Հարութ Սասունյան. Կոլումբիայի համալսարանի հետազոտողները հաստատում են Թուրքիայի կապը ԻՊ-ի ահաբեկիչների հետ


Հարութ Սասունյան. Կոլումբիայի համալսարանի հետազոտողները հաստատում են Թուրքիայի կապը ԻՊ-ի ահաբեկիչների հետ

  • 25-11-2015 15:06:16   | ԱՄՆ  |  Վերլուծություն

  
Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Թուրքիայի հետազոտողներից կազմված Կոլումբիայի համալսարանի խումբն անցյալ շաբաթ հաստատեց, որ Թուրքիայի կառավարությունը «Իսլամական պետությանը» (ԻՊ) տրամադրել է՝ ռազմական գործակցություն, զենք, կազմակերպչական աջակցություն, ֆինանսական օգնություն և բժշկական ծառայություններ: Այս մանրակրկիտ հետաքննությունը գլխավորել է Կոլումբիա համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը: Նա աշխատել էր որպես ավագ խորհրդական և արտաքին գործերի գծով փորձագետ ԱՄՆ պետդեպարտամենտի համար:
 
Ահա հատվածներ այդ ծավալուն հետազոտությունից, որոնք փաստում են Թուրքիայի և ԻՊ-ի միջև եղած ուղղակի կապերը.
 
1) Թուրքիան ԻՊ-ին մատակարարել է զինամթերք
• 2014 թ. օգոստոսի 12-ին ԻՊ-ի հրամանատարներից մեկը ասաց «Վաշինգտոն փոստ» թերթին. «Զինյալների մեծ մասը, որ մեզ միացել էր պատերազմի սկզբին, եկել էր Թուրքիայի տարածքով, այդ նույն ճանապարհով էին գալիս նաև սարքավորումներն ու զինամթերքը»:
• Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն 2014 թ. հոկտեմբերի 14-ին փաստաթղթեր հայտնաբերեց Ադանայի դատախազությունից, որոնք բացահայտում էին, որ Թուրքիան  զենք է մատակարարել ահաբեկչական խմբերին: Նա նաև ներկայացրեց հարցազրույցների արձանագրությունները բեռնատարների վարորդների հետ, որոնք զենք էին հասցրել ահաբեկիչներին:
• Ըստ CHP-ի փոխնախագահ Բյուլենթ Թեզջանի՝ 2014 թ. հունվարի 19-ին թուրք գործակալները հրթիռներով, զենք ու զինամթերքով բեռնված երեք բեռնատարներ էին հասցրել ԻՊ-ին Սիրիայում:  
•  «Ջումհյուրիյեթ» թերթը մեջբերել է Ֆուաթ Ավնիին, հայտարարելով, որ Գերմանիան և Միացյալ Նահանգները ձայնագրություններ ունեին, որոնք հաստատում էին, որ Թուրքիան ֆինանսական և ռազմական աջակցություն է ցուցաբերել Ալ Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերին 2014 թ. հոկտեմբերի 12-ին:
• 2014 թ. սեպտեմբերի 27-ին հրապարակված փաստաթղթերից պարզվեց, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար բին Սուլթանը ֆինանսավորել է ԻՊ-ի համար զենքի տեղափոխումը Թուրքիայի տարածքով:
 
2) Թուրքիան նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերել ԻՊ-ի զինյալներին
• Ըստ «Ռադիկալ» թերթի 2014 թ. հունիսի 13-ի հոդվածի՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը հրապարակել է  հետևյալ հրահանգը. «Հաթայը ռազմավարական նշանակություն ունեցող վայր է մոջահեդների համար, որոնք հատելով մեր սահմանը անցնում են Սիրիա: Կավելացվի նյութատեխնիկական աջակցությունը իսլամական խմբավորումներին, իսկ նրանց մարզումը, հիվանդանոցային խնամքը ու անվտանգ անցումը հիմնականում տեղի կունենա Հաթայում»:
• «Դեյլի մեյլը» 2014 թ. օգոստոսի 25-ին հաղորդել է, որ բազմաթիվ օտարերկրյա զինյալներ Սիրիայում և Իրաքում միացել էին ԻՊ-ին անցնելով Թուրքիայի տարածքով: 
• Բրիտանական «Սքայ նյուզը» ձեռք բերեց փաստաթղթեր, ըստ որոնց Թուրքիայի կառավարությունը կնքել է օտարերկրյա զինյալների անձնագրերը, որոնք ցանկանում էին թուրքական սահմանով անցնել Սիրիա՝ միանալու ԻՊ-ին: 
• 2014 թ. հոկտեմբերի 9-ին  Եգիպտոսի մի  բարձրաստիճան պաշտոնյա նշել է, որ Թուրքիայի հետախուզությունը ԻՊ-ին է փոխանցել արբանյակային պատկերներ և այլ տվյալներ:
 
3) Թուրքիան մարզում է ԻՊ-ի զինյալներին
• 2014 թ. հուլիսի 29-ին CNN Turk-ը հաղորդեց, որ Ստամբուլի սրտում գտնվող Դուզչե և Ադափազարի բնակավայրերը դարձել են հավաքատեղի ահաբեկիչների համար: 
• Թուրքերին, որոնք միացել էին  ԻՊ-ի մասնաճյուղին, ցուցադրեցին  2014 թ. հուլիսի 28-ին Ստամբուլում կայացած հանրահավաքում:
• Տեսահոլովակներից մեկում ցուցադրել էին ԻՊ-ի մասնաճյուղի անցկացրած աղոթք- հավաքը Ստամբուլի Օմեռլի թաղամասում: 
• Ըստ Հորդանանի հետախուզության՝ Թուրքիան մարզում է ԻՊ-ի զինյալներին հատուկ գործողությունների համար:
 
4) Թուրքիան բժշկական օգնություն է ցուցաբերում ԻՊ-ի զինյալներին
• 2014 թ. օգոստոսի 12-ին ԻՊ-ի հրամանատարներից մեկը հայտնեց «Վաշինգտոն փոստ»-ին. «Սովորաբար որոշ զինյալներ, նույնիսկ «Իսլամական պետության» ամենաբարձրաստիճան անդամները, բուժում են ստանում Թուրքիայի հիվանդանոցներում»:
• 2014 թ. հոկտեմբերի 12-ին «Թարաֆ» թերթը հաղորդեց, որ նախագահ Էրդողանի իշխող կուսակցության («Արդարություն և զարգացում») հիմնադիր Դենգիր Միր Մեհմեդ Ֆիրաթը հրապարակեց, որ Թուրքիան աջակցել է ահաբեկչական խմբերին  և շարունակում է աջակցել և բուժել նրանց իր հիվանդանոցներում:
 
5) Թուրքիան ֆինանսապես աջակցել է ԻՊ-ին  նավթ գնելու միջոցով
• 2014 թ. սեպտեմբերի 13-ին «Նյու Յորք թայմս» թերթը հաղորդեց, որ Օբամայի վարչակարգը ջանքեր է թափել ճնշում գործադրելու Թուրքիայի վրա՝ վերացնելու ԻՊ-ի կողմից նավթի վաճառքի լայնածավալ ցանցը:
• 2014 թ. սեպտեմբերի 13-ին Ֆեհիմ Թաշթեքինը «Ռադիկալ»-ում գրեց Սիրիայից Թուրքիա նավթ տեղափոխող ապօրինի խողովակաշարերի մասին:
 
6) Թուրքիան օգնում է ԻՊ-ի  զինվորագրմանը
• 2014 թ. հոկտեմբերի 14-ին  Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ Ստամբուլում և Գազիանթեփում ԻՊ-ի գրասենյակները հավաքագրում են զինյալների: 2014 թ. հոկտեմբերի 10-ին Կոնիայի մուֆթին հայտարարեց, որ չորս օր առաջ իր քաղաքից 100 տղամարդ միացել է ԻՊ-ին:
• OdaTV-ն հաղորդեց, որ «Թաքվա հաբերը» ծառայում է որպես քարոզչական միջոց ԻՊ-ի համար՝ Թուրքիայում և Գերմանիայում թուրքախոս տղամարդկանց հավաքագրելու համար:
• Թուրքիայի սպորտի նախարար, «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Սուաթ Քըլըչը Գերմանիայում այցելեց սալաֆի ջիհադականներին, որոնք աջակցում են ԻՊ-ին: Այս ջիհադականները կողմնակիցներ են հավաքագրում Ղուրանի անվճար օրինակներ բաժանելով և դրամահավաք կազմակերպելով՝ Սիրիայում և Իրաքում ինքնասպանությամբ ահաբեկչություններ հովանավորելու համար:
• OdaTV-ի հեռարձակած տեսանյութում ցուցադրել են Ստամբուլում ավտոբուսով երթևեկող ԻՊ-ի զինյալներին:
 
