«Հայաստանում կոալիցիայի անվան տակ որոշակի խաղեր են գնում».Մովսես Քեշիշյան


«Հայաստանում կոալիցիայի անվան տակ որոշակի խաղեր են գնում».Մովսես Քեշիշյան

  • 01-02-2016 11:08:34   | Իրան  |  Հարցազրույցներ

«Առաջին լրատվական»-ի 

զրուցակիցն է Թեհրանում տպագրվող«Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը:  

– Պարոն Քեշիշյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական զարգացումները: ՀՅԴ-ն օրերս հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ չէ կոալիցիա կազմելու Սերժ Սարգսյանի առաջարկին: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը:

– Նախ պետք է քննարկենք՝ ինչ է իրենից ներկայացնում «կոալիցիա» բառը: Կոալիցիա ստեղծվում է այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը զգացվում է, երբ որևէ երկրում կուսակցությունները մեծամասնություն չկազմելու հետևանքով գնում են կոալիցիա կազմելու: Այսօր հայաստանյան իրականությունը մեզ ապացուցում է, որ կոալիցիա կազմելու կարիք չկա. ԱԺ-ում 131 պատգամավորից 70-ը ՀՀԿ-ական է, այդ կուսակցությունը մեծամասնություն է ԱԺ-ում, և կոալիցիայի մասին խոսելն ավելորդություն է: Երկրորդ՝ կոալիցիա  կազմում են այնպիսի խմբակցություններ, որոնք ունեն գաղափարական որոշակի ընդհանրություններ: Այստեղ ՀՀԿ-ն պահպանողական լիբերալ կուսակցություն է, Դաշնակցությունը իրեն, այսպես կոչված, ազգային սոցիալիստական կուսակցություն է համարում, համենայնդեպս՝ փաստաթղթերում այդպես է ամրագրված, և այս երկուսը չունեն ընդհանրություններ: Եվ ուրեմն ինչի՞ հիման վրա պետք է կոալիցիա կազմել: Սա ոչ թե կոալիցիա է, այլ  խաղի շարունակություն, որովհետև թե նախորդ անգամ, երբ Դաշնակցությունը կոալիցիա մտավ, և թե դուրս գալուց հետո մենք տեսանք՝ ինչպես դեսպանություն ստացավ Դաշնակցությունը: Խնդիրն այն է, որ Հայաստանն իրականում ոչ թե կոալիցիաների կարիք ունի, այլ կոալիցիայի անվան տակ որոշակի խաղեր են գնում: Ցավոտ օղակը էստեղ է. ոչ թե կոալիցիոն կառավարության անհրաժեշտություն կա, այլ ազգային համերաշխության կառավարության: Սրա պակասը կա, և սա շատ նուրբ և կարևոր կետ է:

Նախ՝ եթե կոալիցիա, ապա հանուն ինչի և երբ։ Վերջին հաշվով՝ կոալիցիա կազմում են այն ժամանակ, երբ պետք է կազմվի կառավարություն։ Այդ երբվանի՞ց են ընտրություններից մեկ տարի առաջ կոալիցիա կազմում, ի՞նչ երաշխիք, որ մեկ տարվա մեջ  ոչ մի բան  չի փոխվելու Հայաստանի նաև ներքին կյանքում, և խոսել կոալիցիա կազմելու մասին ավելորդություն է։ Իրականության մեջ հենց Սահմանադրությունն է Հայաստանում ոտնահարվում։ Չի հարգվում ժողովրդի ձայնը, իսկ իշխանություն ձևավորվում է ոչ թե օրինական հիմունքներով, այլ մարդկանց գրպանի հաշվին, իրար հետ առևտուր են անում։ Տեսնում ենք, թե ինչ վիճակում է Հայաստանը՝ ժողովրդի 15 տոկոսը ծայրաստիճան աղքատ է, իսկ նրանք աթոռ փոխանակելու առևտուր են անում։ Դաշնակցությունը Սփյուռքում ցույց է տվել, թե ինչպես է վարվում ժողովրդի հետ, իր թալանները կազմակերպում, և հիմա հավանաբար Հայաստանում նույն կերպ թալանելու տարբերակ է փնտրում։ Իրականում հարցը Սահմանադրությունը չէ, մեր աչքի առաջ ունենք գերմանական խորհրդարանական տարբերակը և ԱՄՆ-ում նախագահական տարբերակը, բայց երկու դեպքում էլ գործում է օրենքը, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ ապրել։ Այսինքն՝ այդ խորհրդարանականի ու նախագահականի տարբերությունները դեր չեն խաղում, համակարգը խորհրդարանական դարձնելով՝ ի՞նչ է փոխվելու, եթե օրենքը չի գործում։

– Պարոն Քեշիշյան, 2009 թվականին ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պատճառով դուրս եկավ կոալիցիայից։ Հիմա այդ արձանագրությունները թեև սառեցված են, բայց Հայաստանն իր ստորագրությունը հետ չի կանչել, և ստացվում է, որ ՀՅԴ-ն շեղվո՞ւմ է իր սկզբունքներից՝ կոալիցիա կազմելով իշխանության հետ։

– Ես այնքան էլ այդպես չեմ կարծում. դա հայտարարված տարբերակն է, որի տողատակերը պետք է կարդալ։ Իրականում դա խաղ էր, որ այդպես իրեն ձևացներ Դաշնակցությունը, ու այսօր կոալիցիա մտնելն ապացուցում է, որ դա խաղ է եղել։ Հիմա տեղի ունեցողն էլ է խաղ. այսինքն՝ ոչ թե ՀՅԴ-ն դուրս է եկել իր համար սկզբունքային կետերի պատճառով, պարզապես այդ ժամանակ այդ տարբերակն էր պետք խաղալ՝ դա խաղացին։ Դրանից հետո մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ ստանում են դեսպանի և այլ պաշտոններ, խաղերը շարունակվում են։ Հիմա էլ խաղի պայմանները փոխվել են, ուրիշ խաղ են խաղում։

– Հայաստանում ներկայումս ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր։ Այսօր դաշտում կան թեկուզ փոքրաթիվ, բայց ուժեր, որոնք իշխանության հետ չեն գնա երկխոսության։ Մյուս կողմից՝ հասարակական լուրջ դժգոհություն կա իշխանություններից։ Ձեր կարծիքով՝ մինչև 2017 թվականը Հայաստանում հնարավո՞ր են արտահերթ զարգացումներ։

– Չեմ կարող ասել, որ  նման բան հնարավոր է, դժբախտաբար՝ դա չի երևում, որովհետև ընդդիմության դաշտը հզոր ու հեղինակավոր տարբերակով չի կարողանում դրսևորել իրեն։ Սա ցավալի փաստ է, որովհետև եթե ընդդիմությունը լիներ հզոր, իշխանությունը չէր կարող լինել էսպիսին, պարտավոր կլիներ մնալ իր սահմաններում, բայց մենք տեսնում ենք, որ այդպես չէ։ Հուսանք, որ ընդդիմությունը ոչ թե պարզապես մարդկանց կբերի հրապարակ, այլ ավելի նպատակային գործունեություն կծավալի՝ հանուն ազգային նպատակների, ոչ թե օդում նետված խոսքերի կամ ապագա աթոռի։ Եթե պարզ հաշվարկները նայենք, Հայաստանը 25 տարում կորցրել է 2 մլն  ժողովուրդ, իսկ հաջորդ 25 տարին ինչպիսի՞ն է լինելու։ 2017 թվականի ընտրություններում ի՞նչ կլինի, և հաջորդները, որոնք գալիս են, չե՞ն վարվի նույնկերպ։ Վերջին հաշվով նրանց մի մեծ մասը ժամանակին եղել է իշխանություն, և իրենց օրոք էլ փայլուն վիճակ չի եղել։ Այսօր ժողովուրդը այլ բանի կարիք ունի, նա ուզում է զգալ, որ իր երկրում գործում է օրենքը, բոլորը հավասար են օրենքի առջև: Մյուս կողմից՝ իշխանության ներկայացուցիչները նրա համար չեն այդտեղ նստած, որ ասեն՝ այս կամ այն երկիրը մեզ պահում է կամ մեր կողքին է։ Մարդիկ պետք է զգան, թե ինչ է տեղի ունենում աշխարհում ու տարածաշրջանում, որոնք հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար, բայց եթե զգույշ չլինես, դա կարող է քո գլխին պատուհասի վերածվել։ Եթե դու պատրաստ չես այդ զարգացումներին, եթե չունես համապատասխան հեղինակություն քո խոսքն ասելու,  քո ունեցածն էլ կկորցնես։ Երկրի տնտեսական վիճակը, արտագաղթը լուրջ մարտահրավերներ են երկրի համար, բայց իշխանությունները կարծես չեն զգում դա։ Չեն հասկանում, որ եթե երկիրը չունի ժողովուրդ, եթե մարդիկ թալանված ու խեղճացած  վիճակում են ապրում, այդ երկիրը չի գոյատևելու, և իրենք էլ չեն կարող գոյատևել։

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