«Վանա կատուն» ներկայացման պրեմիերան դարձավ Կարեն Ջանիբեկյանի «Կարապի երգը». Լիանա Անթառանյան


«Վանա կատուն» ներկայացման պրեմիերան դարձավ Կարեն Ջանիբեկյանի «Կարապի երգը». Լիանա Անթառանյան

  • 25-11-2015 17:27:12   | Հայաստան  |  Մշակույթ

«Վանա կատուն» ներկայացման պրեմիերան դարձավ Կարեն Ջանիբեկյանի «Կարապի երգը»,- ասում է ներկայացման բեմադրիչ, ռեժիսոր, սցենարի հեղինակ Լիանա Անթառանյանը:
 
Ըստ նրա` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վանա կատուն» խորհրդանշական անվանմամբ ներկայացման գլխավոր հերոսների` Մայր Հայաստանի և Վանա կատվի միջոցով անդրադարձ է արվում ինչպես Հայոց ցեղասպանության թեմային, այնպես էլ Արևելյան Հայաստանի և ողջ հայության ներկայիս խնդիրներին ու բացթողումնրին: 
«Վանա կատվի առաջին դերակատարը` իմ սիրելի, պաշտելի ամուսինս` Կ. Ջանիբեկյանն էր, հիվանդ-հիվանդ մասնակցեց բոլոր փորձերին և մինչև վերջ խաղաց իր դերը»,- հիշում է Լ. Անթառանյանը` հավելելով, որ այդ օրը հանդիսատեսը գնացել էր ավելի շատ մեծանուն դերասանին տեսնելու համար:
Ներկայացման գործողությունները ծավալվում են Վանա լճի Սուրբ խաչ եկեղեցում, որտեղ Վանա կատուն շարունակում է սպասել իր տերերի վերադարձին` ամուր պահելով Արևմտյան Հայաստանից հեռացած հայերի տների բանալիները:
Մայր Հայաստանի դերակատար Լ. Անթառանյանի խոսքերով` հայոց ցեղասպանության ցավոտ թեմայից հետո, այսօր ավելի ցավոտ է Արևելյան Հայաստանում շարունակվող արտագաղթը:
«Մայր Հայաստանի հավաքական կերպարը չի ցանկանում հաշտվել իր զավակների անտարբերության հետ, արտագաղթով, միմյանց նկատմամբ ոչ բարյացակամ և անհանդուրժողական վերաբերմունքի հետ»,- նշեց Լ. Անթառանյանը`ընդգծելով, որ պետք չէ ժողովրդին տարանջատել վատերի ու լավերի, չարերի ու բարիների:
Ներկայացման մյուս հերոսներն են Արևմտյան Հայասատնում բնակվող ծպտյալ երկու հայերը, արտասհամանից և Արևելյան Հայաստանից Վան այցելած հայ երիտասարդները, քուրդը և թուրքը. վերջիններս  ողջ ներկայացման ընթացքում շոշափում են թուրքերի շրջանում տարածված այն կարծիքը, թե հայերը չեն սիրում միմյանց, միշտ պառակտված են և միայն կորցնելուց հետո են գնահատում  ունեցածը: 
«Վանա կատվի» հեղինակի փոխանցմամբ` ներկայացումը  ռազմահայրենասիրական ծրագրի շրջանակներում, ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ ցուցադրվել է ինչպես երևանյան թատրոններում, այնպես էլ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում և Իջևան ու Բերդ քաղաքներում` նպատակ ունենալով ներկայացման հերոսների միջոցով ևս մեկ անգամ ամրապնդել հայ զինվորի ու սահմանամերձ գյուղի բնակչի մարտական ոգին:
Ըստ Լ. Անթառանյանի ` «Վանա կատուն» իր առաջին մեծ, ինքնուրույն աշխատանքն է: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play