Հայաստանը միացել է Գենդերահեն բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյա համաշխարհային քարոզարշավին


Հայաստանը միացել է Գենդերահեն բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյա համաշխարհային քարոզարշավին

  • 25-11-2015 18:35:13   |   |  Մամլո հաղորդագրություն

 Հայաստանի կառավարությունը, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը, Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակը, քաղաքացիական հասարակության գործընկերների հետ համատեղ, այսօր ազդարարեցին Գենդերահեն բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյա համաշխարհային քարոզարշավի մեկնարկը։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժ. պ. Գարիկ Հայրապետյանը բացեց միջոցառումը՝ նշելով. «Կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունը ոչ միայն քայքայում է ընտանիքներ եւ կործանում դրանից տուժած անձանց կյանքը, այլեւ վտանգում է մեր ամբողջ հասարակության տնտեսական եւ սոցիալական առաջընթացը, եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի վերջին հետազոտությունը հաստատում է ասվածը»։ Ֆիլարետ Բերիկյան, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար. «Գենդերային հավասարությունն առաջին հերթին մարդու իրավունք է: Կանայք իրավունք ունեն ապրել արժանապատիվ և կարիքից ու վախից ազատ կյանքով: Իսկ նրանց ներուժի լիարժեք օգտագործումը անհրաժեշտ գործիք է երկրի զարգացումն առաջ մղելու և աղքատությունը կրճատելու համար: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում, ՀՀ ոստիկանությունը գործուն քայլեր է ձեռնարկում ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման և բացահայտման ուղղությամբ: Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզն իր խոսքում նշեց. «Ապահովելու համար, որ ընտանեկան բռնությունից տուժած անձինք ստանան անհրաժեշտ պաշտպանություն եւ ծառայություններ, Հայաստանի կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը եւ իրավապահ մարմինները բոլորը պետք է լսեն միմյանց եւ միասնաբար աշխատեն։ Մարդկանց մաքսանենգության դեմ պայքարի հարցում Հայաստանի որդեգրած հաջող, բազմաոլորտային եւ ներառական մոտեցումից մենք գիտենք, որ այս խմբերը կարող են արդյունավետորեն աշխատել միասին։ Մենք լիահույս ենք, որ այս տարվա 16-օրյա քարոզարշավը նշանավորում է այսօր այստեղ ներկա բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ երկար եւ արդյունավետ գործընկերության սկիզբը»։ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց. «Այս ամենամյա միջոցառումն ունի էական նշանակություն՝ հիշեցնելու մեր ստանձնած պարտավորությունների եւ դեռեւս չարված աշխատանքի մասին։ ԵԱՀԿ-ն տեխնիկական փորձագիտության եւ նախագծերի միջոցով աջակցում է անդամ պետություններին՝ արձագանքելու ընտանեկան բռնությանը»: Նատալյա Վուտովան՝ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը, նշեց. «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) պետություններին կոչ է անում ոչ միայն վարույթ հարուցել օրինազանցների նկատմամբ, այլ աջակցություն և պաշտպանություն տրամադրել տուժողներին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել բռնությունը կանխարգելելու ուղղությամբ: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը խրախուսում է Հայաստանի իշխանություններին ստորագրել և ապա վավերացնել Ստամբուլի կոնվենցիան»: Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը նշեց. «Եվրոպական միությունը կանանց եւ աղջիկներին պաշտպանում է գենդերահեն բռնությունից՝ օրենսդրության եւ տուժածների իրավունքների վերաբերյալ գործնական միջոցառումների միջոցով։ Մեր ազգային կառավարությունների քարոզարշավների եւ ՀԿ-ների կողմից իրականացվող անդրազգային նախագծերի միջոցով մենք կենտրոնանում ենք հանրային իրազեկության բարձրացման շուրջ։ Գործընկեր երկրներում մենք գործընկեր կառավարություններին խրախուսում ենք կատարել գենդերային հավասարությանն առնչվող միջազգային հանձնառությունները, ներառյալ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիան եւ Եվրոպայի խորհրդի «Ստամբուլի կոնվենցիան»։ Տուժածների պաշտպանության լավագույն ապահովման նպատակով ԵՄ-ն եւ անդամ պետությունները ֆինանսավորել են տարատեսակ նախաձեռնություններ՝ հաջակցություն Հայաստանում կանանց իրավունքների եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի։ Մենք ավարտին ենք հասցրել Հայաստանի կառավարության հետ բանակցությունները ԵՄ Մարդու իրավունքների պաշտպանության բյուջեի աջակցության 2016-2018 թթ. առաջին ծրագրի շուրջ, որը կներառի նաեւ բաղադրիչ գենդերային հավասարության վերաբերյալ։ Ծրագրի պայմաններից մեկը 2016 թվականին ընտանեկան բռնության մասին առանձին օրենքի ընդունումն է»։ «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը նշեց. «Բռնությունը միշտ բերում է աղետալի հետևանքների, լինի դա ընտանիքում, թե ազգերի ու պետությունների միջև: Ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում ցավոք մարդկային կյանքեր են արժենում, աշխարհի տարբեր ծագերում բռնկված հակամարտությունները՝ նույնպես: Եվ քանի որ այս տարի «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա» քարոզարշավը կրում է «Խաղաղություն ընտանիքից աշխարհին» խորագիրը, ես ուզում են նորից հիշեցնել այն, որ բռնությունը կարող է շղթայական տարածվել, և եթե ընտանեկան բռնության հանդեպ հասարակությունը զգայուն չէ, չի դատապարտում ու չի փորձում կանխարգելել վայրագ դրսևորումները, չի կարողանա լուծել նաև պետության ու աշխարհի բնականոն ընթացքին ու խաղաղությանը սպառնացող խնդիրները:” «Գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16 օր»-ը միջազգային քարոզարշավ է, որն իրականացվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը. քարոզարշավի նպատակն է խթանել կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության վերացմանն ուղղված գործողություններն աշխարհով մեկ։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play