Մոսկվան չի պատերազմելու Թուրքիայի դեմ, սակայն պատասխանելու են Թուրքիային՝ ոչ համաչափ. Մեկնաբան


Մոսկվան չի պատերազմելու Թուրքիայի դեմ, սակայն պատասխանելու են Թուրքիային՝ ոչ համաչափ. Մեկնաբան

  • 26-11-2015 18:32:55   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Թուրքիայի կողմից Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի խոցումից հետո Մոսկվայում հայտարարել են, որ իհարկե չեն պատերազմելու Թուրքիայի դեմ, սակայն պատասխանելու են Թուրքիային, եւ այդ պատասխանը լինելու է ոչ համաչափ:

 

Շատերն անմիջապես ենթադրեցին, որ ռուսները հիմնականում խաղարկելու են հայկական ու քրդական խնդիրները, եւ այդպես էլ եղավ: Իսկ երբ ռուսները մի բան են խաղարկում, կամ մի բան համարում են իրենց դաշնակիցը, ապա նրանց վերջը սովորաբար շատ վատ է լինում:

 

Ռուսաստանի Պետական Դումա է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Իհարկե, լավ նախաձեռնություն է, սակայն ինչո՞ւ հենց այն օրերին, երբ խփվել է ռուսական ուղղաթիռ: Կարելի է հիշել, որ 1995 թ., երբ ՌԴ Պետական Դուման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, անմիջապես ՌԴ պատվիրակություն ուղարկվեց Անկարա, որտեղ հավաստիացրեցին, որ այդ ակտը որեւէ իրավական հետեւանքներ չի ունենալու: Իսկ այս տարվա ապրիլինի ժամանելով Երեւան (ի դեպ, նա երկար ժամանակ չէր ցանկանում գալ եւ եկավ միայն Օբամայի պարտադրանքով, ինչպես պնդում են դիվանագիտական աղբյուրները), Պուտինն իր ելույթում այդպես էլ չարտասանեց ցեղասպանություն բառը:

 

Ինչեւէ, Մոսկվայում չեն էլ թաքցնում, որ օգտագործելու են քրդական ու հայկական խնդիրները, իսկ ռուսական քաղաքականության խեղկատակ Ժիրինովսկին էլ հայտարարում է, որ Անատոլիան պետք է կիսվի քրդերի ու հայերի միջեւ: Կտրվե՞ն դրան հայերն ու քրդերը: Քրդերը հաստատ չեն տրվի, քանի որ ռուսների կարիքը չունեն: Առավել եւս, որ քրդական միջավայրում Ռուսաստանը համարվում է գրեթե թշնամական երկիր, որը բազմիցս թիկունքից հարվածել է քրդական շարժումներին, այդ թվում Օջալանին թուրքերին հանձնելու հարցում: Քրդական քաղաքական շրջանակները համարում են, որ Մոսկվան միշտ համաձայնության կհասնի Անկարայի հետ՝ ի վնաս քրդերի շահերի, որոնք Մոսկվայի համար մանրադրամ են:

 

Հայերն իհարկե այսպես չեն մտածում, թեեւ ռուսական այս քաղաքականության արդյունքում կորցրել են իրենց պատմական հայրենիքն ու ժողովրդին: Հայերին թիկունքից հարվածելու դեպքերն այնքան շատ են, որ հայերը դրանց չեն հավատում:

 

Արդյոք Թուրքիան անհանգստացած է Մոսկվայի այս քաղաքականությունից: Անկարայում գիտեն, որ Ռուսաստանն ընդունակ չէ դիմել քաղաքական ուղիղ դիմակայության, քանի որ կկորցնի ավելի շատ, քան կստանա: Անկարայում համոզված են, որ ռուսները հանուն գազի մատակարարման (Թուրքիան ներկայում ռուսական գազի ամենամեծ սպառողներից մեկն է) եւ տնտեսական այլ նախագծերի պահպանման չեն գնա կտրուկ քայլերի, եւ նրանք ճիշտ են: Օրինակ, Մոսկվայում հայտարարում են ինչ ասես, բայց խիստ զգուշավոր են այս հարցերում: Անկարայում գիտեն, որ խոցված ինքնաթիռի համար ի վերջո ռուսներն են ներողություն խնդրելու իրենցից, ինչպես եղել է պատմական այլ իրադարձությունների ժամանակ:

 

Ինչ վերաբերվում է քրդական ու հայկական հարցերին, որոնք փորձում է օգտագործել Մոսկվան, ապա Անկարայում նմանապես վստահ են, որ առաջին իսկ համաձայնության դեպքում ռուսները մոռացության կտան ցանկացած խնդիր ու տարաձայնություն: Հայերից ու հայկական հարցից ընդհանրապես վտանգ չկա, որովհետեւ այդ հարցը չեզոքացվել է ռուս-թուրքական համատեղ քաղաքականությամբ, եւ հայերն այլեւս որեւէ լուրջ գործոն չեն ներկայացնում: Քրդերն իսկապես սպառնալիք են, եւ Անկարայում ճիշտ են հասկացել Մոսկվայի ուղերձը՝ անհրաժեշտության դեպքում ռուսները կօգնեն չեզոքացնել նաեւ այդ գործոնը:

 

Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ քաղաքական հարաբերությունների այս փորձն ու տրամաբանությունը 100 ամյակների պատմություն ու ավանդույթներ ունի, եւ ներկայիս ժամանակաշրջանն էլ բացառություն չէ: Տարածաշրջանը ներկայում բաժանված է Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ, եւ երկու երկրները չեն գնա այս ստատուս-քվոյի փոփոխությանը: Քրդական ու հայկական հարցերը չեզոքացվել են հենց այս ստատուս-քվոյի հաստատմամբ, իսկ դա նշանակում է, որ այս հարցերի օգտագործումը Մոսկվայի կողմից հերթական կեղտոտ քայլն է, այլ բան այստեղ չկա:

 

Այս ստատուս քվոյի հիմքը հայկական շահերի ու գործոնի ոչնչացումն է: Հակառակ պարագայում, Ռուսաստանը այս տարածաշրջանից պետք է հեռանա: Սա է այն դաժան քաղաքական տրամաբանությունը, որը, ի տարբերություն հայերի, քրդերը կարծես թե հասկացել են, եւ դա կարող է փրկել նրանց ռուս-թուրքական մահաբեր աքցանից:

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն