ՈՐՊԷՍԶԻ ԱՒԵԼԻՈՎ ՍՏՒԱՐԱՆԱՆ ԵՐԱԽՏԱԳԷՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ...


ՈՐՊԷՍԶԻ ԱՒԵԼԻՈՎ ՍՏՒԱՐԱՆԱՆ ԵՐԱԽՏԱԳԷՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ...

  • 26-12-2015 20:55:29   | Իրան  |  Վերլուծություն
Ճիշտ է, վերջին ժամանակներում (յատկապէս Իրանի 1905-1911 թթ. Սահմանադրական շարժման 100-ամեակի շրջանակներում) ապերախտութեան շղարշով երախտամոռները փորձեցին ստւերել Մեծ յեղափոխական Եփրեմ խան Դաւթեանի Իրանի սիրոյն վիթխարի եւ շրջադարձային ծառայութիւնները:
 
Նրան, ով ներքին տզրուկներին՝ յետադէմ Մեհմեդ Ալիշահներին ու արտաքին գաղութատէրեր՝ Լիախով-սփրինգ Ռայսներին խայտառակ նահանջի ու պարտութեան մատնեց, երաշխաւորելով Սահմանադրութեան յաղթանակն ու Իրանի պատմութեան մէջ առաջին անգամը լինելով՝ պարլամենտական համակարգը՝ ազատախոհ-դեմոկրատ պատգամաւորներով համալրւած... Եղել են «պատմագիրներ» էլ, որոնք կուլ տալով միեւնոյն ռուս-անգլիական քարոզչական խայծը, անհամատեղելի բնութագրեցին Եփրեմի ազգային, կրօնական ու կուսակցական պատկանելութիւնըª Իրանի Սահմանադրութեան շարժմանն ու մասնաւորապէս նրա՝ Երկրի ընդհանուր ոստիկանապետ լինելու հանգամանքը:
Ահաւասիկ.-
Պատմութիւնն նենգափոխողների ու խեղաթիւրողների «յաղթերթն» մշտապէս լինում է կարճատեւ ու ծառայում լոկ կարճամիտների ու բախտախնդիրների հատւածական շահերին, որոնք էլ երբեւէ չեն գայթակղելու անաչառ պատմագիրներին ու պատմութիւնն լաւապէս սերտող ու նրանից դաս առնող յաջորդական սերունդներին:
Եւ այսպէս՝ «Իրանի Գարիբալդիին» եւս մէկ անգամ ակնածելու առիթը հանդիսացաւ օրերս պարսկատառ անաչառ մամուլի ներկայացուցիչներից մէկիէ «Հաֆթէ սոբհ» (Առաւօտ-7)-ի անդրադարձը՝ Եփրեմի ու նրա հաւատաւոր զինակից Սարդար Բահադուրի անմնացորդ զոհաբերութիւններին, որոնք ցուցաբերեցին Իրանի Սահմանադրական ապստամբութեան, շարժման ու փառայեղ յաղթանակի նւաճման ճամբին, սրանից շուրջ 110 տարի առաջ...
Եփրեմ խան Դաւթեան Մեծ մարդու եւ յեղափոխականի մեծարժէք մասունքները, այսօր, ի ցոյց են դրւած Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թանգարանում, որպէս յաւերժայուշ հպարտութիւնª հազարաւոր այցելու-զբօսաշրջիկների առջեւ:
Եփրեմի մարմնեղէն-շիրմային մասունքները, սակայն, իրենց յաւիտենական հանգրւանն են գտել Թեհրանի հինաւուրց Ս. Աստւածածին եկեղեցու անկիւնային շրջափակում, իր կիսանդրի արձանով:
Հարկաւոր է այլեւս իրանական հիւրընկալ երկրի ինքնիշխանութեան ու առաջընթացի եզակի խորհրդանիշը հանդիսացող Մեծ հայի ու Մեծ յեղափոխականի շիրմային-դամբարանային մասունքին հաղորդել առաւել ցայտուն ու թանգարանային տեսք եւ ոչ այնքան հեռու ապագայում՝ այդ առիթով համարժէք ու հպարտառիթ արարողակարգով վերաիմաստաւորել ու վերարժեւորել մեր հոգե-մտաւոր, ազգային ու քաղաքացիական գիտակցութիւնը, որպէսզի աւելիով ստւարանան Երախտագէտների շարքերը...
 
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ
ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն