեփական արժեքներով
Սի Ցզինպինի գաղափարական նախագծի նորույթն այն է, որ «արևմտյան արժեքների» ներթափանցումից պաշտպանության (ինչով տարբեր ինտենսիվությամբ զբաղվել էին նրա նախորդները) համար վարվում է աշխատանք «չինական արժեքների» համակարգի ստեղծման ուղղությամբ։
 
Իշխանությունները նախևառաջ ուզում են չինացիներին համոզել, որ նրանք ունեն արևմտյաններին չզիջող սեփական արժեքներ։ Արևմտյան դիսկուրսիվ համակարգի անքննադատ օգտագործումը չինական իրողությունները դիտարկելիս հանգեցնում է խեղաթյուրված ինքնընկալման և ցածր ինքնագնահատականի։ «Չինական արժեքների» ճանաչումը որպես «արևելյան դեսպոտիզմի» «մեկուսացածության» և «հետամնացության» պատճառ քայքայում է համակարգը ներսից։ Սեփական ճանապարհի, տեսության և կարգի հանդեպ «բարձր վստահության» կուրսի իրագործմանը զուգահեռ՝ տարածքն «արևմտյան արժեքների» ներթափանցման համար կփոքրանա։
 
Օտարերկրացիների լարած «դիսկուրսիվ ծուղակը» չընկնելու համար Չինաստանը պետք է գնահատել չինական չափանիշներով։ Ժամանակի ընթացքում դա կօգնի երկրին ամրացնել միջազգային դիրքերը, երբ տնտեսական աճին զուգահեռ կարելի կլինի համաշխարհային հանրությանը ներկայացնել «չինական արժեքները»՝ խաղաղասիրություն, ներդաշնակության ձգտում, կոնֆուցիականությունից ժառանգված կարողություն՝ «պարտք-արդարությունը» գերադասել «օգուտ-շահից»։
 
Չինաստանը ստեղծում է սեփական դիսկուրս՝ հերթական անգամ ցուցադրելով օտարի փորձին ասիմիլացվելու արտասովոր կարողություն։ «Ամերիկյան երազանքը» յուրաքանչյուր մարդու խոստանում է հաջողության հավասար շանսե՞ր։ Հիմա կա «չինական երազանք» ուժեղ և հարուստ պետության, ազգի բարգավաճման և ժողովրդական երջանկության մասին։ Արևմուտքն անդադար պնդում է իր արժեքների գերազանցության մասի՞ն։ Եթե դա համաշխարհային ազդեցության պարտադիր ատրիբուտ է, Չինաստանը կպրոպագանդի սեփական «առանցքային արժեքները»։ Այս գիծը ՉԺՀ-ին չի տանի դեպի արևմտյան «դիսկուրսիվ ծուղակ», քանի որ իր «երազանքը» և իր արժեհամակարգը կառուցելիս չի պատճենում օտարերկրյա նմուշները։ Ավանդույթին դիմելը հնարավորություն է տալիս լցնել փոխառած ձևերը սեփական բովանդակությամբ։
 
Ներկայիս չինական ուղեգիծն էլ ավելի անիրական է դարձնում տնտեսական աճից արևմտյան նմուշի քաղաքական ազատականացման անցնելու սպասելիքները։ Հենվելով «առանցքային արժեքների» և ազգային մշակութային ռեսուրսների վրա՝ Չինաստանը միջազգային ասպարեզում Արևմուտքին հավասար «ձայնի իրավունքի» հայտ է ներկայացնում։ Օտարերկրյա փորձագետները տրտնջում են, թե Չինաստանը դառնում է ավելի նացիոնալիստական և ավտորիտար։ Սակայն Պեկինում տեսնում են, որ սեփական «բացառիկության» պրոպագանդան ոչ միայն չի խանգարում ԱՄՆ-ին հավակնել գլոբալ առաջնորդության, այլև ամրացնում է այդ հավակնությունները։ Առաջ է գալիս նման հնարք օգտագործելու գայթակղություն։
 
2014թ. օգոստոսին նախագահ Բարաք Օբաման Economist–ի լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել էր, որ չինացիների հետ պետք է կոշտ լինել, չէ՞ որ նրանք առաջ են գնում այնքան ժամանակ, քանի դեռ չեն հանդիպում դիմադրության. «Նրանք սենտիմենտալ չեն, և նրանք չեն հետաքրքրվում աբստրակցիաներով։ Այնպես որ, միջազգային նորմերին պարզապես դիմելը բավարար չէ»։
 
Չինացիները չեն թաքցնում, որ զայրանում են Միացյալ Նահանգների՝ այլ երկրներին ազատության և դեմոկրատիայի «աբստրակտ» մեկնաբանությունները պարտադրելու փորձերից։ Սակայն դա չի նշանակում, թե Չինաստանն ի վիճակի չէ երկրի ներսում և նրա սահմաններից դուրս սեփական «աբստրակցիաների» լայն պրոպագանդա ծավալել։ Չինաստանը կասկածում է ներկայիս միջազգային նորմերի ողջամտությանը ոչ թե «սենտիմենտալության» պակասի պատճառով, այլ որովհետև այդ նորմերը ստեղծվել են առանց իր մասնակցության և առանց իր շահերի հաշվառման։ Հեռավոր անցյալում չինական քաղաքական ավանդույթի մեջ ստեղծվել է կոշտ, ֆորմալացված, «օրենքի օգնությամբ» կառավարման և «առաքինության օգնությամբ կառավարման» բաժանում՝ կառուցված իշխողի բարձր բարոյական հատկանիշների վրա։ Այս հասկացությունների ներմուծումը քաղաքական առօրյա հնարավորություններ է բացում արևմտյան իրավական համակարգի քննադատության համար՝ «առաքինության» բացակայության պատճառով, առանց որի անհնար է լիարժեք առաջնորդություն ունենալ։
 
Կարելի՞ է արդյոք Սի Ցզինպինին անվանել կոնֆուցիական։ 2013թ. նոյեմբերին նրա ուղևորությունը Կոնֆուցիոսի հայրենիք՝ Ցյույֆու և 2015թ. սեպտեմբերին նրա ելույթը միջազգային գիտաժողովում՝ ի պատիվ մեծ մտածողի ծննդյան 2565-ամյակի, հիմք են տալիս ենթադրելու, որ Չինաստանի առաջնորդը դեմ չէր լինի նման գնահատականին։ Իր ելույթներում նա ավելի հաճախ հղումներ է կատարում կոնֆուցիական տեքստերին (Կոնֆուցիոսի «Զրույցներ և դատողություններ»-ին, «Ծեսի մասին գրառումներին՝ Լի ցզի), մեծ իմաստուններ Մեն Ցզիի և Սյուն Ցզիի մտքերին, քան թե ավանդական այլ աղբյուրների։ Սի Ցզինպինի հայտարարած պայքարը հանուն համեստության և խնայողության փորձ է բարձրացնելու ՉԿԿ բարոյական համբավը և ասելու, որ ըստ Կոնֆուցիոսի ուսմունքի ոգու՝ կառավարման հիմքը ժողովուրդն է, այլ ոչ թե պաշտոն ունեցող ընտրանին։
 
Սակայն Չինաստանի արդի պատմության ուսումնասիրող Ջոնաթան Ֆենբին կարծում է, որ «Սի Ցզինպինը պատկանում է այլ փիլիսոփայական հոսանքի՝ լեգիզմին, որի արմատները հասնում են մինչև 2200 տարի առաջ ապրած Առաջին կայսր։ Լեգիստները հավատում են վերևից ներքև ավտոկրատական կառավարմանը, քաղաքացիներին օրենքների օգնությամբ հնազանդեցնելու համար վախեցնելուն»։ Իր տեսակետը հիմնավորելու համար Ֆենբին հիշեցրել է այլախոհների ձերբակալությունների և կոռուպցիայի դեմ պայքարի լայն թափի մասին։
 
Չինական դիսկուրսի վերաչինականացումը այն ավելի բարդ և պակաս հասկանալի է դարձնում արտաքին դիտորդների համար։ Քաղաքական բառապաշարում նկատելիորեն ընդլայնվել է հնագույն մտքի կատեգորիաների օգտագործումը, որոնք հաճախ չեն ենթարկվում միանշանակ թարգմանության եվրոպական լեզուներով։ Դրանց պարզաբանման համար հարկավոր են բացատրություններ, և այդ ժամանակ Սի Ցզինպինի մեկ նախադասությանը հարկ է լինում ավելացնել մի երկու պարբերությամբ մեկնաբանություններ։ Օտարերկրյա լսարանի համար չինական խնդիրները նկարագրելիս բացակայում են բարդ պատմամշակութային նրբությունները, բայց առանց դրանց առաջ են գալիս չինական բովանդակությունից զուրկ սխեմաներ։
 
Առաջին հայացքից, հնագույն մեջբերումներով և քվազիդասական ձևակերպումներով հագեցվածությունը թույլ չի տալիս չինական դսկուրսին համաշխարհային ազդեցություն ձեռք բերել, քանի որ նրա կատեգորիաներն անհասկանալի են և խորթ այլ մշակույթներ կրողների համար։ Միևնույն ժամանակ, հնագույն ձևակերպումները պակաս խոցելի են արևմտյան քննադատության առջև։ «Կոմունիստական տոտալիտարիզմի» դեմ փաստարկները Սառը պատերազմի տարիներին հղկվել և սերտվել էին ավտոմատիզմի աստիճանի։ Բայց ինչպե՞ս վեճ վարել, երբ երկու համակարգերը խոսում են տարբեր հայեցակարգային լեզուներով։
 
Օրինակ, Սի Ցզինպինը 2013թ. հոկտեմբերին հռչակեց «հարազատության», «անկեղծության», «բարերարության» և «ինկլյուզիվության» քաղաքականություն հարևանների հանդեպ։ Արևմտյան քաղաքագետները հաճախ քննադատում են Պեկինի գործողությունները Հարավ-չինական ծովում, բայց եթե բառերն անհասկանալի են, դրանց հարաբերակցությունը գործերին հեշտ չէ գնահատել։ Չորս հիերոգլիֆ, որոնք նկարագրում են Չինաստանի քաղաքականությունը սահմանակից տարածքներում, հարուստ իմաստային բեռնվածություն ունեն, դրանց բացատրությունն անխզելիորեն կապված է հին չինական ժառանգության հետ։ Չինական ընտրանին հնուց ի վեր ընդգծել է փոխադարձության հարաբերությունների կարևորությունը, ներառյալ լոյալության դրսևորումը գթության դիմաց։ Եթե հարևանները հրաժարվում են փոխադարձ պարտավորությունների էթիկայից և օգնության համար դիմում են ԱՄՆ-ին՝ հույս ունենալով Չինաստանից զիջումներ կորզել, նրանք իրենց բարոյական կողմնորոշիչներից զուրկ» մանր մարդուկների» նման են պահում, այլ ոչ թե որպես կոնֆուցիական «ազնիվ այրեր»։ Եվ միջազգային իրավունքի ֆորմալ նորմերին և ոչ մի հղում չի ջնջի ավանդույթի վրա հիմնված այդ գնահատականը։
 
Արևմուտքում Չինաստանի կողմից կենսունակ այլընտրանքային արժեհամակարգի ստեղծման հնարավորության մասին միտքը փորձում են լուրջ չընդունել։ Ռուսաստանն այս խնդրին պետք է ավելի սթափ և օբյեկտիվ նայի։ Արդեն աշխարհի երկրորդ տնտեսությունը դարձած Չինաստանը պատրաստվում է հավակնել արժեքային ազդեցության, որը կարտացոլվի նախևառաջ չինական շրջագծում։
 
2013թ. հոկտեմբերին սահմանակից երկրների հետ դիվանագիտության վերաբերյալ աշխատանքային խորհրդակցության ժամանակ Սի Ցզինպինը հորդորեց «ուժեղացնել պրոպագանդան և պարզաբանումը՝ շեշտը դնելով սահմանակից բոլոր երկրների ժողովուրդների լավագույն կյանքի հույսերի հետ չինական երազանքի փոխադարձ միակցման վրա, տարածաշրջանի զարգացման հեռանկարով, որպեսզի ճակատագրի ընդհանրության գիտակցումը արմատներ գցի սահմանակից երկրներում»։ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախագծի իրագործումը հավելյալ նախադրյալներ կստեղծի եվրասիական տարածքում Չինաստանի ոչ նյութական ազդեցության ընդլայնման համար։
 
Կարելի է ենթադրել, որ «չինական արժեքների» ծաղկումը կդառնա Ռուսաստանի զարգացման ճանապարհի մասին բանավեճերի կատալիզատորը։ «Եվրոպական ընտրության» կողմնակիցներն, ամենայն հավանականությամբ, կքննադատեն «չինական արժեքները»։ Ընդդիմախոսները, ընդհակառակը, կսկսեն չինական դիսկուրսում փնտրել հուսադրող զուգահեռներ հայրենասիրության, կոլեկտիվիզմի, պետականականության և քաղաքակրթական ինքնաբավության «ռուսական գաղափարների» հետ։ Ցանկալի է, որ նման վեճերին նախորդի չինական նյութի համարժեք և անկանխակալ ընկալումը։
 
http://www.globalaffairs.ru/number/Obschii-znamenatel-natcii-17750
Նոյյան տապան  -   Վերլուծություն