128 կարիքավոր և հաշմանդամություն ունեցող անձիք մասնակցում են մասնագիտական ուսուցման դասընթացների


128 կարիքավոր և հաշմանդամություն ունեցող անձիք մասնակցում են մասնագիտական ուսուցման դասընթացների

  • 25-11-2015 18:28:21   | Հայաստան  |  Բարեգործություն

Ներկայումս Հայաստանի աղքատ և խոցելի խմբերի, ներառյալ հաշմանդամություն ունեցող թվով 128 անձիք Երևանի «Մանանա» ուսումնական կենտրոնում մասնակցում են «Համակարգչային գրագիտություն», «Սեղանի հարդարում», «Խոհարարություն», «Հրուշակագործություն», «Դիմահարդարում», «Վարսահարդարում» և «Մերսում» դասընթացների:
 
Ծրագիրն իրականացվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության (ԱՀ ԲՀԿ) «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի «Մասնագիտական ուսուցում» բաղադրիչի շրջանակներում:
«Նոյյան տապան»-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի մասնագիտական ուսուցումների փորձագետ Գոռ Գևորգյանը տեղեկացրեց, որ ԱՀ ԲՀԿ-ի մասնագիտական ուսուցման դասընթացներն իրականացնում են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Վանաձորում: 
Ըստ նրա` դասընթացների նպատակն է առաջին հերթին լուծել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը, ինչպես նաև խոցելի խմբերին հասարակությունում ներգրավվելու, նրանց կյանքը առավել լիարժեք դարձնելու և որակական նոր հարթության վրա դնելու հարցը, նրանց ինքնուրույնության, սեփական անձի նկատմամբ վստահության ձևավորումը:
Գ. Գևորգյանի փոխանցմամբ` ծրագրի առաջին՝ «Մասնագիտական ուսուցում» բաղադրիչի շրջանակներում ԱՀ ԲՀԿ-ի խորհրդատուները շուկայի ուսումնասիրության արդյունքում ընտրել են այն մասնագիտությունները, որոնք մեծ պահանջարկ ունեն ՀՀ աշխատաշուկայում և կարող են իրականացվել ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց կողմից:
 «Ես «Մանանա» կենտրոնում մասնակցում եմ վարսահարդարության դասընթացին: Սկզբում ինձ մոտ լավ չէր ստացվում, սակայն կենտրոնի դասընթացավարների բարեհամբույր վերաբերմունքի, վարսահարդարման հմտությունների մատչելի փոխանցման շնորհիվ ինձ հաջողվեց հաղթահարել այդ դժվարությունները»,- ասաց ծրագրի շահառու Գայանե Մեթխանյանը` հավելելով, որ նույն ծրագրի շրջանակներում մասնակցել է նաև բիզնեսի կառավարման դասընթացների և  ակնկալում է   մի օր ունենալ սեփական գեղեցկության սրահը:  
«Սեղանի հարդարում» դասընթացի մասնակից  Գոհար Հարությունյանի գնահատմամբ` դասընթացի արդյունքում ձեռք բերած հմտությունները լիովին բավարար են հետագայում աշխատանք գտնելու համար: 
Վերջինս սեփական աշխատանքն ունենալու հանգամանքը կարևորում է նախ և առաջ սեփական անձի և շրջապատի համար պիտանի լինելու տեսանկյունից: 
Ըստ նրա՝ վերոնշյալ դասընթացին մասնակցելով՝  ինքն իրեն ապացուցեց, որ կարող է ինքնուրույն կառուցել իր ապագան և վստահությամբ լցվեց սեփական ուժերի նկատմամբ:
«Մանանա» ուսումնական կենտրոնի մենեջեր Կիմա Գասպարյանի խոսքերով`  դասընթացի մասնակիցների ցուցաբերած ակտիվությունը և հաջողությունները ոգևորող են: 
Նրան հատկապես ուրախացնում են մերսման դասընթացի խմբի մասնակիցների հաջողությունները, քանի որ այդ խմբի մասնակիցների մեծ մասը կուրություն ունեցող հաշմանդամներ են: 
«Իհարկե, ուսուցման ընթացքում նրանք որոշակի դժվարությունների են բախվում՝ ելնելով տեսողության հետ կապված խնդիրներից, սակայն երևում է, թե ինչ հաճույքով են հաճախում դասերին, ինչպիսի ոգևորությամբ են ասում, որ իրենց մոտ ստացվել է»,- ասաց Կ. Գասպարյանը` բարձր գնահատելով շահառուների հոգատար վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ:
Կ. Գասպարյանը նաև վստահեցրեց, որ ուսանողների հետ կապը պահպանվելու է նաև դսաընթացի ավարտից հետո. թե՛ խորհուրդներով, թե՛ փորձով շարունակելու են աջակցել դասընթացի մասնակիցներին նաև ապագայում:
Նշվեց, որ դասընթացի ավարտին մասնակիցները ստանալու են  համապատասխան մասնագիտական որակավորուման վկայագրեր՝  հետագայում աշխատանք ունենալու նպատակով: 
 «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը (ԱՀ ԲՀԿ) «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է դեռևս 2013 թվականից Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ Կառավարության աջակցությամբ: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play