«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին»-ը 500 ամանորյա նվերներ փոխանցեց Այգեձոր և Չինարի գյուղերի երեխաներին


«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին»-ը 500 ամանորյա նվերներ փոխանցեց Այգեձոր և Չինարի գյուղերի երեխաներին

  • 23-12-2015 16:08:06   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն

Օրերս շուրջ 500 ամանորյա նվերներ փոխանցվեցին Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի երեխաներին: Ամանորյա բարեգործական միջոցառման կազմակերպիչն  էր «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությունը, որին իր աջակցությունն էր ցուցաբերել  Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, «Մուսալեռ» տպագրատունը, «Civile Voice» կազմակերպությունը,  Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցը, Երևանի թիվ 50 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները, Աբովյան քաղաքի 2-րդ և 5-րդ հիմնական դպրոցները, և մտահոգ անհատներ: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը, Այգեձորում բուն միջոցառման անցկացումը պայմանավորված էր մեծ դահլիճի հետ, որտեղ ժամանել էին Չինարիի երեխաները. Վերջիններիս համար Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները հանդես եկան «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացմամբ, որին ներկա էին ինչպես նշված համայնքների երեխաները, այնպես էլ նրանց ծնողները:
Ներկայցումից հետո անակնկալ կերպով հանդիսությունների դահլիճ մտան Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, ովքեր ամանորյա նվերներ հանձնեցին դահլիճում ներկա բոլոր երեխաներին, իսկ այդ օրը տարբեր պատճառներով բացակայող երեխաների նվերներն ուղարկվեցին նրանց տներ: 
Մինչ երեխաները և նրանց ծնողները հետևում էին տիկնիկային ներկայացմանը, Մշակույթի տան մարզական սենյակում՝ շախմատային սեղանների առջև, միմյանց հետ մրցում էին Այգեձոր համայնքի տարեցները: Արդյունքում շախմատային թեժ մրցապայքարի բոլոր մասնակիցները «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության կողմից ստացան արժեքավոր նվերներ:
«Մեր սպասելիքներն ընդհանուր առմամբ իրականացան, քանի որ ի սկզբանե մեր նպատակն էր, թեկուզ մեկ կամ մի քանի օրով տոն պարգևել գյուղի բնակիչներին, նրանց կտրել առօրյա հոգսերից»,- ասաց Ս. Հովսեփյանը` հավելելով, որ բնակիչներին հանձնվել են նախատեսվածից ավելի նվերներ:
Վերջինիս փոխանցմամբ` բարեգործական միջոցառմանն իր աջակցությունը ցուցաբերած «Մուսալեռ» տպագրատան կողմից հատկացված բազմազան և առատ նվերների մի մասը փոխանցվել է Տավուշի մարզի Այգեպար համայնքի երեխաներին և Շիրակի մարզի սահմանամերձ Արեգնադեմ և Ողջի գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքներին:
««Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունն իր ստեղծման օրից ունի հավատարիմ և սրտացավ բարեկամներ, որոնցից  մեկն էլ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոցի ողջ աձնակզմն է՝ ուսուցիչները և աշակերտները»,- նշեց Ս. Հովսեփյանը` ընդգծելով, որ վերջիններս ստեղծված ցանկացած առիթ օգտագործում են իրենց խմբի միջոցով աջակցելու սահմանաբնակ երեխաներին:  
Նախաձեռնության համակարգող խմբի մեկ այլ անդամ Սուրեն Էյրամջյանի կարծիքով`  սահմանամերձ գյուղերի բնակիչների համար իրականցված տոնական միջոցառումն ամբողջությամբ կայացած էր. «Երեխաների ժպիտներն արդեն բավական էին, որպեսզի օրը համարեինք կայացած. իհարկե, դա չէր լինի, եթե չլինեին տիկնիկային թատրոնի դերասանների հիանալի խաղը, մեզ աջակցողների նվերները և, ամենակարևորը՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը»,- ասաց նա: 
Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում Տավուշի (ՏաՀույս) թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ, ով ողջունեց և օրհնեց միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին:
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամներն իրենց  շնորհակալությունը հայտնեցին բոլոր աջակիցներին և նշեցին, որ  նմանատիպ միջոցառումները հերթական անգամ ապացուցում են՝ Մենք ուժեղ ենք ՄԻԱՍԻՆ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play