ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ


ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

  • 22-11-2015 05:49:03   | Ադրբեջան  |  Վերլուծություն
Սույն խորագրի ներքո ԶԼՄ-ում արված հրապարակումների ուսումնասիրության հիման վրա Նորավանք հիմնադրամը ամսական կտրվածքով ներկայացնում  է Ադրբեջանին առնչվող ուշագրավ իրադարձությունների և հրապարակումների ընդhանրական պատկերն ըստ ոլորտների։
 
Ներքին քաղաքականություն
ԱԱ նախարարի պաշտոնանկությունը. 2015թ. հոկտեմբերին Ադրբեջանի ներքաղաքական թիվ 1 իրադարձությունը, չնայած նախընտրական քարոզարշավին, կարելի է համարել ԱՀ ԱԱ նախարար Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունը և դրա հետ կապված զարգացումները։ Հոկտեմբերի 17-ին հրավիրված ԱՀ ԱԱԽ նիստից առաջ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ի.Ալիևը Է.Մահմուդովին է ներկայացրել վերջինիս՝ ԱԱ նախարարի պաշտոնի հետ անհամատեղելի գործունեության մասին վկայող փաստերը։
 
Այս պաշտոնանկությունից հետո ադրբեջանական մամուլը հեղեղված էր սույն իրադարձության հետ կապված բազմաթիվ վարկածներով և բացահայտումներով։ Նախկին նախարարին սկսեցին մեղադրել բարձրաստիճան պաշտոնյաների չարտոնված գաղտնալսումներ իրականացնելու, ֆինանսական զեղծարարությունների, մաքսանենգության, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա գործադրվող ճնշումների, արտերկրյա հովանավորներ փնտրելու (նշվում է Մոսկվայի և Անկարայի մասին), ոչ արհեստավարժության և նույնիսկ իսրայելական հատուկ ծառայությունների հետ կապերի մեջ։
 
Պաշտոնանկությանը հետևեց ԱԱՆ ղեկավարության գործունեությունը հետաքննող հանձնաժողովի ստեղծումը՝ գլխավոր դատախազի տեղակալի ղեկավարությամբ: Քննության շրջանակներում ձերբակալվեցին ԱՀ ԱԱՆ Մշտադիտարկման կենտրոնի (այս կենտրոնն է իրականացնում գաղտնալսումներ), Կապի և բարձր տեխնոլոգիաների և Հարկերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև, «Բաքվի հեռախոսային կապ» ՓԲԸ գլխավոր տնօրենը, որոնք մեղադրվում են օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքը խախտելու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ:
 
Է.Մահմուդովի պաշտոնանկությունից անմիջապես հետո ԱԱ նախարարի առաջին տեղակալ և միաժամանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արդարադատության փոխնախարար Մադաթ Գուլիևը, որին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում: Վերջինս սկսել է հետ բերել ԱԱՆ նախկին աշխատակիցներին, որոնք ունեն արհեստավարժի համբավ և պաշտոնանկ են արվել Է.Մահմուդովի օրոք, երբ նախապատվությունը տրվում էր տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի փորձ ունեցող և քրեական հետախուզությունում աշխատած ոստիկաններին:
 
Դրանից մի քանի օր անց Ի.Ալիևը հրամանագիր է ստորագրել ԱԱՆ կառուցվածքում փոփոխություններ անելու մասին, որոնց արդյունքում, ըստ ԱՀ ԱԱՆ նախկին աշխատակից Ա.Օրուջուլու, կառանձնացվեն հետախուզության և հակահետախուզության ստորաբաժանումները:
 
2004 թվականից նախարարի պաշտոնը զբաղեցնող Է.Մահմուդովին հաջողվել էր ստեղծել ազդեցիկ կլան, որն իր հովանավորության տակ էր վերցրել նույնիսկ որոշ նախարարների, կարողանում էր իրեն հավատարիմ մարդկանց աջակցել փոխնախարարների և վարչության պետերի պաշտոններ ստանալու գործում: Եվ Է.Մահմուդովի անկումը չէր կարող չանդրադառնալ կլանի ներկայացուցիչների հետագա ճակատագրի վրա: Պաշտոնանկ արված անձանց ցանկն ավելի ներկայացուցչական է. Է.Մահմուդովի աջ ձեռքը համարվող, ԱԱՆ կադրերի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալիմուսա Ալիև, նրա տեղակալ Թեխրան Բաբաթով, ԱԱՆ ռազմական հակահետախուզության պետ, գեներալ-մայոր Նիզամի Շիրինով, Տրանսազգային տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, գեներալ-մայոր Սուբահիր Գուրբանով, Գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Վուգար Ալլահգուլիև, ԱԱՆ օդանավակայանների վարչության պետ Փարվիզ Վելիև, մի շարք շրջանային վարչությունների պետեր, տարբեր նախարարություններում Է.Մահմուդովի հովանավորությամբ նշանակված, նրա հետ որևէ կերպ կապված անձինք:
 
Ճնշումների տակ հայտնվեց անգամ նրա տարեց մայրը, որին արգելվեց լքել երկիրը Լատվիա մեկնելիս, իսկ Նախիջևանի ԻՀ-ում շինարարության նախարարի անմիջական հսկողությամբ հանվեց նրա հանգուցյալ հոր՝ ԱՀ ԳԱԱ Էկոնոմիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Ահմեդ Մահմուդովի հուշարձանը։
 
Մամուլում նաև մանրամասն տեղեկություններ հայտնվեցին ԱՀ ԱԱՆ-ում տիրող «շուկայական հարաբերությունների» մասին, ըստ որոնց՝ պաշտոնների գինը Է.Մահմուդովի ղեկավարած տարիներին տատանվել է $15 հազարից 500 հազարի սահմաններում (վերջին թիվը նախատեսված է Բաքվի զինվորական կայազորի սահմաններում գտնվող բաժիններում կամ վարչություններում պետ նշանակվելու համար): Այս «բիզնեսը» տնօրինել են Է.Մահմուդովը, կադրերի գլխավոր վարչության պետը և իր տեղակալը:
 
Նոր փաստեր են բացահայտվում ԱՀ ԱԱՆ վերահսկողության տակ գործող լրատվամիջոցների մասին, որոնք եղել են ադրբեջանական հատուկ ծառայության կողմից գործարար շրջանակների նկատմամբ իրականացվող դրամաշորթության սխեմայի մի մասը: ԱԱՆ-ից ստացված իրավախախտումների մասին այս լրատվամիջոցների հրապարակումների հետքերով եկել են իրավապահները և իրականացրել պետական դրամաշորթությունը:
 
Պարզվում է, 2007թ. АЗАЛ-ի (ադրբեջանական ավիաուղիներ) Անվտանգության ծառայության ղեկավար Է.Սուլեյմանովի և ԱՀ ԱԱՆ բաժնի պետ, գնդապետ-լեյտենանտ Ռաֆեթ Ալիևի ձերբակալությունից հետո (վերջիններս մեղադրվել են ՌԴ օգտին լրտեսություն անելու մեջ) ադամանդի բիզնեսին նույնպես տիրացել է Է.Մահմուդովը: Այն հաջող իրականացնելու համար հատուկ այս նպատակով դեսպանություն է բացվել աֆրիկյան երկրներից մեկում, որտեղ դեսպանի թեկնածության ընտրությունը թողնվել է ԱԱՆ-ին: ԱՀ իշխանությունները դեռևս ձեռնպահ են մնում դեսպանին հետ կանչելուց՝ մտավախություն ունենալով, որ նա նույնպես կարող է արտերկրում քաղաքական ապաստան խնդրել:
 
Եվրամիությունում «Իսլամական համագործակցություն» կազմակերպության նախկին դեսպան Արիֆ Մամեդովը, ովրըհրաժարվել էր վերադառնալ Ադրբեջան և հրապարակավ հանդես է եկել ԱՀ վարչակարգի քննադատությամբ, ԱՀ ԱԱՆ-ը համեմատել է խորհրդային տարիների տխրահռչակ ОБХСС-ի հետ: Բացի այդ, նա գտնում է, որ արտերկրում գտնվող ադրբեջանական հետախուզության աշխատակիցները գործուղման են մեկնել բացառապես Է.Մահմուդովի նկատմամբ անձնական նվիրվածության հաշվին, և նրանցից շատերը հետկանչի դեպքում նույնպես կհրաժարվեն հայրենիք վերադառնալ։
 
Այս ամենը հարցականի տակ է դրել ԱԱՆ գործունեությունն ընդհանրապես, և արդեն հարց է բարձրացվում նախկինում հետապնդված անձանց, մասնավորապես, Հայաստանի օգտին լրտեսության համար դատապարտված Ռաուֆ Միրկադիրովի գործը վերանայելու մասին, ինչը բարձրաձայնել է «Զերկալո» թերթի նախկին գլխավոր խմբագիր է.Շիխլինսկին:
 
Զավեշտն այն է, որ իր պաշտոնանկությունից ընդամենը երկու օր առաջ ԱՀ ԱԱՆ նախարար Է.Մահմուդովը Միջազգային կարմիր խաչի կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Պ.Վիալի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել է «Հայաստանի իշխանական շրջանակներում առկա կոռուպցիայի և իրավախախտումների» մասին հարցը:
 
Նախընտրական քարոզարշավ. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցավ ընդդիմադիրների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների, վարչական ռեսուրսի օգտագործման և հասարակության տոտալ անտարբերության պայմաններում։ Ադրբեջանական կայքերից մեկի անցկացրած սոցհարցման մասնակիցների 82%-ը անիմաստ է համարել ընտրություններին մասնակցելը։ Ընդհանուր առմամբ ԿԸՀ-ում գրանցված 1246 թեկնածուներից հետագայում ընտրարշավից հրաժարվել է 479-ը։ Համեմատության համար նշենք, որ 2010թ. հրաժարվել է ընդամենը 41 թեկնածու։ Այս նախընտրական քարոզարշավը վատագույնն է համարվում ԱՀ պատմության մեջ։
 
Իսլամական ծայրահեղականություն. Ադրբեջանի ներքին իրավիճակի վրա սպառնում է ազդել նաև սիրիական ճգնաժամը։ Սիրիայում ռուսական ավիահարվածներին զուգընթաց՝ աճում է ԻՊ ճամբարը լքող զինյալների թիվը։ Տարբեր գնահատականներով՝ ԻՊ կազմում կան 400-1000 ԱՀ քաղաքացիներ, որոնց վերադարձը հայրենիք աննկատ չի մնա Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով նաև ԱԱՆ կաթվածահար վիճակը։ Ըստ ռուս փորձագետների, կրոնական ծայրահեղականությունն արմատավորվում է Ադրբեջանում, որը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Եթե նախկինում Թուրքիայի, արաբական երկրների էմիսարների և Ռուսաստանի «վահաբականների» ազդեցությունն ուժեղ էր երկրի հյուսիսային մասերում, ապա հիմա սալաֆիների խոշոր համայնքներ են ձևավորվում և ամրանում Բաքվում և Սումգայիթում։ Ս.թ. հոկտեմբերին Բաքվում ձերբակալվել են 42 անձինք, որոնք կասկածվում են իսլամական ծայրահեղականների հետ կապի մեջ։
 
Արտաքին կապեր
ԵՄ-ի հետ հարաբերությունների վատացման միտումները շարունակվել են նաև հոկտեմբերին։ ԵՄ գլխավոր քարտուղար Տ.Յագլանդը նախարարների կոմիտեին հայտնել է իր որոշման մասին, ըստ որի՝ ԵՄ-ը հրաժարվում է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խմբում իր հետագա մասնակցությունից։ Մինչ այս Տ.Յագլանդն այս մասին տեղեկացրել էր նաև Ի.Ալիևին։ ԱԳՆ փոխնախարար Խ.Խալաֆովը Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում իր դժգոհությունն է հայտնել Եվրախորհրդարանի և Բունդեսթագի՝ «Ադրբեջանի դեմ» վերջերս ընդունած որոշումների կապակցությամբ։ Ըստ նրա, նման որոշումները չեն նպաստում երկկողմանի հարաբերությունների զարգացմանը, և քաղաքական երկխոսության արդյունավետության համար Գերմանիան պետք է որոշ հարցերի շուրջ փոխի իր դիրքորոշումը։
 
Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ Սենատում ոչ պաշտոնական լսումեր են կայացել «Մարդու իրավունքներն Ադրբեջանում ընտրությունների նախաշեմին» թեմայով։ Հրավիրված են եղել Ադրբեջանում ձերբակալված քաղբանտարկյալներ Արիֆ և Լեյլա Յունուսների դուստրը, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռ.Կոզլարիչը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ներկայացուցիչ Մ.Լանսկոյը, Freedom House-ի ներկայացուցիչ Թ.Գրիգորևան։ Լսումները նախաձեռնվել են սենատորներ Մարկ Քիրկի, Քրիս Կունսի և միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։ Ադրբեջանական դիվանագիտական շրջանակները սույն միջոցառումը բնութագրել են որպես հակաադրբեջանական քարոզարշավի բաղկացուցիչ մաս, որը, սնվելով հայկական աղբյուրներից, նպատակ ունի ուռճացնել խնդրի նշանակությունը։
 
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջ.Բեյների հրաժարականի և Ադրբեջանի հետ կապված սկանդալային պատմությունը նոր թափ է ստանում։
 
Ըստ ամերիկյան The Houston Chronicle պարբերականի, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտ է ուղարկվել ամերիկյան կոնգրեսականների Ադրբեջան կատարած սկանդալային այցի մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էթիկայի վարչության1 զեկույցը։ Այն նախկինում քննել էր ԱՄՆ Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողովը և փակել գործը՝ անհրաժեշտ ապացույցներ չարձանագրելու հիմնավորմամբ։ Բազմաթիվ հասարակական գործիչների պահանջները՝ Էթիկայի վարչության կողմից արված եզրակացությունները հրապարակելու առումով, մնացել են անպատասխան։
 
ԱՄՆ ազգային քաղաքական և իրավական կենտրոնը (National Legal and Policy Center, NLPC), ի դեմս քաղաքացիական ակտիվիստ Փիթեր Ֆլեհերտի, վերջերս ուշագրավ մանրամասներ է բացահայտել աղմուկ հանած ուղևորության և ԱՄՆ Կոնգրեսի Էթիկայի վարչության զեկույցի վերաբերյալ։
 
Հրապարակման մեջ նշվում է, որ նշված ուղևորությունը կազմակերպելու համար Turquoise Council of Americans and Eurasians և Assembly of the Friends of Azerbaijan ոչ կառավարական կազմակերպությունների հաշվին ադրբեջանական պետական SOCAR ընկերության կողմից փոխանցվել է $750 հազար։ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված էթիկայի սկզբունքների համաձայն, ամերիկյան կոնգրեսականներն իրավունք չունեն այլ երկրների պետական կառույցների հաշվին արտերկրյա ճանապարհորդությունների մեկնել կամ նրանցից թանկարժեք նվերներ ընդունել։ Քննությունը պարզել է, որ կոնգրեսականները որպես նվեր ստացել են $3500-անոց գորգեր և թեյի թանկարժեք սպասքեր։ Հատկանշական է, որ վերոնշյալ կազմակերպությունները կապված են Թուրքիայի քաղաքացի Քեմալ Օքսյուզի հետ, որն էլ, իր հերթին, հայտնի է որպես ԱՄՆ-ում Ֆ.Գյուլենի հիմնական լոբբիստներից մեկը։
 
Նշվում է նաև, որ SOCAR-ը, հանդիսանալով Իրանի ազգային նավթային գործակալության գործընկերը «Շահ-դենիզ» գազային հանքավայրի շահագործման շրջանակներում, կարողացել է ԱՄՆ-ում իր կապերի շնորհիվ ազատվել Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից։
 
Բացի SOCAR–ից, ուղևորությունը ֆինանսավորել են նաև «BP» (British Petroleum, բրիտանական նավթագազային ընկերություն), «ConocoPhillips» (ամերիկյան նավթային ընկերություն) և «KBR» (նախկին Kellogg Brown & Root, ամերիկյան ինժեներա-շինարարական կազմակերպություն, որը ԱՄՆ ՊՆ հիմնական մատակարարներից է) ընկերությունները։ Ընդհանուր ծախսերը գնահատվում են մոտ $1.5 մլն, այդ թվում 100 հազար՝ հյուրանոցների, 75 հազար՝ սննդի և զվարճանքների, 1.2 մլն՝ տրանսպորտային և այլ ծախսերի համար։
 
Նշված ուղևորությանը մասնակցել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 32 պաշտոնյա, որոնց թվում կոնգրեսականներ՝ դեմոկրատներ Իվետ Դ. Քլարկը (Նյու Յորք), Շեյլա Ջեքսոն Լին (Տեխաս), Ռուբեն Ինոխոսան (Տեխաս), Դենի Կ. Դևիսը (Իլինոյս), Միշել Լուհան Գրիշեմը (Նյու Մեքսիկո), Գրեգորի Վ.Միքսը (Նյու Յորք), հանրապետականներ Լեոնարդ Լանսը (Նյու Ջերսի), Ջիմ Բրայնդեսթայնը (Օքլահոմա), Սթիվ Սթոքմանը (Տեխաս) և Թեդ Պոն (Տեխաս)։
 
Ադրբեջանի տխրահռչակ «սև ցուցակում» ներկայումս ներգրավված է 501 հոգի, այդ թվում, ՌԴ՝ 133, ԱՄՆ՝ 41, Գերմանիայի՝ 38, Իտալիայի՝ 36, Ֆրանսիայի՝ 30, Մեծ Բրիտանիայի՝ 19, Շվեյցարիայի՝ 10, Վրաստանի՝ 11, Իրանի՝ 3, Թուրիքայի՝ 2 քաղաքացի։
 
Իրանի և Ադրբեջանի տնտեսական կոմիտեի համատեղ նիստում ստորագրված հուշագրի համաձայն, կողմերը կկառուցեն «Հյուսիս-Հարավ» երկաթուղին, որը կապող հանգույց կդառնա Ռուսաստանի,Ադրբեջանի և Իրանի միջև: Նախատեսվող երկաթուղու թողունակությունը կլինի տարեկան 1.4 մլն ուղևոր և 5-7 մլն տոննա բեռ։
 
Տնտեսական
Բյուջե. Հոկտեմբերի 20-ին ընդունվել է 2016թ. բյուջեն, որում եկամտային մասը կազմում է 14,566 մլրդ մանաթ, ծախսայինը՝ 16,264, ինչը 2015թ. բյուջեով նախատեսված գումարներից պակաս է համապատասխանաբար 25,1%-ով և 22,9%-ով, ծրագրվում է ՀՆԱ 3,3% աճ: Բյուջեի դիֆիցիտը կանխատեսվում է 1,698 մլրդ մանաթ, որը 2,1%-ով պակաս է 2015թ. նախատեսված ցուցանիշից: Եկամտային մասի մուտքերը նախորդ տարվա համեմատ Հարկերի նախարարության գծով պակասել են 7,2%-ով, իսկ Պետական նավթային հիմնադրամի գծով՝ 42,2%-ով: Դրա հետ մեկտեղ նավթային ոլորտի եկամուտների չափաբաժինը տոկոսային հարաբերակցությամբ աճում է. եթե այն 2014թ. 34% էր, 2015թ. 34,7%, ապա 2016թ. նախատեսվում է 46,5%: Չնայած ծախսային մասում արված գրեթե համատարած կրճատումներին, պաշտպանության ոլորտին հատկացվելիք գումարներն աճել են 3,3%-ով՝ հասնելով 1 մլրդ 837,8 մլն մանաթի: Բյուջեն կազմվել է արտահանվող մեկ բարել նավթի $50 գնի համար, լավատեսական սցենարի դեպքում այն կլինի 60$, իսկ վատատեսականի՝ $40: Ադրբեջանում ընթացիկ տարվա ավարտին տնտեսության իրական աճը կկազմի 3.3%, որը 1.1%-ով պակաս է նախկին կանխատեսումներից: Ըստ ֆինանսների նախարար Ս.Շարիֆովի՝ ՀՆԱ աճի տեմպերի նվազումը կշարունակվի մինչև 2019թ.:
 
Շարունակվում է Ազերալյումին, Ազերէներժի և AZAL պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վատ կառավարման արդյունքում կուտակված միլիարդավոր դոլարների պարտքերի մարումը բյուջեից: Այս արատավոր երևույթը վերջին երկու տասնամյակում դարձել է ավանդույթ:
 
Պահուստներ, մանաթի կուրս. Միլի մեջլիսում կայացած ելույթում Կենտրոնական բանկի նախագահ Է.Ռուստամովը նշել է, որ տարադրամային պահուստները 2014թ. $15 միլիարդի համեմատ կրճատվել են և այժմ կազմում են $7 միլիարդ: Վերջինս տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է հնարավոր անցումը մանաթի լողացող կուրսի քաղաքականությանը: Պահուստների կրճատման հիմնական պատճառը մանաթի կուրսի կայունացման նպատակով արվող դոլարային ինտերվենցիաներն են, որոնք կտրուկ մեծացել են 2014թ. դեկտեմբերից: Փորձագետների կարծիքով, այս քաղաքականությունը չի կարող անվերջ շարունակվել, և մանաթի նոր կտրուկ արժեզրկումն (վերջինը եղել է ս.թ. փետրվարին) անխուսափելի է: Ֆինանսատնտեական իրավիճակի վրա բացասաբար են ազդում ոչ միայն նավթի ցածր գները, այլ նաև կոռուպցիան, պետական միջոցների վատ կառավարումը, լուրջ խախտումները պետական ներդրումներում և այլն: Տեղական արտադրությունը գտնվում է կրիտիկական վիճակում, Ադրբեջանը 45%-ով կախված է ներկրումներից, իսկ մի քանի ոլորտներում՝ դեղորայք, հագուստ և կենցաղային տեխնիկա, այն հասնում է 100%-ի: Ըստ ադրբեջանցի փորձագետների, երկրին հարկավոր է 5 տարի նավթի ցածր գներին հարմարվելու և տեղական արտադրությունը զարգացնելու համար:
 
Գազային քաղաքականություն. Journal of Energy Security հանդեսում փորձագետ Ավրորա Հանսն անդրադարձել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման ազդեցությանը Ադրբեջանի նավթագազային քաղաքականության վրա: Ըստ հեղինակի, հարուստ նավթագազային պաշարները (դրանց ճնշող մեծամասնությունը գտնվում է «Շահ Դենիզ» հանքավայրում, որտեղից տարեկան ստացվում է 9 մլրդ մ3 գազ) օգնում էին Բաքվին ազատ արտաքին քաղաքականություն իրականացնել, սակայն Իրանի գործոնը կարող է նվազեցնել Ադրբեջանի դերը համաշխարհային էներգետիկ ոլորտում և ստիպել նրան որոշակիացնել արտաքին քաղաքականության վեկտորը:
 
