ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ. ՍԻՐԻԱՅՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՔԻՄԻԿԱՏՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ԶԱՐԻՆ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ


ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ. ՍԻՐԻԱՅՈՒՄ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՔԻՄԻԿԱՏՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ԶԱՐԻՆ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 15-12-2015 20:02:46   | Թուրքիա  |  Քաղաքական


Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էրեն Էրդեմը դեկտեմբերի 10-ին երկրի խորհրդարանին է ներկայացրել ապացույցներ այն բանի, որ Թուրքիան Սիրիային քիմիկատներ է մատակարարում, որոնք անհրաժեշտ են զարին գազի արտադրության համար։ Քաղաքական գործչի խոսքերով՝ 2013թ. թուրքական Ադանա քաղաքի դատախազությունը քրեական գործ էր հարուցել, կալանվել էին հանրապետության ավելի քան տասը քաղաքացիներ, սակայն մեկ շաբաթ անց, չնայած Սիրիային զարինի բաղադրիչների մատակարարմանը հանցակցության ապացույցներին, նրանց բաց էին թողել։ RT-ին տված բացառիկ հարցազրույցում Էրեն Էրդեմը կարծիք էր հայտնել, թե Թուրքիայում և Արևմուտքում հիանալի գիտեն, թե ով է կանգնած 2013թ. Սիրիայում զարինի կիրառմամբ քիմիական գրոհների հետևում, որոնցում առանց ապացույցների մեղադրում էին Բաշար Ասադի կառավարությանը։
Թուրքական խորհրդարանի երկու անդամներ պնդում են, որ 2013թ. Թուրքիայի տարածքից Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայիններին էր մատակարարվում զարին մահաբեր գազը։ Նրանց խոսքերով՝ իշխանությունները գիտեին այդ մատակարարումների մասին, բայց այն ժամանակ գործին ընթացք չտվեցին։ Պատգամավորներն ասում են, թե նրանք անգամ այս մեղադրանքները հաստատող ապացույցներ ունեն, որոնք ներկայացրել են թուրքական խորհրդարանին։ RT-ն կապ է հաստատել քաղաքական գործիչներից մեկի հետ։
 
«Քիմիական զենքի պատրաստման նյութերը բերվում էին Թուրքիա, իսկ հետո փոխանցվում էին Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորման ճամբարներին. այն ժամանակ դրանք Իրաքում «Ալ-Քաիդայի» անդամներն էին,- RT-ին պատմել է Թուրքիայի խորհրդարանի Հանրապետական ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Էրեն Էրդեմը։- Մենք ունենք ձայնագրություններ, որոնք հաստատում են դա։ Դատախազությունը հետաքննություն սկսեց, որի արդյունքում դրան մասնակից մարդիկ կալանվեցին։ Սակայն մեկ շաբաթ անց գործը հանձնեցին մեկ այլ դատախազի, իսկ կալանվածներն ազատ արձակվեցին։ Նրանք հատեցին թուրք-սիրիական սահմանը և անհետացան»։
 
Թուրք պատգամավորի խոսքերով՝ ապացույց հանդիսացող հեռախոսային խոսակցությունները մանրամասներ են պարունակում այն մասին, թե ինչպես պետք է իրականացվեին մատակարարումները. դրանցում խոսվում է թե՛ դրանց պատրաստման, թե՛ լաբորատորիաներում պահվող նյութերի, թե՛ դրանց աղբյուրների և այն մասին, թե ինչպես էին գրոհայինները պատրաստվում օգտագործել բեռնատարները, որ օրերին և այլն։ Այդ բոլոր խոսակցությունները լրիվ ձայնագրված են, նշում է Էրդեմը։ Բայց, չնայած ապացույցներին, կասկածյալներն ազատ արձակվեցին։
 
Թուրքիայից Սիրիա վտանգավոր նյութերի մատակարարումներ տեղի են ունեցել 2013թ. օգոստոսին, երբ Դամասկոսի արվարձանը հրթիռակոծվեց զարինով։ Էրենը կարծում է, որ այդ իրադարձությունները կապված են միմյանց հետ։
 
«Մեծ է հավանականությունը, որ գրոհի ժամանակ օգտագործվել են նյութեր, որոնք մատակարարվել են Թուրքիայով։ Ամեն ինչի մեջ մեղադրեցին կառավարական ուժերին, բայց, իմ կարծիքով, դատելով առկա տվյալներից, սիրիական կառավարությունն այդ պահին զարին չուներ, զարին ունեին ապստամբները։ Որքան հասկանում եմ, գործը փակեցին, որպեսզի մեղքը բարդեն Սիրիայի իշխանության վրա»,- նշում է թուրք քաղաքական գործիչը։
 
«Մատակարարումներն իրականացվում էին Թուրքիայի միջոցով, սակայն բոլոր հիմնական նյութերը գնվում էին Եվրոպայում։ Արևմտյան աղբյուրները հիանալի գիտեն, թե ով է իրականում կանգնած Սիրիայում քիմիական այդ գրոհի հետևում։ Նրանց հայտնի է, որ այդ մարդիկ աշխատում են «Ալ-Քաիդայի» համար։ Արևմուտքը երկերեսանիություն է ցուցաբերում այս իրավիճակում»,- ընդգծում է Էրեն Էրդեմը։
Նոյյան տապան  -   Քաղաքական