Հանրության պահանջատիրությունն Ավետիսյանների սպանության գործով արդարադատության հասնելու կարևոր երաշխիքներից է. Արթուր Սաքունց (տեսանյութ)
21-12-2015 15:23:31 | Հայաստան | Իրավունք
Ավետիսյանների սպանության գործով արդարադատության հասնելու հարցում հանրության պահանջատիրությունը կարևոր երաշխիքներից է, ուստի կոչ եմ անում ոչ միայն գյումրեցիներին, այլև բոլոր մտահոգ քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել հաջորդ դատական նիստին: Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Ավետիսյանների սպանության գործով իրավահաջորդների շահերը պաշտպանող Արթուր Սաքունցը` անդրադառնալով օրերս Ավետիսյանների սպանության գործով դատավարության գործընթացին:
Ըստ նրա` հանրային ակնկալինքներն Ավետիսյանների սպանության գործով դատավարության հետ կապված բավական պեսիմիստական են, քանի որ չկա հանրային վստահություն դատաքննության գործընթացի նկատմամբ:
Նրա կարծիքով` սա այն դեպքերից է, երբ կարևոր և էական նշանկություն ունի քրեական գործի դատաքննության սկզբունքների պահպանումը, որպեսզի իրավունքի հետ կապված խնդիրները պատշաճ քննվեն և բացահայտվեն` կասկածներ չառաջացնելու համար:
«Նախաքննության ընթացքում էլ կային հարցեր, որոնք պատասխաններ չստանալով արդեն իսկ ստվերում էին նախաքննության օբյեկտիվության, լրիվության և բազմակողմանիության նկատմամբ վստահությունը, մասնավորապես, Գևորգ Կոստանյանը հրապարակավ խոստովանեց, որ ինն օր ուշացումով այս գործի քննությունը չի կարող էական ազդեցություն ունենալ գործի քննության օբյեկտիվության վրա»,- ասաց Ա. Սաքունցը` ընդգծելով, որ ինքը համաձայն չէ դատախազի հետ, ավելին` կարծում է, որ դա մեծ ազդեցություն է ունեցել:
Նրա փոխանցմամբ` հաջորդ դատաքննության ընթացքում իրենք բարձրաձայնելու են ուշացմով սկսված նախաքննության հետևանքով առաջացած հարցերի մասին, որոնց պետք է տրվեն պատասխաններ, իսկ ուշացման մեջ պատասխանատու անձանց գործողություններին` իրավական գնհատականներ:
Ըստ Ա. Սաքունցի, խոսքը, մասնավորապես, վերաբերում է Վալերի Պերմյակովին բռնելուց հետո հայկական կողմին չհանձնելուն, ապա հայկական կողմից համարժեք ջանք չգործադրելուն, որպեսզի Պերմյակովին հանձնեն հայկական կողմին, նաև հանցագործության հետ կապված կարևոր նշանակություն ունեցող փաստերը ոչնչացնելուն:
«Նախաքննության տրամաբանությամբ ներկայումս շարունակվում է դատաքննությունը, ինչը ցույց է տալիս, որ հայկական կողմն ակնհայտորեն սահմանափակված լինելով ռուսական կողմի ոչ իրավաչափ գործողություններով, սահմանափակվածության մեջ է գտնվում և վերահսկվում նաև դատաքննության ընթացքում»,- ընդգծեց Ա. Սաքունցը:
Որպես ասվածի վկայություն` վերջինս առանձնացրեց երկու հանգամանք` դատաքննության անցկացումը ռուսական բազայի տարածքում և դահլիճում ռուս զինծառայողների ներկայությունը:
Իրավապաշտպանի պնդմամբ` Ավետիսյանների սպանության գործով դատավարության ընթացքում առաջած խոչընդոտների վերացման իրենց միջնորդության չպատճառաբանված և չհիմնավորված մերժումը հայ դատավորի կողմից ապացուցում է, որ դատավարության ընթացքում գործում են երկու հստակ սուբյեկտներ` հայկական և ռուսական կողմերը. վերջինիս չունի որևէ իրավական ստատուս, սակայն մասնակցում է դատավարությանը:
Ա. Սաքունցի համոզմամբ` տվյալ դեպքում դատական իշխանությունը կախված է ոչ թե Բաղրամյան 26-ից, այլ ռուսական կողմից՝ ի դեմս ռուսական ռազմաբազայի:
«Այս պայմաններում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ պետք է ներկայացվի դատական դեպարտամենտ, իսկ ՀՀ նախագահին որպես դատական իշխանության բնականոն գործունեության ապահովման առաջնային հասցեատեր առաջիկայում ուղարկվելու է համապատասխան գրություն»,-ն ասաց Ա. Սաքունցը:
Վերջինս տեղեկացրեց, որ հաջորդ դատավարության ընթացքում, եթե առկա խնդիրները չլուծվեն, ապա իրենք հակված են մտածելու, որ Վ.Պերմյակովը շարունակում է գտնվել հսկողության ներքո և ազատ չի լինելու դատավարության ընթացքում իր պատասխաններում և մոտեցումներում, այդպիսով ավելի խորացնելով այն կասկածները, թե ռուսական կողմը՝ հանձինս այս իր վարքագծի, ունի ակնհայտ թաքցնելու բաներ, իսկ հայկական կողմը, տուրք տալով ռուսական կողմին, ըստ էության, անտեսում է նույնիսկ ՀՀ օրենսդրության պահանջները:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վ. Պերմյակովի դատավարությունը դեկտեմբերի 18-ին հետաձգվեց` հանրային պաշտպանների` քրեական գործին ծանոթ չլինելու միջնորդությամբ: