Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան հայ արվեստագետներին ներկայացնելու է 50-ից ավելի միջազգային մրցույթներում (տեսանյութեր)


Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան հայ արվեստագետներին ներկայացնելու է 50-ից ավելի միջազգային մրցույթներում (տեսանյութեր)

  • 20-01-2016 17:56:20   | Հայաստան  |  Մշակույթ



2015 թվականի ընթացքում  Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան ներկայացնող հայ կատարողները միջազգային մրցույթներից Հայաստան են բերել բացառապես գլխավոր մրցանակներ:  Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի նախագահ Արման Ղուկասյանը` ամփոփելով 2015 թվականի գործունեությունը: 
 
Ըստ նրա` ստեղծման իսկ օրվանից  Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան  օգնել է բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների հանդես գալ միջազգային բեմում և ներկայացնել Հայաստանի մշակույթը:
«Ասոցիացիան ստեղծվել է 2014 թվականին, գործունեության այս երկու տարիների ընթացքում անձնական միջոցներով և առանց պետական կամ հովանովորի աջակցության Հայաստանում իրականացրել ենք Կատարողական արվեստի աշխարհի գավաթ մրցույթ-փառատոն, որին մասնակցել են 18 երկրներից ժամանած երգիչ-երգչուհիներ,  երաժիշտներ  և պարողներ»,- ասաց Ա. Ղուկասյանը` հավելելով, որ գործունեության ողջ ընթացքում հայ մասնակիցներն ընդամենը երկու անգամ են երկրորդ տեղ զբաղեցրել: 
Նրա փոխանցմամբ` 2015 թվականը սկսվել է Բուլղարիայում, որտեղ Հայաստանը ներկայացնող Սար Սարգսյանը գրավել է առաջին տեղը և այս տարի նույն մրցույթում հրավեր է ստացել ընդգրկվել  ժյուրիի կազմում: 
 «2016 թվականի համար ևս ունենք բազմաթիվ ծրագրեր, մեր մասնակիցները մասնակցելու են հիսունից ավելի միջազգային մրցույթ-փառատոնների. ասեմ նաև, որ մրցույթներին կարող են մասնակցել բոլոր տաղանդաշատ երիտասարդները, եթե դիմեն մեզ և համագործակցեն ասոցիացիայի հետ»,- ընդգծեց Ա. Ղուկասյանը:
Վերջինիս խոսքերով`  Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան իր մասնաճյուղերն ունի աշխարհի 60 երկրներում, որոնցից մեծ մասում մրցույթ-փառատոնները կազմակերպում և անցկացնում են պետական հովանավորության ներքո: 
Ա. Ղուկասյանը ցավով նշեց, որ հայ արվեստագետներն ավելի շատ գնահատվում են արտերկրում, քան հայրենիքում: 
Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիաի հետ սերտորեն համագործակցող վոկալի դասախոս Մերի Կարապետյանի գնահատմամբ` նմանատիպ միջազգային մրցույթ-փառատոնները շատ կարևոր են տաղանդավոր, սակայն ոչ մեծ հնարավորություններ ունեցող  երիտասարդների համար մասնագիտական փորձ, արտերկրում օտար հանդիսատեսին ներկայանալու առումով:  
Միջազգային-մրցույթ փառատոններից բազմաթիվ Գրան պրիներով վերադարձած Սար Սարգսյանի խոսքերով` իր հաղթանակները հպարատացնող և պարտավորեցնող են, քանի որ միջազգային մրցույթներում ինքը միանգամից ներկայացնում է երկու պետություն` Հայաստանը և Արցախի չճանաչված Հանրապետությունը: 
Վերջինս փոխանցմամբ` մինչ միջազգային մրցույթներին մասնակցելը, փորձել է իր գործունեությունը ծավալել Հայաստանում և մուտք գործել հայկական երգարվեստ, սակայն շուտով հասկացել է, որ այստեղ ամեն հարց լուծվում է փողի, ծանոթությունների, բարեկամական կապերի միջոցով, իսկ  տաղանդն անտեսվում է: 
«Եթե տաղանդավոր արվեստագետը չունի փող և համապատասխան ծանոթություններ, ապա դուրս է մնում հայաստանյան երգարվեստի ֆորմատից»,- ասաց Ս. Սարգսյանը` հավելելով, որ Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայում գնահատվում է մարդու տաղանդն ու տեսակը: 
Լիլիթ Համբարձումյանի փոխանցմամբ` նմանատիպ մրցույթ-փառատոնները բացառիկ հնարավորություն են արվեստագետի համար սեփական մշակույթը և հոգևոր ժառանգությունն օտար երկրներում ներկայացնելու և ճանաչելի դարձնելու տեսանկյունից: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play