Ռուսական Cy-24-ի ոչնչացմամբ Թուրքիան կնքեց իր դատավճիռը. նա այլևս հեռանակար չունի. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)


Ռուսական Cy-24-ի ոչնչացմամբ Թուրքիան կնքեց իր դատավճիռը. նա այլևս հեռանակար չունի. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)

  • 25-11-2015 14:55:42   | Հայաստան  |  Քաղաքական



Ռուսական Cy-24 կործանիչի ոչնչացմամբ Թուրքիան մի վայրկյանում կնքեց իր դատավճիռը. նա այլևս հեռանակար չունի: «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
 
Ըստ նրա` Թուրքիայի կղմից ռուսական  կործանիչի ոչնչացումը պետք է դիտարկել  երկու տեսանկյունից` նախ  Մերձավոր Արևելքի վերաձևման խնդրում Ռուսաստանի մուտքը խոչընդոտներ էր ստեղծել Թուրքիայի համար, ինչի առիթով վերջինս բազմիցս դժգոհել է, ապա փարիզյան ահաբեկչություններից հետո  Թուրքիայի խնդիրն է թույլ չտալ Եվրոպայի և Ռուսաստանի միջև հնարավոր դաշինքի կնքումը:
«Մերձավոր Արևելքի վերձևման հարցում Թուրքիան իր պատկերացումներն ու ակնկալիքներն ուներ, ուստի տարածաշրջանում Ռուսաստանի ի հայտ գալը որպես նոր խաղացող բնավ ձեռնտու չէր, ինչի հետ կապված իր դժգոհությունը նա փորձեց նման սուր ձևով արտահայտել»,- ասաց Ա. Մանուչարյանը:
Նրա կարծիքով` երկիր մոլորակի վրա օրեցօր նոր սրացումներ են լինելու, որոնք հանգեցնելու են խորագույն ճգնաժամի:
Բանախոսի պնդմամբ` աշխարհում ընթացող պրոցեսների և անկայունության թիկունքում կանգնած են համաշխարհային օլիգարխները, որոնք պետություններին մանիպուլիացիաների ենթարկելով` ամեն ինչ անում են աշխարհում քաոս ստեղծելու և նոր աշխարհաքաղաքական սահմաններ ձևավորելու համար:
«Այն ինչ կատարվում է աշխարհում բացարձակապես կապ չունի ժողովուրդների կամքի հետ, դա ավելի բարձր ուժի` համաշխարհային օլիգարխիայի կամքն է, որի նպատակն է քաոս տարածել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Եվրոպայում»,- նշեց Ա. Մանուչարյանը:
Վերջինիս պնդմամբ` ասվածի վառ ապացույցը դեպի Եվրոպա սկսված աննախադեպ միգրացիոն հոսքն է, որը վաղ թե ուշ ոչնչացնելու է Եվրոպան. «Մենք այլևս կունենանք բզկտված ու ավելի ցածր մակարդակ ունեցող Եվրոպա»: 
Ա. Մանուչարյանի  խոսքերով` միգրացիոն հոսքի պատճառը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից  Լիբիայի որպես պետություն կործանումն է եղել, ինչը կատարվել է միանգամայն գիտակցաբար:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշմանը և դերակատարությանը` Ա. Մանուչարյանը նշեց, որ պետք է նախ միասնականացնել ողջ հայությանը, ապա կոնկրետացնել Ռուսաստանի հետ ստարատեգիական դաշինքը` հստակեցնելով երկկողմ պարտավորվածությունների և պատասխանատվության շրջանակները, ինչպես նաև խորքային հարաբերություններ հաստատել Իրանի, Չինաստանի, Եվրոպայի, ինչու չէ նաև Միացյալ նահանգների հետ:
Նրա փոխանցմամբ, եթե տեղի իշխանությունները չդադարեն տառապել «փողամոլությամբ» և մտածեն սեփական երկրի ու ժողովրդի հետագա ճակատագրի մասին, ապա դա կանեն երկրի ճակատագրով իրապես մտահոգված մտավորականները:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 

Նոյյան տապան  -   Քաղաքական