Կառավարությունը շարունակում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը


Կառավարությունը շարունակում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

  • 26-11-2015 16:16:00   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 
Գործադիրը սահմանել է այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման դեպքում հաշվարկված մաքսատուրքի վճարման ժամկետը կարող է փոփոխվել և որոնք նախատեսված են օգտագործելու արդյունաբերական վերամշակման ընթացքում: Կարգավորման նպատակն է խթանել ներքին արտադրությունը՝ ստեղծելով բարենպաստ գործարար միջավայր:
 
Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից  մեկում՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով գործարարների համար, որպեսզի վերջիններս առանց խոչընդոտների ԵԱՏՄ տարածք արտահանեն հայրենական որոշ արտադրատեսակներ: ԵԱՏՄ անդամ երկրներին տրվում է հնարավորություն ԵԱՏՄ հաստատված տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկում ներառելու իրենց ազգային ստանդարտները: 
Գործադիրը բավարարել  է «ՋիԱրՓի Սիսթեմս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը. ընկերությունը կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «ՋիԱրՓի Սիսթեմս»-ը հիմնվել է 2011թ., արդեն մի քանի տարի է ինչ գործունեություն է ծավալում և հանդիսանում տարածաշրջանում միակ ապակեմանրաթելային խողովակներ արտադրող ընկերությունը: Արտադրանքի հիմնական սպառողներն են փոքր հիդրոէլեկտրակայանները: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանն է ուղղված նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծի ընդունումը պայմանավորված է հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ գործարար միջավայր ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների համար կվերացվեն իրենց տարածքում հեռուստատեսային հաղորդումներ հեռարձակելու համար պահանջվող լիցենզիայի կամ հեռարձակման լիցենզիա ունեցող ընկերության հետ վերահեռարձակման պայմանագիր կնքելու ուղղակի ֆինանսական և վարչարարական ծախսերը, ինչպես նաև առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել  առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումներն Ազգային հանձնաժողովի գրավոր թույլտվության հիման վրա իրականացնելու վերաբերյալ դրույթը: 
Գործադիրը հավանություն է տվել «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է հստակեցնել և կրճատել գործընթացի ժամկետները: Նշենք, որ այդ օրենքով  կարգավորվում է գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի ստեղծման, իրավական պահպանության, օգտագործման հետ կապված գույքային և անձնական՝ ոչ գույքային հարաբերությունները:
 
 
Կբարձրանա ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը 
 
Ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների դեպքում վճարվող ծննդյան միանվագ նպաստի և ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանված ընտանեկան դրամագլխի միջոցների օգտագործման նպատակները հասանելի դարձնել թիրախային գյուղական բնակավայրերի բնակչության համար: Գործող որոշման համաձայն՝ ընտանեկան դրամագլխի միջոցները կարող են օգտագործվել հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու, տոկոսագումարը վճարելու, ընտանիքի անդամի ուսման վարձը վճարելու և ընտանիքի անդամի բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար: Ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունների, ինչպես նաև քաղաքացիների դիմումների վերլուծությունները ցույց են տվել, որ գյուղական բնակավայրերի բնակչությունը դրամագլխի միջոցները գործնականում չի կարողանում լիարժեք օգտագործել հիփոթեքային վարկի մայր գումար մարելու և տոկոսագումար վճարելու համար: Առանձին դեպքերում բանկի պահանջներին չբավարարելու պատճառով գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի հիփոթեք չի ձևակերպվում, սակայն ընտանեկան դրամագլխի  միջոցները բավարար են տվյալ գյուղում անշարժ գույք ձեռք բերելու համար: Որոշմամբ նաև սահմանվել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունել առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ: Անդրադառնալով ընդունված որոշմանը, վարչապետն այն համարել է շատ կարևոր քայլ, որով ավելացվում են  դրամագլխի ծախսերի ուղղությունները և  հնարավորություն է տրվում քաղաքացիներին այդ գումարն արդյունավետ օգտագործել: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն