Ապամոնտաժվում են Հալաբյան 3 շենքի վթարային երկու շքամուտքերը


Ապամոնտաժվում են Հալաբյան 3 շենքի վթարային երկու շքամուտքերը

  • 25-11-2015 11:46:37   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հետևել է Հալաբյան 3 շենքի 4-րդ կարգի վթարայնության  երկու շքամուտքերի ապամոնտաժման աշխատանքների ընթացքին: 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով 2014 թվականին նախաձեռնվեց բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագիրը:
 
Կառուցվեցին 4 բազմաբնակարան շենքեր, որոնցից երկուսն արդեն հանձնվել են շահագործման, ևս երկուսը կհանձնվեն մինչև տարեվերջ: Ըստ այդմ, 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված բոլոր վթարային շենքերի բնակիչները հնարավորություն կունենան մինչև տարեվերջ տեղափոխվել նոր բնակարաններ:
Հալաբյան 3 շենքի 4-րդ կարգի վթարային երկու շքամուտքերում նախկինում բնակություն հաստատած թվով 30 ընտանիքներն արդեն վերաբնակեցվել են նորակառույց շենքերում, իսկ վթարային շքամուտքերի ապամոնտաժումն անհրաժեշտություն էր նաև շրջակա տարածքի և այդ հատվածով անցուդարձ կատարող բնակիչների անվտանգության նկատառումներով: Առաջիկայում, փաստաթղթային խնդիրների կարգավորումից հետո, նորակառույց բնակարաններ կտեղափոխվեն նաև մյուս վթարային շենքերում դեռևս բնակվող քաղաքացիները: Դրանից անմիջապես հետո կապամոնտաժվեն նաև այդ վթարայինները: Հիշեցնենք, որ  2012-2013 թվականներին վերաբնակեցվել էր շուրջ 200 ընտանիք: 2014 թվականի հունվարի 1-ի  դրությամբ հաշվառվել էր 4-րդ կարգի վթարայիններում բնակվող ևս 450 ընտանիք, որոնցից 200–ն արդեն նոր բնակարան ունի: Մնացած 250 ընտանիքներին էլ նոր  բնակարաններ կհատկացվեն մինչև 2015 թվականի ավարտը:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն