ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՄԷԿՇԱԲԱԹԵԱՅ ԴԻՊԱՇԱՐ...


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՄԷԿՇԱԲԱԹԵԱՅ ԴԻՊԱՇԱՐ...

  • 24-01-2016 18:52:53   | Իրան  |  Վերլուծություն
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՄԷԿՇԱԲԱԹԵԱՅ ԴԻՊԱՇԱՐ...
 
1- Թուրքիայի վարչապետ Դաւութօղլուն անցեալ շաբաթ (յունւարի 18-ին) լոնդոնեան այցի ընթացքում դիմաւորւեց նախ անգլիացի գործընկեր Կամերոնի, ապաեւ  լոնդոնաբնակ քուրդ ցուցարարների կողմից, որոնք մէկ անգամ եւս յիշեցրեցին թուրքական իշխանութիւնների ցեղասպանական ոճիրների մասին:
Քուրդ ցուցարարների բողոքին չառերեսւելու համար, սակայն, նէոօսմանիզմի գաղափարախօսը ստիպւած Դաունինգ Սթրիթ 10-ի ՙբրիտանական Բաբը Ալի՚-ի (Բարձրագոյն դուռ, իշխանական պալատ) յետնամուտքի ՙստորին դուռից՚ է հեռացել:
2- Նոյնիսկ հեռակայ կարգով Թուրքիայի իշխանաւորներին դիպչելուց խուսափող ԱՄՆ պետայրերի ՙպրոտոկոլը՚ խախտելու համարձակ քայլի է դիմել նախօրէին, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջօ Բայդէնը: Վերջինս, հէնց Անկարայում Դաւութօղլուի հետ մամլոյ համատեղ ասուլիսի ընթացքում խիստ քննադատութեան է ենթարկել Թուրքիայում մարդկային իրաւանց (համալսարանական տասնեակ դասախօսների ձերբակալումը) եւ մամլոյ ու ինտերնետի սահմանափակումները, ընդգծելով, որ.- ՙՆման կեցւածքներով Թուրքիան չի կարող համարւել օրինակելի այդ կարգի ազատութիւնների համար...՚:
.... Որտեղից որտեղ, բայց Բայդէնի այդ յայտարարութիւններից յետոյ էր, որ նախագահ Էրդողանը յայտարարեց.- ՙՋօ Բայդէնի հետ քննարկելու ենք Սիրիայի հիւսիսում Ռուսաստանի կողմից նոր ռազմաբազա հիմնելու անթոյլատրելիութեան մասին...: - Մենք թոյլ չենք տայ, որպէսզի Իրաքից մինչեւ Միջերկրական ծով ձգւող Թուրքիայի սահմանին նման ռազմաբազա հիմնւի,- յոխորտել է Էրդողանը:
3- Ամերիկացի տեսաբան-քաղաքագէտ Նուամ Չամսկին, որը աւելի քան հազար մտաւորականների հետ ստորագրահաւաքով քննադատել ու բողոքել էր Թուրքիայի իշխանութիւնների կողմից քրդաբնակ շրջանների դէմ  շարունակւող բռնութիւնները, ՙարժանացել է՚ Էրդողանի հակահարւածին: Թուրք նախագահը ստորագրողներին անւանել է ՙտգէտ, դաւաճան, մի բուռ այսպէս ասածª մտաւորականներ եւ ... խաւարամիտ՚:
Չամսկին եւս պարտաւորւել է կրկին անգամ բնութագրել թուրքական քաղաքականութիւնը ՙԱլ Ջազիրա՚ լրատւացանցին տւած զրոյցի ընթացքում: Հարցին, թէ ինչպէս էք բնութագրում Թուրքիայի քաղաքականութիւնը, Չամսկին ընդգծել է. ՙԴա կատարեալ ոճրագործութիւն է..., Թուրքիան մի կայացած բռնատիրութիւն է ու այժմ մտադրւած է վերականգնել նախորդ դարի իր ահաւոր քաղաքականութիւնը...՚:
 
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ 
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն