Բուլղարիայում տեղի է ունեցել Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը<br />


Բուլղարիայում տեղի է ունեցել Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը

  • 05-11-2010 21:26:00   | Բուլղարիա  |  Մշակույթ
ՍՈՖԻԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 3-ին Բուլղարիայի մշակույթի նախարարության «Սրեդեց» ցուցասրահում տեղի է ունեցել տաղանդաշատ արվեստագետ եւ հայերի մեծ բարեկամ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Այն կազմակերպվել էր 2010թ. «Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարի» փառատոնի շրջանակներում` ԲՀ մշակույթի նախարարության, ԲՀ-ում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ, բուլղարահայ համայնքի օժանդակությամբ, ինչպես նաեւ «UniCredit Bulbank»-ի ֆինանսական հովանավորությամբ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ելույթներով հանդես եկան ԲՀ մշակույթի փոխնախարար Դիմիտր Դերելիեւը, ԲՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Դաշտոյանը եւ ցուցահանդեսի հեղինակ Յուլիան Անգելովը: ԲՀ մշակույթի փոխնախարարն, անդրադառնալով հայ- բուլղարական դարավոր բարեկամությանը, ավելացրեց, որ Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ կապերը նույնքան հինավուրց ու ամուր են, որքան երկու ժողովուրդները եւ բուլղարահայ համայնքը: Նշվեց նաեւ,որ Բուլղարիայում հաստատված հայերի ճակատագիրը միահյուսվել է բուլղարացիների պատմությանը, ինչի արդյունքում ստեղծվել է կենցաղի, սովորույթների եւ ավանդույթների ընդհանրություն: Կարեւորելով երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված ջերմ հարաբերությունները` խորհրդական Դաշտոյանը նշեց, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ Բուլղարիայի ջերմ վերաբերմունքը մեծապես պայմանավորված է նաեւ բուլղարահայության կեցվածքով եւ նկարագրով, եւ որ ի դեմս «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով ցուցահանդեսի, հեղինակին իրապես հաջողվել է իր լուսանկարներով փոխանցել հայ ժողովրդի կենսակերպը, նրա կենցաղը, ավանդույթները: Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով ցուցահանդեսը նոյեմբերի 10-ին կգործի նաեւ Սիլիստրայում` «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 390-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների ժամանակ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play