Երևանում վնասազերծել են տեռորիստական գործողություններ կատարող անձանց


Երևանում վնասազերծել են տեռորիստական գործողություններ կատարող անձանց

  • 25-11-2015 15:23:26   | Հայաստան  |  Իրավունք


Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց: Այս պահին նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել է ուժեղացված հսկողության տակ, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն են կատարում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերացիան կատարվել է պրոֆեսիոնալ ձևով, ինչի շնորհիվ էլ զոհեր ու վիրավորներ չկան, հակառակ դեպքում, եթե ԱԱԾ-ականները 1 վայրկյան անգամ հապաղեին, մինչև ատամները զինված բաշիբոզուկները գործի կդնեին ինքնաձիգներն ու պայթուցիկները: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:

*** Դեպքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում <մուխա> տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Նոյյան տապան  -   Իրավունք