«Քոչարին» Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում


«Քոչարին» Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում

  • 23-11-2015 12:57:06   | Վրաստան  |  Մշակույթ

2015 թվականի նոյեմբերի 22-ին, Կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակը վերածվեց իսկական պարային հրապարակի, որտեղ հասարակությունն ի ցույց բոլորի պարեց ավանդական հայկական «Քոչարին»:
 
Միջոցառումը նախաձեռնել էին Վիրահայոց թեմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինները՝ Լևոն Չիդիլյանի և Վալերի Բադալյանի ղեկավարությամբ: «Քոչարի» հայկական ազգային պարի համընդհանուր կատարմանը նվիրված միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, դեսպանության երկրորդ քարտուղար Էլինա Մկրտչյանը, թբիլիսահայ համայնքի պատվավոր այրեր, բազում հավատացյալներ, դպրոցականներ, հյուրեր, հասարակայնության այլազգի անդամներ:
 
Միջոցառման նպատակն էր աշխարհին ցույց տալ, որ «Քոչարին» հայկական լեռնաշխարհի ամենապահպանված ու տարածված ավանդական պարն է: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ընդգրկելու հայտ է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունը: Այս միջոցառումով թբիլիսահայությունն իր աջակցությունն արտահայտեց մայր հայրենիքի նախաձեռնությանը:
 
Իր օրհնությունը հղելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց Թեմի բաժինների նախաձեռնությունը՝ վերանորոգված ու բարեկարգված Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հայկական «Քոչարիի» հոգեհմա երաժշտությունը հնչեցնելու և ազգի միասնության խորհրդանիշ գեղեցիկ շուրջպարը պարելու համար: Սրբազան հայրն անդրադարձ կատարեց մարտաշունչ պարի զարգացման ուղուն, արժևորելով նախաքրիստոնեական շրջանից սկիզբ առած և մինչև օրս իր արդիականությունը պահպանած պարի մարտական խրոխտ ոգին, որը նաև հայի ինքնության դրսևորումն է:
 
Սուրբ Գևորգ եկեղեցու բակում «Քոչարիի» կատարմանը մասնակցում էին «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային խումբը, «Անի» պարային համույթը պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյանի և «Վանք» պարային համույթը՝ պարուսույց Լիանա Կաշավանիձեի գլխավորությամբ: Պարին միացավ ներկա հասարակությունը՝ մեծից փոքր: 

DSC04562 DSC04570 DSC04574  12241702 1678825729000067
2269842729264304456 n

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play