Դատապարտյալը շարունակական ճնշումների է ենթարկվում ՔԿՀ աշխատակցի կողմից


Դատապարտյալը շարունակական ճնշումների է ենթարկվում ՔԿՀ աշխատակցի կողմից

  • 07-02-2016 22:57:58   | Լոռու մարզ  |  Իրավունք
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն տեղեկացրել է, որ ահազանգի հետքերով «Վանաձոր» ՔԿՀ այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը արձանագրել էր, որ դատապարտյալ Կ. Ս.-ը շարունակական ճնշումների է ենթարկվում ՔԿՀ աշխատակցի կողմից: 
 
Դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարություն ներկայացրած դիմումով իր մտահոգությունն էր հայտնել դատապարտյալի վերաբերյալ և խնդրել դատապարտյալ Կ. Ս.-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխել այլ ՔԿՀ, սակայն ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արդարադատության նախարարությունը հարցին լուծում էր տվել ճնշումներ գործադրող աշխատակցին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելով:
 
Սույն գործով 2015 թվականի սեպտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ կայացվել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, որը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից բողոքարկվել էր ՀՀ Գլխավոր դատախազություն: 2015 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Է. Արամյանի կողմից որոշում է կայացվել՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ 29.09.2015թ.-ի որոշումը վերացնելու և ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Հարուցված քրեական գործի շրջանակներում դատապարտյալ Կ. Ս.-ը, շարունակելով գտնվել «Վանաձոր» ՔԿՀ-ում, խուսափողական ցուցմունքներով հրաժարվել է իր իրավունքների պաշտպանությունից՝ ընդհուպ հրաժարվելով ՔԿՀ աշխատակցի կողմից տևական ճնշումների և սպառնալիքների վերաբերյալ իր խոսքերից:
 
Արդյունքում՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-ին կայացվել էր քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում: Ընդ որում՝ քննիչը որոշում է կայացրել նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սուտ մատնության հանցակազմի բացակայության հիմքով: 
 
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 21-ին բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ քրեական գործը կարճելու մասին վերոնշյալ որոշումը վերացնելու, ինչպես նաև՝ հաղորդում ներկայացրած և վկայի կարգավիճակում գտնվող իրավապաշտպանների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված /սուտ մատնություն/ հանցակազմի շրջանակներում վարույթն իրականացնող քննիչի կողմից քրեական հետապնդում իրականացնելուն իրավական գնահատական տալու պահանջով:
 
Աղբյուրը այստեղ՝ http://hcav.am/events/06-02-2015-01/ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք