Շահան Գանտահարյան.ԵԽԽՎ-ն հակասում է ԵԱՀԿ-ին


Շահան Գանտահարյան.ԵԽԽՎ-ն հակասում է ԵԱՀԿ-ին

  • 15-01-2016 15:16:20   | Լիբանան  |  Վերլուծություն

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է քննարկել երկու զեկույց, որոնք հակահայկական բովանդակություն ունեն: Դրանք են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցոգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում եմ ջրից» զեկույցները:
 
ԵԽԽՎ-ի քննարկած հակահայ բանաձեւերի թղթածրարը որոշ պատմություն ունի. հիշեցման կարգով նշենք միայն վերջինը. դարձյալ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի  ներկայացրած նախագծի բանաձեւը, ուր խոսվում էր Ղարաբաղի, Ադրբեջանի, եւ գրավյալ այլ տարածքներում բռնության աճի մասին, եւ միաժամանակ պահանջում էր Հայաստանի Հանրապետության և այլ անկանոն ուժերի հեռացումը Ղարաբաղից եւ գրավյալ այլ տարածքներից. Նման միակողմանի ձեւակերպումներով հագեցած բանաձեւերի արծարծումը ԵԽԽՎ-ի միջավայրում իր խորքում  ի՞նչ է հետապնդում, հակամարտության խաղաղ կարգավորո՞ւմ, թե՞ որեւէ պատգամավորի կողմից Բաքվի պահանջի բավարարումը: 
Հստակ է այն, որ հայկական կողմը թե՛ պետական մակարդակով եւ թե՛ մանավանդ Եւրոպայի Հայ դատի կառույցներով համակարգված աշխատում է ոչ միայն նման բանաձեւերի հակազդելու, այլ նաեւ որոշ նախաձեռնությամբ կանխարգելիչ դեր ունենալու ուղղությամբ:
Փորձենք կենտրոնանալ արծարծվելիք երկու զեկույցների գեթ խորագրային միակողմանիության, եւ այդ շրջանակում օգտագործած եզրաբանությամբ նախանշվող բովանդակության եւ հավանական եզրակացության վրա:
Առաջինի դեպքում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի մյուս բռնագրավված տարածքներում»-ը փորձենք տարբաղադրել. նախ այն, որ բռնության աճ կա, ինչը որ ենթադրում է, թե միջազգային երաշխավորությամբ հաստատված հրադադարը խախտողներ կան, թեկուզ անհասցե նշումով: Այստեղ պետք է նկատի ունենալ վերջին շրջանում թե՛ համանախագահների եւ թե՛ հատկապես պաշտոնական Վաշինգտոնի հայտարարություններում երեւացած նոր երանգավորումները` պատասխանատվությունների համահավասարեցման սկզբունքը խախտելու եւ իրերը իրենց անունով կոչելու օրինաչափության ընդառաջ քայլ առնելու:
Երբ ասվում է «մյուս բռնագրավված տարածքները», դա նշանակում է, որ մյուսը նախորդող հասկացողություն ունի. այս դեպքում` Արցախը. ուրեմն ստացվում է այն, որ Արցախն ու ազատագրված տարածքները ընդհանրապես բռնագրավված նկատելու խորագրային նախանիշ կա ձեւակերպման մեջ:
Հաջորդը. երկրորդ զեկույցի խորագիրը թեեւ ո՛չ գրավված, ո՛չ Արցախ, ո՛չ էլ բռնագրավված տարածքներ բառերը օգտագործել է խորագրային իր ձեւակերպումներում, այսուհանդերձ պարզ են ուղերձը եւ հանգելիք եզրակացությունները: «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից»: Սահմանամերձ շրջանները շատ ընդհանուր հասկացություն է եւ պետք է սպասել զեկույցի հրապարակմանը` իմանալու համար: Այստեղ ավելի պարզը այն է, որ կանխամտածողների ինքնությունը զեկուցաբերին մտքում անորոշ չէ: Փորձ է կատարվում զեկույցին տալ մարդկային աղետի նախաիրավիճակի  ձեւավորման ահազանգը` շարժելու համար եւրոպական հանրային կարծիքը:
Բաքվի պատվերի եւ գործի դրած միջոցների մասին պատկերացումները պարզ են: Խնդիրը առավելաբար կենտրոնանում է հետեւյալ հակասության վրա:
Միջազգային ընտանիքը որոշել է իբրեւ միջնորդական առաքելության ձեւաչափ` ԵԱՀԿ -ի Մինսկի խումբը: Համանախագահները բանակցություններ են վարում երկու կողմերի միջեւ, որոնց առանցքը Արցախի եւ հարակից ազատագրված տարածքների կարգավիճակի ճշտումն է: Բանակցություններից բխած հայտարարություններում հավասարազոր են ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները, զուգահեռ`ուժի կիրառման բացառումը: Թե՛ նոյեմբերյան զեկուցման եւ թե՛ հունվարի 25-ին ներկայացվելիքի միջեւ խախտել են բանակցային առանցքները հարգելու սկզբունքները: Երբ միջազգային որոշումով այս առանցքների շուրջ բանակցություններ են ընթանում, միջազգային մի այլ կառույց , այս դեպքում` ԵԽԽՎ-ն չպետք է խախտի այս իրավաչափությունը:
Ավելի պարզորոշ` ԵԽԽՎ-ն հակասության մեջ չպետք է գտնվի ԵԱՀԿ -ի հանդեպ: Եւ ոչ միայն ԵԽԽՎ-ն:
 
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play