7) Թուրքական ուժերը կռվում են ԻՊ-ի կողքին
• Ամերիկյան հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը London Review of Books-ում հաստատեց՝ «հայտնի էր, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը աջակցում էր «Ալ-Նուսրա ճակատին»՝ ապստամբ ընդդմադիրների շրջանում ջիհադական խմբակցությանը, ինչպես նաև այլ իսլամիստական ​​ապստամբ խմբերի»:
• 2014 թ. սեպտեմբերի 20-ին,  Խորհրդարանում «Ազգերի ժողովրդավարական» կուսակցությունը (HDP) ներկայացնող  պատգամավոր Դեմիր Չելիքը հայտարարեց, որ թուրքական հատուկ ուժերը ռազմի դաշտում միացել էին ԻՊ-ին:
 
8) Թուրքիան օգնել է ԻՊ-ին Քոբանիի համար մղվող մարտում
• 2014 թ. սեպտեմբերի 19-ին Քոբանիի քաղաքապետ Անվար Մուսլիմը բացահայտեց, որ թուրքական զենք ու զինամթերքով բեռնված գնացքներ են հասցվել ԻՊ-ին: 2014 թ. սեպտեմբերի 30-ին CHP-ի պատվիրակությունը այցելեց Քոբանի, որտեղ տեղացիները հայտարարեցին, որ ամեն ինչ, սկսած ԻՊ-ի մարտիկների հագուստից մինչև զենքերը, գալիս են Թուրքիայից:
• 2014 թ. սեպտեմբերի 25-ին «Նուհաբեր»-ի տեսահոլովակը ցուցադրեց տանկեր և զինամթերք փոխադրող թուրքական զինվորական ուղեկցորդներին՝ ԻՊ-ի դրոշի ներքո Սիրիայի Ջարաբլուզ շրջանում ազատ տեղաշարժվելիս և Կարկամիշի սահմանն անցնելիս:
• PYD-ի («Սիրիայի քրդերի ժողովրդավարական միություն») քուրդ զինյալների առաջնորդ Սալիհ Մուսլիմը հաղորդեց, որ 2014 թ. հոկտեմբերի 20-24-ը 120 զինյալներ Թուրքիայից անցել էին Սիրիա:
• Ըստ «Նյու Յորք թայմս» թերթի 2014 թ. հոկտեմբերի 29-ի համարում YPG-ի («Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը») քուրդ հրամանատարի գրած սյունակի՝ Թուրքիան պարբերաբար թույլ է տալիս ԻՊ-ի զինյալներին իրենց տեխնիկայով անցնել իր սահմանը: 
• 2014 թ. հոկտեմբերի 1-ին Դիքենը հաղորդեց. « ԻՊ-ի զինյալները հատելով Թուրքիայի սահմանը անցել էին Սիրիա թուրք զինվորների գիտությամբ և համաձայնությամբ»:
 
9) Թուրքիան և ԻՊ-ը նույն աշխարհայացքն ունեն
• 2014 թ. հոկտեմբերի 3-ին RT-ն հաղորդեց փոխնախագահ Ջո Բայդենի ելույթի մասին, ուր ներկայացվում էին ԻՊ-ին ցուցաբերվող թուրքական աջակցության մանրամասները:
• «Հյուրիյեթը» 2014 թ. սեպտեմբերի 26-ին մեջբերեց թուրք քաղծառայողի խոսքերը. «Ես ցնցված էի՝ լսելով որոշ բարձրաստիճան ծառայողների հիացական խոսքերը ԻՊ-ի հասցեին»:
• «Արդարության և զարգացում» կուսակցության խորհրդի մի անդամ իր ֆեյբուքյան էջում գրել էր. «Բարեբախտաբար ԻՊ-ը գոյություն ունի.... Թող անսպառ լինեն ձեր փամփուշտները....»:
• Համաձայն Սարիեր Գյոզլեմի՝ Էրդողանի որդի Բիլալը և թուրք պաշտոնյաները հանդիպել են ԻՊ-ի զինյալների հետ:
 
Բացարձակապես անընդունելի է, որ այն ժամանակ, երբ ԻՊ-ը զանգվածային սպանություններ է իրականացնում Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում, ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիան շարունակում է օգնել ու զինել այդ ահաբեկիչներին: Ժամանակն է, որ Թուրքիային վտարեն ՆԱՏՕ-ից, իսկ նրա ղեկավարները մեղադրվեն և դատվեն այս սարսափելի ոճրագործություններում իրենց ունեցած դերակատարության  համար:
 
Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play