Ադրբեջանն իր նավթագազային պաշարների օգտագործմամբ փորձում է շահաբաժիններ ստանալ նաև տարածաշրջանային քաղաքականությունում: Եվ պատահական չէր, որ Գազպրոմի հետ ռուսական գազի գնման մասին Վրաստանի բանակացություններին Ադրբեջանն արձագանքեց անմիջապես: SOCAR Georgia-ի գլխավոր տնօրեն Մ.Մամեդովն անմիջապես հակադարձեց Վրաստանի էներգետիկայի նախարար Կ.Քալաձեին՝ ասելով, որ Ադրբեջանը կարող է և արդեն բավարարում է Վրաստանի գազի պահանջարկը. Ադրբեջանից Վրաստան օրական արտահանվում է 6 մլն մ3 գազ, իսկ Վրաստանի պահանջարկը կազմում է ընդամենը 6.2 մլն մ3:
 
Շարունակելով գազային թեման՝ անդրադառնանք ևս մեկ ուշագրավ իրադարձության: Թուրքիայի կողմից ռուսական գազից հրաժարվելու հնարավորության մասին Ռ.Էրդողանի սպառնալիքի համատեքստում սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Ն.Աբասովը՝ նշելով, որ պաշարները, որոնք դեռ պետք է ստացվեն արդեն վաճառված են մինչև 2040թ. և Ադրբեջանը չի կարող մեծացնել այլ երկրներ մատակարարվող գազի ծավալները: Իրավիճակային պատկերն ավելի է լրացնում նաև այն հանգամանքը, որ ս.թ. սեպտեմբերի 29-ից Ռուսաստանը սկսել է օրական 6 մլն մ3 գազ մատակարարել Ադրբեջան: 5 տարով կնքված պայմանագրով նախատեսվում է տարեկան 2 մլրդ մ3 գազի արտահանում՝ Ադրբեջանի լրացուցիչ պահանջարկը բավարարելու համար:
 
Բողոքի ակցիաներ. Խնդիրներ են առաջացել նաև ադրբեջանական արդյունաբերությունում, մասնավորապես. զանգվածային կրճատումներ են կատարվում խոշորագույն արդյունաբերական օբյեկտում՝ «Սումգայիթի տեխնոլոգիական պարկում»: Այս արդյունաբերական համալիրի կազմում գտնվող մի քանի գործարաններ դադարեցրել են իրենց գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով: Աշխատավարձերի ուշացումների դեմ բողոքող աշխատակիցները կրճատվել են առաջին հերթին:
 
Բաքվում գտնվող Azerinsaatservis ընկերության հարյուրից ավելի աշխատակիցներ աշխատավարձերի ուշացման դեմ բողոքի ակցիա են կազմակերպել: Ընկերությունում ընդհանուր առմամբ աշխատում է 1100 աշխատակից, որոնց ընկերությունը պարտք է 2,5 միլիոն մանաթ հինգ ամսվա համար:
 
Բաքվում շարունակվում են փակվել թանկարժեք հագուստի խանութներ, գեղեցկության սրահներ, սրճարաններ և այլն: Հիմնական պատճառը հասարակության գնողունակության անկումն է և վարձակալության գները, որոնք ներկա սոցիալ-տնտեսական վիճակում բարձր են համարվում: Այս խնդիրը քննարկվել է նաև կառավարական մակարդակով, Ի.Ալիևը նշել է, որ վեջին 9 ամսվա ընթացքում փակվել է 30 հազար աշխատատեղ, ինչն անթույլատրելի է: Այս իրավիճակը, ըստ փորձագետների, հիմնականում մանաթի փետրվարյան փլուզման և նավթային եկամուտների կտրուկ նվազման հետևանքն են:
 
