Կայացել է ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը


Կայացել է ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը

  • 25-11-2015 16:43:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարարին կից ատյանի հերթական նիստը:
 
Քննարկվեց  երեք հարց:  
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության եվ հեռակաղորդակցության վարչության տարեկան հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ Վ. Վարդանյանը: Զեկուցողը նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է վերլուծական 32 աշխատանք, նորացվել և լրամշակվել է նախարարության պաշտոնական կայքը: «Իրավական ակտեր» բաժինն ամբողջությամբ ենթարկվել է կառուցվածքային փոփոխության, որտեղ նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության համագործակցությամբ մշակվել և  տեղադրվել է 139 իրավական ակտ: «Բյուջե, հաշվետվություններ» բաժնում տեղադրվել է ՀՀ սփյուռքի նախարարության 2015 թվականի ֆինանսական ծրագիրը: «Տեսասրահ» բաժնում տեղադրվել 176 տեսանյութ:
Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվական քաղաքականության ներկայացմանը: ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, նպատակներին եւ խնդիրներին, նախարարության կողմից իրականացված և իրականացվող ծրագրերին եւ դրանց հեռահար նպատակներին: Հաշվետու ժամանակահատվածում թվայնացվել և կայքում տեղադրվել է 37500 էջ նյութ, 129 ամբողջական գիրք: Ինչպես նաև՝ շուրջ 750 նյութ: Հայկական սփյուռքի պատմության վիրտուալ թանգարանում տեղադրվել է շուրջ 700 նյութ և ավելի քան 950 նոր թվայնացված լուսանկար:  Էլեկտրոնային շտեմարանի համար տարբեր աղբյուրներից հավաքագրվել է ավելի քան 4900 տվյալ:
Նախարարը կարևորեց վարչության hամակարգված աշխատանքը, տեղեկատվության օպերատիվությունը և համահայկական ցանցերի հետ աշխատանքի ակտիվությունը: 
Ամերիկայի հայ համայնքների վարչության տարեկան հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ Ռ. Հովհաննեսյանը: Զեկուցողը նշեց, որ «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» 2015թ. ծրագրի շրջանակներում Սիդնեյ են գործուղվել արվեստի գործիչներ «Հայկական Փառատոն 2015թ.» համերգային ծրագրով հանդես գալու, հայկական մշակութային կենտրոններում և դպրոցներում հայկական մշակույթն ու երգարվեստը տարածելու նպատակով: 2015թ հուլիսի 15-ից օգոստոսի 20-ը կազմակերպվել է ուսուցչուհի, մեթոդիստ Աստղիկ Բալայանի այցը Ավստրալիա՝ Սիդնեյ, հայկական մշակութային կենտրոններում և դպրոցներում մայրենի լեզուն որպես օտար լեզու դասավանդելու,  ուսուցիչներին, ինչպես նաև աշակերտներին վերապատրաստելու նպատակով:  
ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ բարեգործական ծրագրեր են իրականացվել. Կանադայի հայ համայնքի կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանն են տրամադրվել տաքացվող գուլպաներ՝ նախատեսված սահմանամերձ զորամասերի համար: Իրականացվել է տարածաշրջանային հայ համայնքներում լույս տեսնող ԶԼՄ-ների մոնիթորինգ, նյութերն ուղարկվել են «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականին: Համալրվել են տարածաշրջանի հայ համայնքների անձնագրերը:
«Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գործունեության վերաբերյալ զեկուցեց գլխավոր խմբագիր Ն. Մկրտիչյանը: Զեկուցողը նշեց, որ ՀՀ Սփյուռքի Նախարարության «Հայերն այսօր»  էլեկտրոնային պարբերականը որպես նախարարության հիմնական լրատվամիջոց իր ընթերցողներին իրազեկում է Հայաստանի, Սփիւռքի եւ աշխարհի տարբեր երկիրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ դառնալով Հայաստան-սփիւռք եւ Սփիւռք-Սփիւռք կապերի ամրապնդման կարևոր օղակներից մէկը: Կայքը գործում է ռուսերեն, անգլերեն եւ հայերեն տարբերակներով։ Պարբերականը Հայաստանում գրանցված միակ լրատվական կայքն է, որ ունի արևմտահայերեն տարբերակ, և որպես այդպիսին համահայկական հետաքրքրութուն ներկայացնող տեղեկատվական-ճանաչողական կայք է։ «Հայերն այսօր»-ի տեղեկատվական քաղաքականության գլխաւոր թիրախներն են` Սփյուռքի նախարարության առաջադրած ռազմավարական խնդիրների ուղղությամբ իրականացվող գերակա ծրագրերն ու ձեռնարկները` «Արի տուն» երիտասարդների հայրենաճանաչության ծրագիրը, «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացները, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, համահայկական համաժողովները, զանազան մրցույթներ, ինչպէս նաև` Սփյուռքում հայապահպանության, հայկական ներուժի հայտնաբերման ու համախմբման, հայրենադարձության խթանման, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, Հայոց Եկեղեցու շուրջ համախմբմանը միտված թեմաների համապարփակ լուսաբանումը:
«Հայերն այսօր»-ը համագործակցում է Հայաստանում գործող սփյւռքյան գիտական, ուսումնական եւ լրատվական կառույցների, Սփյուռքի համայնքային կառույցներու, համահայկական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ անհատ լրագրողների հետ: Լուրերի և այլ նյութերի հրապարաումներից բացի, «Հայերն այսօր»-ը իրականացնում է այլ ծրագրեր, որոնք առավել ճանաչում բերեցին կայքին եւ բազմացրեցին ընթերցողների թիվը: 
Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձավ նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին, ձեռքբերոմներին ու բացթողումներին,  և կարևորեց սերտ կապն ու համագործակցությունը Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ այդ ուղղությամբ նախարարության վարչությունների կազմակերպված ու համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն