Կայացել է հայերեն թարգմանված «Առաջին օգնության ցուցաբերում» և «Շտապ նախահոգեբանական օգնություն» ձեռնարկների շնորհանդեսը


Կայացել է հայերեն թարգմանված «Առաջին օգնության ցուցաբերում» և «Շտապ նախահոգեբանական օգնություն» ձեռնարկների շնորհանդեսը

  • 26-11-2015 17:36:55   | Հայաստան  |  Մշակույթ
Նոյեմբերի 26-ին ՌԴ Պյատիգորսկ քաղաքի բժշկա-դեղագործական ինստիտուտում կայացավ ռուսերենից հայերեն թարգմանված «Առաջին օգնության ցուցաբերում» և «Շտապ նախահոգեբանական օգնություն» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը: 
 
Ձեռնարկների թարգմանության շնորհանդեսին ուղիղ տեսակապով մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ Հոգեբանական խորհրդատվական գծով ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Արևիկ Երիցյանը, «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի» առաջնային բժշկական ապահովման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Աննա Բարսեղյանը և աղետների բժշկության մասնագետ Վաչիկ Հակոբյանը:
 
Թարգմանության նպատակն է ՌԴ Ստավրոպոլի երկրամասի 160 հազարանոց հայ բնակչության համար ավելի մատչելի դարձնել դրանց օգտագործումը: Ձեռնարկները թարգմանվել են նաև ՌԴ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների ավելի քան 20 լեզուներով:   Դրանց հրատարակումը իրականացվել է 2015 թ. սկզբին ՌԴ ԱԻ նախարարության «Շտապ հոգեբանական օգնության կենտրոնի» «Սովորիր կյանք փրկել» նախաձեռնած նախագծի շրջանակներում: Ծրագրի էությունը կայանում է նրանում, որ ցանկացած մարդ, ով չունի մասնագիտական կրթություն, կարող է սովորել առաջին օգնություն և իրեն ու շրջապատողներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հմտությունները: Դրանք հնարավորություն են ընձեռում պարզ և հասկանալի եղանակով յուրացնել առաջին օգնության հմտությունները և կազմված են հատուկ պատկերազարդումներով, որոնք էլ ավելի մատչելի են դարձնում նյութի ըմբռնումը:
 
ՏԿԱԻ նախարարության հոգեբանական ծառայության և անձամբ իր անունից շնորհավորելով ռուս գործընկերներին «Սովորիր կյանք փրկել» նախագծի կապակցությամբ` Արևիկ Երիցյանը նշեց.  
 
Շատ կարևոր է, որ մասնագիտական կրթություն չունեցող յուրաքանչյուր ոք կարողանա իրեն և շրջապատին հոգեբանական աջակցություն ու առաջին օգնություն ցուցաբերել: Շատ հաճելի է, որ ձեռնարկները թարգմանվել են հայերեն, ինչը դրանք կդարձնի էլ ավելի կիրառելի և օգտակար թե մեր երկրում, թե այլ պետությունների հայ համայնքների համար: Թույլ տվեք Ձեզ հաջողություն մաղթել հետագա աշխատանքներում: Առիթից օգտվելով պատրաստակամություն ենք հայտնում հետագայում շարունակել մեր գերատեսչությունների միջև բեղմնավոր համագործակցությունը:  
 
Նախագծի իրականացման հարցում հաջողություն մաղթելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ ՌԴ ԱԻՆ «Շտապ հոգեբանական օգնության կենտրոնի» տնօրեն Յ. Շոյգուն ասաց.
 
Շատ ուրախ եմ ձեռնարկների թարգմանության շնորհանդեսին այդքան մարդ տեսնել դահլիճում: Սա ապացույցն է առ այն, որ բնակչությունն իսկապես հետաքրքրված է թեմայով: Նախագծի իրականացման մտահղացումը պատահական է ծագել: Մենք պարզապես հասկացանք, որ շատերն ունեն այդ պարզ գիտելիքների կարիքը: Մենք շատ ենք կարևորում նաև երիտասարդների ներգրավումը: Այս գիտելիքները պետք է դառնան մեր առօրյայի մի մասը, ինչի շնորհիվ կկարողանանք ձևավորել անվտանգության մշակույթ, - եզրափակեց Յ. Շոյգուն: 
 
Շնորհանդեսի ընթացքում պարգևատրվեցին ձեռնարկների թարգմանության հարցում ավանդ ունեցող կամզակերպությունների ներակայցուցիչները և մասնագետները: Թարգմանված ձեռնարկների 100 օրինակ կտրամադրվի Հայաստանին: 
 
Նշենք, որ 2014թ. մայիսից ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ-ում գործում է հոգեբանական ծառայություն, որը սահամանել է շուրջօրյա հերթապահություն: Ստեղծված հոգեբանական առաջին ստորաբաժանման հիմնական նպատակն է քաղաքացիներին հոգեբանական խորհրդատվության տրամադրումը, ինչպես նաև՝ դեպքի վայրում տուժածին հոգեբանական աջակցության ցուցաբերումը: Ծառայության աշխատակիցներն ուսումնասիրում են այլ երկրների փորձը, ինչպես նաև՝ համագործակցության նոր եզրեր գտնում ոլորտում հարուստ փորձ ունեցող երկրների համապատասխան ծառայությունների հետ: Սերտ համագործակցություն է ձևավորվել ՌԴ գործընկերների հետ, համատեղ աշխատանքներ են տարվում ծառայությունը նորագույն տեխնիկական սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play