Մարզերի առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրները՝ կառավարության ուշադրության կենտրոնում


Մարզերի առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրները՝ կառավարության ուշադրության կենտրոնում

  • 26-11-2015 16:20:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով: Երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով կառավարության նախկինում ընդունած որոշմամբ գումար էր հատկացվել, սակայն աշխատանքներն ավարտին հասցնելու և դպրոցը շահագործման հանձնելու նպատակով անհրաժեշտ է հատկացնել ևս 28 մլն դրամ:
 
Մեկ այլ որոշմամբ էլ  30 մլն դրամ կհատկացվի  նույն մարզի Սիսիան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման նպատակով: Վերոնշյալ խնդիրը կարճ ժամկետում չլուծելու պարագայում անհրաժեշտություն կառաջանա ներդնել առավել մեծ ֆինանսական միջոցներ: Նշենք, որ այս երկու հարցերն էլ բարձրացվել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ս.թ. նոյեմբերի 21-ին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ: 
 
 
Միջազգային համագործակցություն
 
Գործադիրը հավանություն է տվել «Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության  միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նախագծին»: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը: Հովիկ Աբրահամյանր նշել է, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է որպես գերակա ուղղություն և հանձնարարել է բոլոր պատկան մարմիններին արագ կազմակերպել համապատասխան գործընթացները, որպեսզի հունվար-փետրվար ամիսներին շինարարական աշխատանքները սկսվեն:
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս»  ՓԲԸ միջև 2015թ. սեպտեմբերի 7-ին կնքված պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների երկրորդ փուլի կատարման համար: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, որպես քաղաքականություն մշակող նախարարություն, առաջին և երկրորդ փուլերի հետ կապված ներկայացնել վերլուծություն:   
Կառավարությունը համաձայնություն է տվել  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով գտնվելու համար:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն