Բուն Բարեկենդանի տոնը մեկնարկելու է դիմակներով և տոնական քայլերթով


Բուն Բարեկենդանի տոնը մեկնարկելու է դիմակներով և տոնական քայլերթով

  • 05-02-2016 13:13:40   | Հայաստան  |  Մշակույթ

Փետրվարի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Բուն Բարեկենդանը, որը Մեծ պահքի առաջին կիրակին է, իսկ հաջորդ օրը սկսվում է Մեծ Պահքը: Այս մասին փետրվարի 5-ին  լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արարատյան Հայրապետական թեմի (ԱՀԹ ) առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: 
 
Նա տեղեկացրեց, որ արդեն երրորդ տարին է ինչ ԱՀԹ-ն կազմակերպում է մեծ տոնակատարություն, որի ընթացքում ավելանում է  մասնակցող  երիտասարդների թիվը: «Բուն Բարեկենդանը հոգեւոր տոն է , որը ներկայացնում է Ադամի դրախտային երանական կյանքը: Նա հրահանգ ուներ Աստծուց՝ գիտության ծառի պտղից չճաշակել: Նա օրինազանց է լինում եւ ճաշակելով գործում է առաջին մեղքը: Հետո տեղի է ունենում արտաքսում դրախտից: Բուն Բարեկենդանի հաջորդ կիրակին էլ կոչվում է Արտաքսման կիրակի: Մեծ պահքը զղջման ժամանակահատված է, երբ պահեցողությամբ վերականգվում է մարդու եւ Աստծո միջեւ կապը»,- ասաց քահանան միեւնույն ժամանակ նշելով, որ տոնի բաղկացուցիչ մասն են կազմում  դիմակները:
 
Անդրադառնալով փետրվարի 7-ին կայանալիք միջոցառմանը, նա նշեց, որ այդ օրը ժամը 13:30-ից ԱՀԹ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակից սկսվելու է  տոնական դիմակներով շքերթը. «Պարելով, երգելով շարժվելու ենք մինչեւ Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունենալու  մեծ միջոցառում: Տարբեր հարթակներում հանդես կգան ազգագրական խմբեր, վարչական շրջանների երգի ու պարի  համույթներ, թատերական խմբեր, կազմակերպվելու են  ազգային խաղեր: 
Միջոցառման ընթացքում տեղի է ունենալու  նաեւ բարեկենդանյան ուտեստների ցուցահանդես-վաճառք, որոնք   պատրաստել են ԱՀԹ երիտասարդաց միությունների երիտասարդները: Վաճառքից ստացված  ողջ հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով» :
 
Տեղեկացնենք, որ  Բարեկենդանի տոնին կարելի է  ուտել մսեղեն, կաթնեղեն, քաղցրավենիք, քանի որ վերջին օրն է՝ Պահք մտնելուց առաջ: 
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»  
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play