ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ (2015Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ)


ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ (2015Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ)

  • 23-01-2016 22:05:50   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Անցած տարվա վերջին ամիսը պակաս հագեցած չէր կարևոր իրադարձություններով։ Ներքաղաքական իրադարձությունների շարքում առանձնակի ուշադրության են արժանի մի քանի սյուժեներ, որոնք անմիջականորեն արտացոլում են տրամադրությունները վրացական հասարակության ներսում (ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի սոցհետազոտություն), ինչպես նաև ձևավորել են ներքաղաքական գործընթացների իրողությունները նոր՝ 2016թ. շեմին (վարչապետի հրաժարականը և նոր կառավարության հաստատումը)։ Ավելի մանրամասն կանգ առնենք այս սյուժեներից յուրաքանչյուրի վրա։
 
Դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում հրապարակվեցին հանրային կարծիքի վերջին հարցման արդյունքները, որն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC)՝ ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) վրացական ներկայացուցչության պատվերով և Զարգացման շվեդական գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Հետազոտությունը, որն անցկացվել է նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 7-ը, 1881 վրացալեզու հարցվողների շրջանում (ողջ երկրի մասշտաբով), ցույց է տվել, որ թերահավատների թիվը Վրաստանում գերազանցում է այն ընտրողների ընդհանուր թիվը, որոնք աջակցում են երկու հիմնական քաղաքական ուժերին (իշխող «Վրացական երազանք» կոալիցիային և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժմանը»)։
 
Հարցին, թե արդյոք կմասնակցեիք ընտրություններին, եթե դրանք կայանային վաղը, հարցվողների ընդամենը 64%-ն է պատասխանել «այո» (2015թ. օգոստոսին՝ 49%)։ Նրանցից պոտենցիալ ընտրողների 32%-ը հայտարարել է, թե չգիտի ում աջակցել, 5%-ը դեմ է եղել բոլորին, 15%-ը հրաժարվել է պատասխանել։ Մնացած 48% հարցվողների 18%-ը հայտարարել է, թե կքվեարկի հօգուտ «Վրացական երազանքի» (14% 2015թ. օգոստոսին)։ Նախկին իշխանական կուսակցության՝ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» օգտին իր ձայնը կտար հարցվողների 12%-ը (15% 2015թ. օգոստոսին)։ Երրորդ դիրքում էր Իրակլի Ալասանիայի ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 7% (5% 2015թ. օգոստոսին)։ Այնուհետև Լեյբորիստական կուսակցությունն է՝ 4% (4% 2015թ. օգոստոսին), Նինո Բուրջանաձեի Միավորված ընդդիմությունը՝ 4% (3% 2015թ. օգոստոսին) և Հայրենասերների դաշինքը՝ 3% (5% 2015թ. օգոստոսին)։
 
Խոսելով վերջին սոցհարցման տվյալների մասին՝ հարկ է նշել, որ ի տարբերություն նախորդի՝ ներկա հետազոտությունում հարցման չեն ենթարկվել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները։ NDI վրացական ներկայացուցչության տնօրեն Լորա Թորնթոնի խոսքերով՝ միանգամայն թույլատրելի է նոր հարցման արդյունքների համեմատությունը նախորդի հետ, քանի որ (2015թ. օգոստոսի հարցման) տվյալները «ազգային փոքրամասնությունների բնակավայրերից» շատ փոքր են եղել (17%), որպեսզի կարողանային էապես ազդել ողջ երկրի տվյալների վրա։
 
Հարկ է նշել, որ Վրաստանում ներքաղաքական օրակարգի ամենակարևոր թեմաներն էին աշխատատեղերի անբավարարությունը (57%), աղքատությունը (29%), տարածքային ամբողջականության հարցը (29%) և թոշակները (28%)։ Հետազոտության համաձայն՝ հարցման ենթարկված վրացիների 45%-ը (37%՝ 2015թ. ապրիլին և 16%՝ օգոստոսին) կարծում է, որ երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ։ Հակառակ կարծիքի է հարցվողների ընդամենը 18%-ը։ 31%-ի կարծիքով՝ երկիրն առհասարակ չի փոխվում։
 
Վերը նշված թվերը ցույց են տալիս բնակչության վերաբերմունքի բացասական դինամիկան կառավարության և կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայի հանդեպ 2016թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ժողովրդի համակրանքը չվայելող կադրային որոշումները, տնտեսական ճգնաժամը, ազգային արժույթի արժեզրկումը և արտաքին առևտրի տեմպերի անկումն ուղեկցել են Վրաստանին ինչպես դեկտեմբերին, այնպես էլ ողջ տարվա ընթացքում՝ պայմանավորելով երկրի ներքաղաքական կյանքի իրողությունները։ Այդ ամենն ազդել է նաև այն բանի վրա, ինչ տեղի ունեցավ երկրում դեկտեմբերի վերջին՝ հրաժարական տվեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ձևավորվեց նոր կառավարություն՝ Գեորգի Կվիրիկաշվիլու գլխավորությամբ։
 
2015թ. տարեվերջին՝ դեկտեմբերի 21-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես եկավ զեկույցով, որում ամփոփեց ոչ միայն անցած տարին, այլև «Վրացական երազանք» կոալիցիայի գործունեության անցած երեք տարիները։ Թբիլիսիի քաղաքապետարանի շենքում, որտեղ ելույթ էր ունենում վարչապետը, ներկա էին իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի ներկայացուցիչներ, դիվանագետներ, մարզիկներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական-քաղաքական այլ գործիչներ։ Այս ելույթի բովանդակությունը, բացի ընտրողների առջև հաշվետվություն լինելուց, ենթադրում էր նաև որոշ նախընտրական շեշտադրումներ՝ կապված 2016թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների հետ։
 
Այնուամենայնիվ, երկու օր անց՝ դեկտեմբերի 23-ին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց իր անհապաղ հրաժարականի մասին և որ «մտադիր է որոշ ժամանակ հանգստանալ»։ Որ քաղաքական գործիչն ինքը պատրաստ չէր իր հրաժարականին՝ վկայում է նաև այն փաստը, որ հրաժարականի մասին հայտարարությունը մի քանի անգամ հետաձգվել է, և այդ ամենը հակասում էր ավելի վաղ՝ դեկտեմբերի 21-ին արված հայտարարություններին կոալիցիայի «արդյունավետ» եռամյա կառավարման մասին։
 
Նոր վարչապետի և նոր կառավարության հետ կապված իրավիճակը սկզբում առաջ բերեց քննադատության բուռն ալիք երկրի ընդդիմադիր դաշտի կողմից։ «Այդ մարդիկ զուգորդվում են տնտեսական անկման հետ, ինչը կառավարության առաջին պատասխանատվությունն է համարվում։ Միևնույն ժամանակ, այդ մարդիկ մնում են երկրի իրական կառավարողները, Բիձինա Իվանիշվիլու ցանկությունները կատարողները... Երկիրը կառավարվում է ոչ ֆորմալ առաջնորդի կողմից»,- հայտարարում էր «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Դավիթ Դարչիաշվիլին, որի խոսքերով՝ Իրակլի Ղարիբաշվիլու «անսպասելի անհետացումը» հենց Իվանիշվիլու անձնական ցանկությունն է։
 
Ղարիբաշվիլու «ինքնակամ» հրաժարականի պատճառների շարքում առանձնացնում են կառավարության թերացումները 3 տարվա գործունեության ընթացքում, նրա կողմնակիցների նվազումը, սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, չիրագործված ենթակառուցվածքային նախագծերը, ազգային արժույթի՝ լարիի արժեզրկումը, արդարության վերականգնման գործընթացների հետ կապված խնդիրները (Միխայիլ Սաակաշվիլու ժամանակների գործերով) և այլն։ Վրացական լրատվամիջոցներում այն կարծիքն էր արծարծվում, թե, իբր, վարչապետի հրաժարականը նախատեսվում էր հունվարի վերջին՝ նախընտրական ռեբրենդինգի անվան տակ, որի ընթացքում Ղարիբաշվիլին պետք է գլխավորեր «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական քարոզարշավը։ Իսկ նրա հրաժարականի հապճեպությունը կարող էր կապված լինել երկրում արդարության վերականգնման գործընթացի և դատական բարեփոխումների հետ։
 
Ղարիբաշվիլու պաշտոնից հեռանալուց հետո որոշ քաղաքական գործիչներ սկսեցին հայտարարել, թե Վրաստանի կառավարության նոր ղեկավարի ամենահավանական թեկնածուն փոխվարչապետ, արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին է, որին խորհրդարանական մեծամասնությունը որպես պաշտոնական թեկնածու ներկայացրեց դեկտեմբերի 25-ին։ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու կողմից նրա թեկնածության հաստատումից հետո, դեկտեմբերի 29-ին, երկրի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ («կողմ» է քվեարկել 86 պատգամավոր) վստահություն հայտնեց նոր կառավարությանը՝ Գեորգի Կվիրիկաշվիլու գլխավորությամբ, և «Ուժեղ, դեմոկրատական, միասնական Վրաստան» թարմացված կառավարական ծրագրին։
 
Թարմացված կազմով կառավարությունում փոփոխություններն աննշան էին. ԱԳՆ ղեկավար դարձավ, ինչպես և սպասվում էր, ԱԳ փոխնախարար Միխայիլ Ջանելիձեն, իսկ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրեց էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին։ Մյուս բոլոր նախարարները պահպանեցին իրենց պորտֆելները։ «Չեմ բացառում, որ առաջիկայում կառավարության կազմում կարող են փոփոխություններ իրականացվել»,- ասել է Կվիրիկաշվիլին դեկտեմբերի 26-ին վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
 
Հարկ է նշել, որ կառավարության կազմին և «Ուժեղ, դեմոկրատական, միասնական Վրաստան» կառավարական ծրագրին վստահության քվեի քննարկման ժամանակ Գեորգի Կվիրիկաշվիլին մի քանի սենսացիոն հայտարարություններ է արել, որոնք վերաբերել են կառավարության գործունեությանն անցած 3 տարիներին։ Ըստ նրա՝ դեռևս 2013թ. նա ասում էր, թե «նախընտրական խոստումները հաճախ չափազանցված են եղել»։ Սակայն այն ժամանակ, ըստ Կվիրիկաշվիլու, միայն այդ նախընտրական խոստումները չէին, որ պայմանավորեցին ժողովրդի քվեարկությունը հօգուտ «Վրացական երազանքի»։
 
«Ցավոք, նախընտրական գործընթացին մասնակցած շատ փորձագետների նախնական վերլուծությունները երբեմն չափազանցված էին։ Դա լավ չէ, բայց դա արկածախնդրություն չէր մեր կողմից։ Ինչ վերաբերում է սակագների աճին, շատ ափսոս, բայց 45% արժեզրկման պայմաններում կարգավորողները չեն կարող նման որոշում չկայացնել, քանի որ առանց դրա պարզապես կդադարեցնեն գործունեությունն այն սուբյեկտները, որոնք ներգրավված են այդ բիզնեսում»,- ասել է Կվիրիկաշվիլին։
 
Բնականաբար, նման հայտարարությունը քննադատաբար ընդունվեց ընդդիմության կողմից, որը կառավարող կոալիցիային մեղադրեց պոպուլիզմի մեջ ընտրություններից 9 ամիս առաջ։ Իսկ վարչապետի կողմնակիցները նշեցին, որ նախընտրական քարոզարշավը՝ որպես քաղաքական գործընթաց, ինքնին ենթադրում է բավական մեծ իրարանցում, այդ թվում՝ ոչ ճիշտ սպասելիքներ։ «Խոստումները չափազանցված չէին, այդ խոստումների ընկալումն էր անհամարժեք։ Սպասելիքներն առաջանում են՝ կախված այն բանից, թե ով է խոսում ձեզ հետ։ Հավանաբար, ելնելով պարոն Բիձինայի գործոնից՝ մարդիկ ավելի մեծ ակնկալիքներ են ունեցել, քան երբևէ կունենային որևէ մեկից, բայց հիմա դա սկզբունքային նշանակություն չունի»,- ասել է պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին։
 
