Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին. Մեկնաբան


Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին. Մեկնաբան

  • 24-11-2015 17:45:29   | Թուրքիա  |  Վերլուծություն
 
Թուրքիան պաշտոնապես հաստատել է, որ Սիրիայի հետ սահմանին խփել է ռուսական օդուժին պատկանող ռազմական օդանավ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ խփվել է ռուսական Սու-24 օդանավ: Թուրքիան հայտարարել է, որ օդանավը խփվել է Թուրքիայի օդային տարածքը խախտելու համար: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ասում է, որ օդանավը թռչել է բացառապես Սիրիայի տարածքի վրայով: Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն, բայց տեղի ունեցած միջադեպն ինքնին հավասարազոր է պատերազմական ակցիայի:

 

Փաստացի, խփելով ռուսական օդանավը, Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Ամենեւին պարտադիր չէ, որ այդ պատերազմն ունենա լայնամասշաբ ռազմական բախման տեսք: Պատերազմը կարող է ունենալ բազում այլ դրսեւորումներ:

 

Բոլոր դեպքերում, այդ բավական վտանգավոր զարգացման առաջին գծում հայտնվում է Հայաստանը: Ընդ որում, դա արդեն իսկ ունեցել է դրսեւորում, երբ ընթացիկ տարվա հոկտեմբերի 3-4-ին ռուսական ռազմական օդանավերը խախտել էին Թուրքիայի օդային տարածքը, ընդամենը մեկ օր անց թուրքական ռազմական ուղղաթիռները՝ հոկտեմբերի 5-ին, նաեւ 6-ին խախտել էին Հայաստանի օդային տարածքը: Այդպիսով Անկարան ցույց էր տվել, թե ինչ ուղղությամբ կպատասխանի Ռուսաստանին՝ ընդհանուր սահմանի բացակայության դեպքում:

 

Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որն ունի նաեւ ավիացիոն բաղադրիչ՝ Էրեբունի օդանավակայանում տեղակայված են ռուսական կործանիչներ: Ռուս-թուրքական ռազմա-քաղաքական լարումը կնշանակի, որ Հայաստանն անմիջականորեն դառնում է այդ լարման օբյեկտ, առաջնագիծ: Ավելորդ է նկարագրել այդ ամենի վտանգավորությունն ու անցանկալիությունը: Ավելին, իրադարձությունները կարող են զարգանալ ուղղակի աղետալի սցենարով, եթե հակամարտությունը Թուրքիա-Ռուսաստան ֆորմատից վերաճի արդեն ՆԱՏՕ-Ռուսաստան կամ ՆԱՏՕ-ՀԱՊԿ ֆորմատի:

 

Պետք է հուսալ, որ դա տեղի չի ունենա, եվ Անկարան ու Մոսկվան կգան որեւէ խաղաղ հանգուցալուծման: Ընդ որում, հետաքրքրական է, որ Թուրքիան ռուսական ռազմական օդանավը խոցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Անկարա կատարելիք այցի նախօրեին: Լավրովը Անկարա պետք է այցելի նոյեմբերի 25-ին, եթե իհարկե օդանավի հետ տեղի ունեցած միջադեպը չդառնա այցի հետաձգման պատճառ: Ավելին, Լավրովն այցի ընթացքում պետք է նախապատրաստեր ավելի ուշ սպասվող ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպումը, որն արդեն մի քանի տարի շարունակ ամեն տարեվերջին տեղի է ունենում ռուս-թուրքական բարձրագույն խորհրդի ձեւաչափով: Կլինի՞ արդյոք Պուտին-Էրդողան հանդիպում, թե ռուս-թուրքական բարձր խորհուրդը կփոխարինվի բարձր լարումով:

 

Օդանավի խոցումն առնվազն սառը պատերազմին բնորոշ ակտ է: Ռազմական օդանավով օդային տարածքի խախտումն իհարկե համարժեք պատասխանի ենթակա միջադեպ է, սակայն արդյոք Թուրքիան չէր կարող բավարարվել զգուշացումով, արդյոք խախտումը այնքան սպառնալից է եղել, որ հարվածելն անխուսափելի էր: Թե՞ Թուրքիան իսկապես որոշել է առիթն օգտագործել ու սադրել Ռուսաստանին:

 

Ռուս-թուրքական միջադեպը սպառնալիք եւ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Կովկասի համար: Մեծ հաշվով, այն պարունակում է տարածաշրջանի ապակայունացման վտանգ: Ըստ այդմ պետք է հասկանալ, թե ու՞մ կարող է ձեռնտու լինել այդ ապակայունացումը: Մյուս կողմից, Կովկասում ներկայում վտանգված են հենց ռուս-թուրքական դիրքերը, որոնք խարխլվում են Իրան-Արեւմուտք համաձայնության շնորհիվ: Թե Թուրքիան, թե Ռուսաստանը Կովկասում մեծ հաշվով չունեն այդ գործընթացի ազդեցությունը չեզոքացնելու, այդ գործընթացն արգելակելու այլ գործնական միջոց, քան իրավիճակի ապակայունացումը եւ գլոբալ բախման հրահրումը:

 

Ի վերջո, Կովկասի բաժանման ռուս-թուրքական պայմանավորվածությունները իրականացվել են ռուս-թուրքական պատերազմների արդյունքում, եւ Հայաստանի հաշվին:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play