Մարտից մեկնարկելու է «.հայ» դոմենում ապրանքանիշների անունների ազատ գրանցման փուլը (տեսանյութ)


Մարտից մեկնարկելու է «.հայ» դոմենում ապրանքանիշների անունների ազատ գրանցման փուլը (տեսանյութ)

  • 08-02-2016 18:57:54   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



«.հայ» դոմենում մոտ 100 կազմակերպություններ արդեն հայտեր են ներկայացրել իրենց ապրանքանիշների անունները գրանցելու համար, այս փուլն ավարտվելու է փետրվարի վերջին: Ինչպես փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգորի Սաղյանը, մարտի 1-ից հետո «.հայ» դոմենում կկարողանան գրանցվել բոլոր ցանկացողները` առանց առավելությունների և նախապատվությունների:
 
Անդրադառնլով փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու և փետրվարի 8-ը ողջ աշխարհում անվտանգ համացանցի օր հայտարարելուն` վերջինս նշեց, որ  անվտանգ ինտերնետ հասկացությունը բավականին ընդարձակ է և ներկայումս  համաշխարհային մակարդակով գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: 
«Այս ուղղությամբ Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ գործում է «safe.am» կազմակերպությունը, որը զբաղվում է անվտանգ ինտերնետի գաղափարի տարածմամբ հիմնականում դպրոցների միջոցով»,- նշեց Գ. Սաղյանը` հավելելով, որ «safe.am» ինտերնետ ծրագրի օգնությամբ ուսուցիչները ծանոթանում են անվտանգության այն բոլոր հիմքերին, որոնք առնչվում են հատկապես երեխաներին: 
Գ. Սաղյանի կարծիքով` անվտանգ ինտերնետը կապված չէ մեծահասակների հետ, հետևաբար անհրաժեշտ է հասկանալ, թե մինչև որ տարիքը պետք է դրվեն ինտերնետից օգտվելու սահմանափակումներ: 
Նրա փոխանցմամբ` Հայաստանում գործող ինտերնետ կառավարման հանձնաժողովի հաջորդ նիստում ստանալու են «safe.am» կազմակերպության կողմից մշակված «Երեխաների առցանց պաշտպանության» հայեցակարգի նախագիծը, որի քննարկումից հետո հանրությանը ներկայացվելու են հիմնական դրույթները. «Սա միջոցառումների մեծ ցանկ է նախատեսում, որի շրջանակներում հիմնվելով միջազգային փորձի վրա առաջարկվելու են համապատասխան լուծումներ, միաժամանակ Հեռահաղորդակցության միջազգային միությունը փորձագետների մի խումբ է ուղարկելու Հայաստան, որպեսզի այդ հարցին հայեցակարգային լուծում տրվի»,- ասաց նա:
Հայալեզու եզակի էլեկտրոնային  առցանց շտեմարանի հեղինակ,  ՀՊՃՀ պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր,  ԻՍՄԱ ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մանուկյանի խոսքերով` մեծ ուշադրություն պետք է դարձվի ինչպես հայատառ, այնպես էլ հայահնչուն ինտերնետին, որպեսզի ինտերնետ շփմանը մասնակցեն մարդու մարմնի մյուս օրգանները ևս: 
«Հայատառ գրելուց բացի, շատ կարևոր է լսել ու տեսնել նաև այդ տառի ու բառի հնչողությունը, փաստորեն ծանոթանալ այբենարանին` առանց այբենարանի օգնության»,- ասաց Է. Մանուկյանը` ընդգծելով, որ իրենք շարժվում են հենց այս սկզբունքով:
Նրա փոխանցմամբ` ստեղծելով հայալեզու եզակի էլեկտրոնային առցանց շտեմարանը, իրենք նպատակ ունեն այդպիսով աշխարհասփյուռ հայությանն օգնել վերհիշելու այբենարանը: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