Հոկտեմբերին Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան հրապարակել են բիզնեսի վարման համար բարենպաստ երկրների վարկանշային ցանկը, որում Ադրբեջանը զբաղեցնում է 63, Վրաստանը՝ 24, Հայաստանը՝ 35, Ռուսաստանը՝ 51 հորիզոնականները: Doing Business-ում Ադրբեջանը 2014թ. եղել է 70-րդը, իսկ 2015թ.՝ 80-րդը:
 
Ռազմական
Հոկտեմբերին լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական տեխնիկայի նոր մատակարարումների վերաբերյալ վարվող փակ բանակցությունների մասին։ Խոսքը ռուսական ուղղաթիռների և զրահատանկային տեխնիկայի մասին է։ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող մեծաքանակ ռազմական տեխնիկայի ֆոնին կրկին ակտիվացան խոսակցությունները ՌԴ-ի կողմից Ադրբեջանում Գաբալայի փոխարեն նոր ռադիոլոկացիոն կայանի կառուցման մասին: Արձագանքելով այս լուրերին՝ ՌԴ ՕՏՈւ (ВКС РФ) 15-րդ բանակի շտաբի պետ Ա.Նեստեչուկը հայտարարեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում նման կայան կառուցել. Բելառուսում և Ղազախստանում իրենց տրամադրության տակ գտնվող նմանատիպ կայաններն ամբողջովին բավարարում են ՌԴ պահանջները։
 
Թուրք-ադրբեջանական ռազմական աճող համագործակցության շրջանակներում, ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիան Ադրբեջանին կմատակարարի 60 գրոհային AgustaWestland-TAI ուղղաթիռներ, ընդհանուր գործարքի գումարը կազմում է $3 մլրդ։ AgustaWestland-TAI ուղղաթիռները հագեցվում են թուրքական Aselsan ընկերության արտադրության կապի միջոցներով, համակարգչային տեխնիկայով, նավիգացիոն սարքերով և զգայամիջոցներով, AselFLIR-ի՝ թիրախավորման և դիտարկման սարքերով, Mildar-ի ռադարներով։ Նախատեսվում է թուրքական Roketsan ընկերության արտադրության Umtas հրթիռների տեղադրում։ Ուղղաթիռը հագեցած է նաև «օդ-երկիր» և «օդ-օդ» կառավարվող հրթիռներով։
 
Ադրբեջանում սկսել են բարձրաձայն խոսել ԱՀ ՊՆ լրատվության նկատմամբ հասարակության անվստահության մասին։ Վերջերս այս խնդրին են անդրադարձել Ադրբեջանում հայտնի լրագրող Չինգիզ Սուլթանսոյը և Ադրբեջանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Ս.Աքբերը։ Նրանք դա բացատրում են բանակում առկա արատավոր երևույթներն ու բացասական բնույթի դեպքերը թաքցնելու և դրա փոխարեն հասարակությանը սուտ տեղեկատվություն հրամցնելու ՊՆ քաղաքականությամբ։
 
1 Կոնգրեսի էթիկայի վարչությունը ստեղծվել է 7 տարի առաջ, որն ավելի անկախ է Ներկայացուցիչների պալատից քան Էթիկայի հանձնաժողովը։ Գործակալության կառավարման կազմում ներգրաված են Կոնգրեսի նախկին անդամներ և մասնավոր անձինք։ Այն չունի կոնգրեսականների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու իրավասություն և իր դիտարկումներն ուղարկում է Կոնգրեսի Էթիկայի հանձնաժողով։ Այն լավ հարթակ է դարձել կոնգրեսականների նկատմամբ էթիկայի նորմերի խախտման մեղադրանքները հրապարակային դարձնելու առումով։
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play