Շրջադարձային պահ Արցախի խնդրում. Մեկնաբան


Շրջադարձային պահ Արցախի խնդրում. Մեկնաբան

  • 11-01-2016 17:51:10   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանի հետ Բեռնի հանդիպումը կրել է ձեւական բնույթ, կարող է դիտարկվել իբրեւ պատասխան ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումների, որոնք անցկացվել էին Արցախի հակամարտության թեմայով: Փակ լսումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով հետո հայտարարել էր, թե Կոնգրեսի հետ պայմանավորվել են հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատել համատեղ:
 
 
Ուորլիքի այդ հայտարարությունն Ադրբեջանի համար տագնապալի է, որովհետեւ Կոնգրեսի հետ համատեղ աշխատանքը կարող է նշանակել, որ ի տարբերություն վարչակազմի՝ դիվանագիտական շատ ավելի նվազ կաշկանդվածությամբ Կոնգրեսը կարող է բավական խնդիրներ առաջացնել Ադրբեջանի համար:
Իսկ համատեղ աշխատանքի առարկան, դատելով առկա տեղեկատվությունից, մի գաղափար է, որը Բաքվի համար մերժելի է՝ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ներդրումը: Բանն այն է, որ այդ գաղափարը փաստացի նշանակում է հակամարտության կարգավորման 20-ամյա գործընթացի էական վերափոխում: Եթե մինչ այդ հրադադարի պահպանումը դրվել է հակամարտող կողմերի ստորագրության «հույսին», ապա այժմ առաջարկվում է միջազգային մեխանիզմ, այլ կերպ ասած՝ որոշակի արբիտրաժային փիլիսոփայություն: Իսկ դա լիովին կփոխի կարգավորման գործընթացի փիլիսոփայությունը:
Դա Ադրբեջանի համար խնդիր է: Ընդ որում, խնդիր է ոչ միայն զուտ կարգավորման գործընթացի հեռանկարների իմաստով, այլ տարածաշրջանային վիճակի ընդհանրապես: Բանն այն է, որ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրումը, որ առաջարկում է ամերիկյան կողմը, մի գաղափար է, որը թելադրված է ավելի լայն համատեքստով, քան զուտ Արցախի հակամարտության գոտում հրադադարի պահպանումը:
Չի բացառվում, որ հետաքննության միջազգային մեխանիզմի միջոցով փաստացի «միջազգային արբիտրաժի» փիլիսոփայության ներդրումը հանդիսանում է Իրանի եւ Արեւմուտքի միջեւ միջուկային համաձայնության փաթեթի մաս: Իրան-Արեւմուտք կարգավորման փաթեթում Կովկասի դերը շոշափելի է: Մեծ հաշվով, Կովկասը որոշակի կամուրջ է, միաժամանակ Իրանի համար «անվտանգության բուֆեր» կամ երաշխիք: Այստեղ առանցքային նշանակություն ունի Արցախի գոտին, որտեղ ներկայիս ստատուս-քվոն Իրանի համար թերեւս ամենաընդունելին է:
Թեհրանը բազմաթիվ անգամ ակնարկել է, որ չի ընդունում այնտեղ երրորդ երկրի զինուժի հաստատման հեռանկարը: Այլ կերպ ասած, Թեհրանի համար նախընտրելի է, ավելին՝ անվտանգության կարեւոր հարց է այն, որ սահմանին կանգնած է հայկական զինուժը: Այդ համատեքստում բացառված չէ, որ Արեւմուտք-Իրան համաձայնության, կամ ԱՄՆ-Իրան կարգավորման գործընթացում Թեհրանը որպես անվտանգության երաշխիք ակնկալում է որոշակի միջազգային ամրագրում ներկայիս ստատուս-քվոյի համար:
Այդ տարբերակը ընդունելի է նաեւ ԱՄՆ համար, թե որպես իրանական կարգավորման փաթեթի մաս, թե նաեւ այն նկատառումով, որ հայկական զինուժը տարածաշրջանային ստատուս-քվոյում ԱՄՆ աշխարհաքաղաքական ամենավստահելի սուբյեկտն է, հաշվի առնելով թե քաղաքական, թե քաղաքակրթական կարեւոր մի շարք գործոններ:
Այդ հիմքով, ԱՄՆ-Իրան հեռակա փոխհամաձայնությունը միանգամայն հավանական է: Իսկ դրան ընդդիմանում են Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը, որոնց համար Կովկասում ամերիկա-իրանյան գործակցության հեռանկարն ու Իրանի դերակատարման աճը ռազմավարական վտանգ են, որը կանխարգելել հնարավոր է միայն Արցախի գոտում ստատուս-քվոյի փոփոխությամբ, որն էլ հետագայում կվերահսկեն ռուս խաղաղապահները:
Ռուս-թուրքական գժտությունն էապես կոտրել է եռյակի դիմադրության ռեսուրսը, եւ Անկարան ու Մոսկվան ներկայում հայտնվել են մի իրավիճակում, երբ կամա թե ակամա ստիպված են քայլեր կատարել միմյանց դեմ: Միեւնույն ժամանակ, նրանք քարոզչական խողովակներով ակնարկում են, թե կարող են հակամարտության թատերաբեմ դարձնել արցախյան գոտին: Իրականում սակայն դա կլինի նրանց «համերաշխության» թատերաբեմ, որում սադրանքների եւ ապակայունացման միջոցով կփորձեն հասնել ստատուս-քվոյի փոփոխության եւ այդպիսով թույլ չտալ ամերիկա-իրանյան ռազմավարական փոխհամաձայնություն Կովկասում:
Այդ իմաստով, ստատուս-քվոյի եւ տարածաշրջանային կայունության խնդիրը կախված է նրանից, թե որքան խորը կլինի ռուս-թուրքական սեպը: Այստեղ գործնականում չկա վտանգ, որ դա կվերաճի Հայաստանի վրա ուղիղ բախման: Եվ նույնիսկ չկա վտանգ, որ Արցախում նրանք կբախվեն անուղղակի: Վտանգ կա, որ Արցախում նրանք կհաշտվեն անուղղակի՝ ապակայունացման գաղափարի շուրջ:
Կամ այդ հաշտությունն անհնար եւ ավելորդ կդարձնի «միջազգային արբիտրաժի» փիլիսոփայության ներդրումը, կամ այդ արբիտրաժը կհաջողվի ներդնել՝ արդեն հիմնարար կերպով չեզոքացնելով ապակայունացման գաղափարի շուրջ Հայաստանի եւ տարածաշրջանի համար ռուս-թուրքական ուղղակի կամ անուղղակի հաշտության սպառնալիքը:
Այդ իմաստով, ներկայում ադրբեջանական սպառնալիքը լոկ Հայաստանին չէ ուղղված, այլ իրանական կարգավորման գործընթացին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play