Երևանում առաջին անգամ անցկացվելու են հայ-չինական մշակույթի օրեր
04-02-2016 19:49:54 | Հայաստան | Մշակույթ
Երևանում փետրվարի 8-25-ն առաջին անգամ անցկացվելու են հայ-չինական մշակույթի օրեր, որն այսուհետ կրելու է ավանդական բնույթ: Ինչպես փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ծրագրի կազմակերպիչներից «Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիա»-ի նախագահ Տիգրան Չոբանյանը, այս օրերին Չինաստանում անցկացվում է գլխավոր տոններից մեկը` Չինական նոր տարին կամ Գարնան տոնը, որի կապակցությամբ էլ անցկացվում է միջոցառումը:
Ըստ նրա` մշակույթի օրերի շրջանակներում ամբողջ փետրվար ամսվա ընթացքում իրականացվելու է միջոցառումների շարք. Մասնավորապես, փետրվարի 8-ին Ճարտարապետների միությունում կատարվելու է չինական նոր տարվա տոնակատարություն, փետրվարի 11-ին ցուցադրվելու է չինական գեղագրության (կալիգրաֆիա) ստեղծումը, փետրվարի 18-ին` «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրությունը» ֆիլմը, որը պատմելու է հնագիտական գտածոների և անհայտ պատմական իրողությունների մասին:
Փետրվարի 15-ին «Ակումբ»-ում կազմակերպվելու է չինական թեյախմություն և հայկական խոտաբույսերի, թրմերի համտեսում, իսկ փետրվարի 22-ին նույն վայրում մասնակիցները սովորելու են գծել չինական հիերոգլիֆները, ծանոթանալ դրանց բովանդակությանը:
Հայ-չինական մշակույթի օրերն ավարտվելու են փետրվարի 25-ին, այդ օրը Ճարտարապետների միությունում անցկացվելու է երկու ժողովուրդների ռազմապարերի ցուցադրություն:
Տ. Չոբանյանի խոսքերով, հայկական և չինական մշակույթներն ունեն ինչպես տարբերություններ, այնպես էլ շատ ընդհանրություններ, որոնց ծանոթանալն անհրաժեշտություն է:
«Հայ-չինական օրերի անցկացման նպատակն է լրատվամիջոցների միջոցով հայ հասարակությանը ծանոթացնել չինակական մշակույթին, ավանդույթներին, մասնագետների օգնությամբ անցկացվելու են վարպետության դասընթացներ մարտարվեստի և ռազմապարերի հետ կապված»,- ասաց Տ. Չոբանյանը` հավելելով, որ որպես միջոցառումների մասնակից ընտրել են ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Նրա կարծիքով`միջոցառումները դրական ազդեցություն կունենան հասարակության վրա, քանի որ երկու ազգերի մշակութային արժեքների տարածումը կօգնի հայ հասարակությանը վերագտնել հոգեկան և ֆիզիկական ներդաշնակությունը:
Հայ-չինական մշակութային օրերի մեկա այլ կազմակերպիչ, Երևանում Մշակույթի եւ գիտության չինական կենտրոնի տնօրեն Իզաբելա Մուրադյանի խոսքերով` Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերություններ հաստատվել են շատ վաղ ժամանակներից, այդ հարցում իր էական նշանակությունն է ունեցել Մետաքսի ճանապարհը:
Նրա փոխանցմամբ` այդ ժամանակներից մինչ օրս Չինաստանը հասցրել է աշխարհին այնպես ներկայանալ, որ ամբողջ աշխարհը ծանոթ է չինական մշակույթին, իսկ հայկական մշակույթը ոչ պատշաճ մակարդակով է ներկայացված:
Ի. Մուրադյանի պնդմամբ` ներկայումս հայերը շատ բան ունեն չին ժողովրդից սովորելու:
«Մենք միջոցառումների մասնակիցներին հաճելիորեն կզարմացնենք մինչ օրս անհայտ պատմություններով, որոնք վկայում են հայերի և չինացիների միջև եղած սերտ փոխգործակցության մասին, մասնավորապես, Հայաստանի և Չինաստանի միջև բավականին ակտիվ առևտրաշրջանառություն է տեղի ունեցել Մետաքսի ճանապարհի շնորհիվ: Հայերը Չինաստան են արտահանել Որդան կարմիրը, իսկ եվրոպացի առևտրականները հայկական կտորից պատրաստված զգեստներ են հագել Չինաստան մուտք գործելու իրավունք ստանալու համար»,- ընդգծեց Ի. Մուրադյանը:
Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ (Թաուլու) «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր
Ռոբերտ Վարդումյանի փոխանցմամբ` հայ-չինական մշակույթի օրերի շրջանակներում ուշագրավ է լինելու թեյախմության արարողության կազմակերպումը և իրականցումը, ինչպես նաև ռազմապարերի և ինքնապաշտպանական մարտերի ցուցադրությունը:
Նրա խոսքերով` չինական ինքնապաշտպանական մարտերը ցուցադրելու են «Հայաստանի Ավանդական Ուշուի Ֆեդերացիա»-ի անդամները, իսկ հայկական ռազմապարերը ներկայացնելու են Գագիկ Գինոսյանը և «Կարին» ավանդական երգի-պարի համույթը: