Հայ Դատն այսօր


Հայ Դատն այսօր

  • 24-11-2015 13:47:53   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՙԱԼԻՔ՚, Ա. Է. - Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ նոյեմբերի 19-ին Հ. Մ. ՙԱրարատ՚ Կ.-ի ՙՎաչիկ Ղարաբէգեան՚ սրահում իր աշխատանքները սկսեց ՙՀայ Դատն Այսօր՚ 12-րդ խորհրդաժողովը, որի նպատակն է քաղաքական ինչու չէ նաեւ հասարակական շրջանակներում վերլուծելու եւ լուսարձակի տակ պահելու Հայ Դատի նոր հանգրւանի հնարաւորութիւնները եւ նոր հեռանկարները:
 
Երկօրեայ նստաշրջանին մասնակցում էին Հայաստանից ժամանած քաղաքագէտներ եւ մտաւորականներ, ովքեր մեր իրանահայ գործընկերների հետ միատեղ` իւրաքանչիւրը իր մասնագիտական ոլորտում հետաքրքիր ու ընդրգկուն հարցեր արծարծեցին:
 
Խորհրդաժողովի բացման խօսքով հանդէս եկաւ ՙՀՈՒՍԿ՚ հաստատութեան նախագահ Արամ Շահնազարեանը, Իրանում ՀՀ դեսպանութեան անունից ելոյթ ունեցաւ դեսպանութեան խորհրդական Գառնիկ Բադալեանը, որի խօսքին յաջորդեցին արդէն մասնագիտական զեկոյցները:
 
ՙԱշխարհաքաղաքական նոր վերադասաւորումները Մերձաւոր Արեւելքում՚ (Իրադարձութիւնների զարգացում եւ հնարաւոր հեռանկարներ) թեմայի շուրջ զեկոյցով հանդէս եկաւ դիւանագէտ, արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանը, ՙՀայ Դատի լուծման գործընթացը տարածաշրջանային նոր իրավիճակի ֆոնին՚ թեմայով` Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ՙՏարածքային պահանջատիրութիւնը որպէս Հայ Դատի պահանջատիրական պայքարի հիմնական տեսլականը՚ թեմայով ՀՅԴ Բիւրոյի մամլոյ դիւանի պատասխանատու Արտաշէս Շահբազեանը: Արտաշէս Շահբազեանի զեկոյցով էլ աւարտւեց խորհրդաժողովի առաջին նստաշրջանը, որի ընթացքում զեկոյցերում բարձրացած հարցերի շուրջ ներկաների եւ մասնագէտ զեկուցողների միջեւ փոխանակւեցին մտքեր եւ տեսակէտներ` հարց ու պատասխանի ձեւաչափով:
 
Երկրորդ նստաշրջանը սկսւեց ուրբաթ, նոյեմբերի 20-ի առաւօտեան ժամը 10-ին. արաբագէտ Արմէն Պետրոսեանը իր զեկոյցը կենտրոնացրեց ՙԱրաբական աշխարհի հնարաւոր արձագանգը Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական նոր խմորումներն եւ հայկական գաղթօջախների ճակատագիրն արաբական աշխարհում՚ թեմայի շուրջ: ՙԻրանի գործօնի նշանակութիւնն ու կարեւորումը տարածաշրջանային իրադարձութիւններում՚ թեմայով` զեկոյց ներկայացրեց Իրանի Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ՙԹուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքների վերլուծութիւն՚ թեմայով ազատ լրագրող եւ փորձագէտ Գրիգոր Ղազարեանը, ՙԱշխարհաքաղաքական նոր վերադասաւորումները եւ թուրք-իրանական մրցակցութիւնը տարածաշրջանում՚ թեմայով, ԵՊՀ-ի իրանագիտութեան ամբիոնի վարիչ, իրանագէտ Վարդան Ոսկանեանը, ՙԹուրքիայի արտաքին քաղաքականութիւնը եւ հաւանական փոփոխութիւնները` հայութեան եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ՚ զեկոյցով` թուրքագէտ, Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի արեւելագիտութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող Վահրամ Տէր-Մատթէոսեանը, ՙՀայկական Հարցի զարգացումը Թուրքիայում Ցեղասպանութիւնից յետոյ եւ ծպտեալ հայերը` որպէս Արեւմտեան Հայաստանի ազգային ինքնապահպանութեան փաստ՚ թեմայով լրագրող-վերլուծաբան Նայիրի Հոխիկեանը, ՙԱլիք՚ օրաթերթի խմբագրակազմի անդամ, ՙՀՈՒՍԿ՚ հաստատութեան նախագահ Արամ Շահնազարեանը, լուսարձակի տակ առաւ ՙՀայ-քրդական յարաբերութիւններ, քրդական գործօնը` տարածաշրջանում՚ թեման եւ ՙԱլիք՚ օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը ներկայացրեց ՙՀՀ պետական կեցւածքի ու դերակատարութեան ռազմավարական գործօնը` Հայ Դատի պահանջատիրութեան հոլովոյթում՚ թեման: Դերենիկ Մելիքեանի զեկոյցով եզրափակւեց թեմատիկ քննարկումները:
 
Թեհրանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի անունից արտայայտւեց ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը եւ նստաշրջանի աւարտին հրաւիրւեց արտայայտւելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ վերջում` եզրափակիչ խօսքով Հայ Դատի յանձնախմբի անունից արտայայտւեց յանձնախմբի նախագահ Արամ Շահնազարեանը:
 
Նստաշրջանը նախագահում էին` ճրտգ. Գեւիկ Մկրտչեանը, դոկտ. Սիլւա Ալլահվերդեանը եւ Հայ Դատի յանձնախմբի անդամ Սուրիկ Աբնուսեանը:
 
Այսպիսով աւարտւեց խորհրդաժողովը, որը մէկ անգամ եւս առիթ ընձեռեց ներհամայնքային մակարդակից դուրս ընդլայնւած ձեւաչափով քաղաքագէտ-մասնագէտների միջոցով վեր հանել եւ լուսարձակի տակ առնել Հայ Դատին առնչւող հիմնահարցեր եւ լուծումներ պարզող հարցեր:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play