Այսպիսով, ընդհանրացնելով վերն ասվածը՝ կարող ենք հավելել, որ մինչև խորհրդարանական ընտրությունները մնացած 9 ամսում Գեորգի Կվիրիկաշվիլու կառավարությունն, այնուամենայնիվ, ստիպված է լինելու կադրային փոփոխություններ կատարել (մինչև 2016թ. մարտ) և կենտրոնանալ քաղաքական կայունության պահպանման, սոցիալ-տնտեսական խնդիրները նվազագույնի հասցնելու վրա՝ տուրբուլենտ տարածաշրջանային և համաշխարհային քաղաքական և տնտեսական իրավիճակի ֆոնին։
 
Վրաստանը թվերով. օտարերկրյա ուղղակի ներդրումներ, առևտուր և ֆինանսական հատված
Դեկտեմբերի սկզբին Վրաստանի վիճակագրության «Սաքստատ» ազգային ծառայությունը հրապարակեց օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) մասին տվյալները 2015թ. առաջին ինն ամիսների կտրվածքով։ Հետազոտության համաձայն՝ ՕՈւՆ-ը Վրաստանում կրճատվել է 17,2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, և մի փոքր գերազանցել է $1 մլրդ-ն։ Միայն երրորդ եռամսյակում ՕՈւՆ-ը կազմել է $489 մլն, ինչը 32,6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ 2015թ. հունվար-սեպտեմբերին ՕՈւՆ ամենամեծ բաժինը եղել է տրանսպորտի և կապի ոլորտում՝ $218 մլն, որին հաջորդում են ֆինանսական հատվածը՝ $73 մլն, շինարարությունը՝ $73 մլն, վերամշակող արդյունաբերությունը՝ $33 մլն, անշարժ գույքը և էներգետիկան՝ $22 մլն և այլն։
 
ՕՈւՆ ամենամեծ մասը 2015թ. առաջին ինն ամիսներին ստացվել է Ադրբեջանից՝ $173 մլն, որին հաջորդում են՝ Նիդեռլանդները (օֆշորային ընկերություններ)՝ $55 մլն, Թուրքիան՝ $43 մլն, Մեծ Բրիտանիան՝ $41 մլն, Չինաստանը՝ $40 մլն, Լյուքսեմբուրգը՝ $31 մլն, ԱՄՆ-ը՝ $14 մլն, Չեխիան՝ $13 մլն, Ռուսաստանը՝ $9 մլն։
 
Ավելի ուշ՝ դեկտեմբերի 11-ին, Վրաստանի խորհրդարանը 83 ձայնով (11 ձայնի դեմ) հաստատեց երկրի 2016թ. պետական բյուջեն։ Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերջնական տարբերակում 200 մլն լարիով ($83 մլն), մինչև 8,555 մլրդ լարի ($3,55 մլրդ) ավելացվեցին եկամուտները, իսկ ծախսերն ավելացվեցին 170 մլն լարիով ($70,5 մլն) և կազմեցին 8,542 մլրդ լարի ($3,54 մլրդ)։
 
Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2016թ. երկրի կառավարությունը կանխատեսում է 3% տնտեսական աճ՝ այն դեպքում, երբ 2015թ. տասն ամիսների տվյալներով տնտեսությունը, փաստորեն, աճել է 2,8%-ով։ 2014թ. նույն ժամանակամիջոցում ՀՆԱ աճը կազմել է 5,6%։
 
Աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը 2016թ. բյուջեի առաջատարն է՝ 3.162 մլրդ լարի կամ $1,312 մլրդ (2015թ.՝ 2.881 մլրդ լարի կամ $1,195 մլրդ)։ Վրաստանի ուժային գերատեսչությունների բյուջեն 2016թ. այսպիսին է. պաշտպանության նախարարություն՝ 670 մլն լարի կամ $278 մլն (2015թ.՝ 667.3 մլն լարի կամ $276 մլն, 2014թ.՝ 667.4 մլն լարի կամ $358 մլն), ներքին գործերի նախարարություն՝ 595 մլն լարի կամ $246,8 մլն (2015թ.՝ 591,6 մլն լարի կամ $245 մլն)։
 
Ամսվա վերջին՝ դեկտեմբերի 22-ին, «Սաքստատը» ներկայացրել է հաշվետվություն Վրաստանի 2015թ. հունվար-նոյեմբերի արտաքին առևտրաշրջանառության մասին։ Համաձայն վիճակագրության ազգային ծառայության տվյալների՝ արտաքին առևտրի ծավալները նշված ժամանակամիջոցում կրճատվել են 14%-ով 2014թ. նույն ժամանակամիջոցի համեմատ և կազմել $8,892 մլրդ։ Այդ ժամանակամիջոցում արտահանումը կազմել է $2,019 մլրդ, ինչը 23%-ով պակաս է 2014թ. համեմատ։ Ներմուծմանը բաժին է ընկել $6,873 մլրդ, ինչը 11%-ով պակաս է, քան 2014թ.։ ԱՊՀ երկրների հետ առևտրում Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է $2,509 մլրդ (22%-ով պակաս), իսկ Եվրամիության երկրների հետ՝ $2,792 մլրդ (3%-ով ավելի)։
 
Բացի վերոնշյալ տվյալներից՝ նշենք ևս մի քանի ցուցանիշներ.
 
- Դեկտեմբերին Վրաստանի Ազգային բանկն իր հաշվեդրույքն ավելացրել է 8%-ով 50 բազիսային կետի համար (4% 2015թ. սկզբին) և հայտարարել, որ դրան հաջորդող ժամանակաշրջանում քաղաքականության կոշտացում չի սպասվում։
 
- Տարեկան ինֆլյացիան Վրաստանում նոյեմբերին աճել է՝ 5,8%-ից դառնալով 6,3%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2011թ. օգոստոսից հետո։ Վրաստանի Ազգային բանկի հայտարարության համաձայն՝ հաջորդող ժամանակաշրջանում ինֆլյացիայի ցուցանիշը փուլ առ փուլ կրճատվելու է և 2016թ. երկրորդ կեսին հասնելու է 5% թիրախային ցուցանիշին։
 
- Վրաստանի «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ վերջին 12 տարիներին Վրաստանում արձանագրվում է գյուղական բնակչության 24%-ոց նվազում, նրանց թվաքանակը կազմում է 1,6 մլն մարդ։ Գիտնականների կարծիքով, եթե այս միտումը պահպանվի, ապա չի բացառվում, որ հաջորդ մարդահամարի ժամանակ գյուղերում մեկ միլիոնից էլ քիչ մարդ մնացած լինի։ 2002թ. գյուղական բնակչությունը կազմում էր 2 մլն մարդ (ընդհանուր բնակչությունը՝ 4,3 մլն մարդ)։ Արդեն 2014թ. մարդահամարի տվյալներով՝ երկրի բնակչությունը կրճատվել է 14,6%-ով՝ 2002թ. տվյալների համեմատ, և կազմել 3,73 մլն մարդ։
 
- Վրացական լրատվամիջոցների համաձայն՝ Վրաստանի ազգային արժույթի արժեզրկման և ինֆլյացիայի արդյունքում, ինչը հանգեցրել է ծախսերի ավելացման, քաղաքացիների մեծ մասն արդեն չի կարողանում վճարել բանկային վարկերը և պարտավորությունները։ Նշվել է, որ ժամկետանց վարկերի թիվը 2015թ. 11 ամիսներին ավելացել է 56,2%-ով (14% 2014թ.) և կազմել $165 մլն ($105 մլն 2015թ. հունվարին)։ Վրաստանում պնդում են, որ բանկային հատվածը կարող է խնդիրներ ունենալ, եթե խնդրահարույց պարտքերի ծավալը գերազանցի առևտրային բանկերի տրամադրած բոլոր փոխառությունների 3%-ը։ Այս ամենը կազդի նաև բանկային հատվածի ֆինանսական կայունության վրա։ Այս փուլում այդ ցուցանիշը կազմում է մոտ 2,5%։ Միևնույն ժամանակ, վրացի տնտեսագետները կանխատեսում են ազգային արժույթի փոխարժեքի ամրացում։ Ամենալավատեսական կանխատեսումներով՝ 2016թ. երկրորդ կեսից լարին դոլարի հանդեպ կտատանվի 2,1-2,15-ի սահմաններում։
 
 
Ջոնի Մելիքյան, «Նորավանք» ԳԿՀ փորձագետ,
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play