Մարիո Ստեֆանո Պիետրոդարկինի երկրորդ հայրենիքը Հայաստանն է


Մարիո Ստեֆանո Պիետրոդարկինի երկրորդ հայրենիքը Հայաստանն է

  • 28-01-2016 21:55:54   | Հայաստան  |  Մշակույթ
Հանդիսատեսը բաց չէր թողնում երաժիշտներին
 
Հունվարի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տանգոյի ելևէջներ էին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ էին ունենում Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և կիթառահար Լուկա Լուչինին։ Հնչում էին Աստոր Պիացոլլայի, Անտոնիո Վիվալդիի ստեղծագործություններից, ինչպես նաև երաժշտություն Էննիո Մորիկոնեի կինոֆիլմերից, Մարտին Պալմերիի «Տանգո» ստեղծագործությունը, արգենտինյան տանգոներ: 
 
Ինքը՝ Պիետրոդարկին, նշում է, որ Իտալիայից հետո իր երկրորդ հայրենիքը Հայաստանն է։ Ըստ նրա՝ Հայաստանն ու հայերը շատ հոգեհարազատ են իրեն, ու ամեն այցի ընթացքում ավելի ու ավելի է խտանում այդ հարազատության զգացողությունը։ Նա շատ նմանություններ է տեսնում իտալացիների և հայերի միջև։ Հատկապես հարավային Իտալիայում մարդիկ այնպիսին են, ինչպես Հայաստանում։ 
 
Խոսելով երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին՝ Պիետրոդարկին նշում է, որ աշխատանքի լավ փորձ ունի կոլեկտիվի հետ։ «Նրանք շատ պրոֆեսիոնալ են, հասուն, ֆանտաստիկ երաժիշտներ։ Նրանք մի մեծ ընտանիք են, ընկալում են երաժշտությունը շատ խորությամբ և պրոֆեսիոնալ կերպով աշխատում մենակատարի հետ»,- ասում է բանդոնեոնահարը։ 
 
Պիետրոդարկին, խոսելով իր երկացանկի մասին, նշում է, որ իր նվագած երաժշտության մեջ փորձում է համատեղել տանգոյի բոլոր՝ արդեն եղած և դեռ զարգացող ճյուղերն ու ենթաճյուղերը: Ըստ նրա՝ իրեն ոգեշնչող երաժիշտների ցանկը բավականին մեծ է:
 
Համերգը տևեց նախատեսվածից շատ ավելի երկար։ Համերգային ծրագրի ավարտից հետո մոտ 40 րոպե երաժիշտները նվագում էին հանդիսատեսի խնդրանքով ու իրենց բաց չթողնող բուռն ծափահարությունների ներքո։ 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play