Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստախոս կառույց է. Անահիտ Բախշյան


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստախոս կառույց է. Անահիտ Բախշյան

  • 08-02-2016 17:54:45   | Հայաստան  |  Հասարակություն

Մի  քանի օր առաջ կառավարությունում բենզինի գների մասին ՏՄՊՊՀ-ի  նախագահ Արտակ Շաբոյանի ներկայացրած հաշվետվությունն ուղղակի զարմանալի էր   և  ես որոշեցի ուսումնասիրել այդ հանձնաժողովի կայքն ու ամբողջությամբ կարդալ կառավարությունում ներկայացրած հաշվետվությունը, վերջապես տեսնել, թե որքան հրապարակային ու թափանցիկ է աշխատում այս հանձնաժողովը:  Զարմանքս, ինչպես ասում են, ափեափ էր: 
 
Իհարկե competition.am կայքում փնտրածս հաշվետվությունը չգտա, բայց  2015 թվականի ապրիլին հանձնաժողովի ընդունած 2014 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ հաշվետվության մեջ գտա հետևյալ նախադասությունը. <Հանձնաժողովի պաշտոնական կայք-էջի  դեռևս  նախորդ  տարվանից  սկսված  ծրագրային  վերազինման աշխատանքները գրեթե ավարտվել են, և արդեն իսկ բոլոր նորությունները, մամուլի հաղորդագրությունները, ինչպես նաև տեղեկատվական նյութերը հասանելի են հասարակությանը: Կայքը դարձել է առավել թափանցիկ, ավելացվել են մի շարք ենթաբաժիններ, որոնք հանրությանը տրամադրում են առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:>
Համոզվելու համար,  թե որքանով է կայքը թափանցիկ  դարձել, էքսկուրսիա կատարեցի այնտեղ: 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  էջում վերջին նորությունը դրվել է 2015թ. հոկտեմբերի 10-ին:
Մամուլի վերջին հաղորդագրությունը տարածվել է 2015թ. նոյեմբերի 27-ին:
ԱՅԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ վերնագրի  տակ առկա է <Հաշվետվություններ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից  անցկացված ստուգումների և  ուսումնասիրությունների մասին> ենթավերնագիրը, որտեղ խայտառակություն է այն փաստը, որ երկու տարվա վերաբերյալ տեղադրված 2015, 2014 թ.թ. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովի կողմից անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների մասին հաշվետվությունները նույն փաստաթղթերն են, որոնցից պարզ է դառնում, որ նույն  կազմակերպություններում իրականացրել են 7 ստուգում և 23  ուսումնասիրություն, բայց <Իրավական նորմեր, որոնց պահանջները չեն կատարվել>  և  <Նշում՝  բողոքարկման վերաբերյալ> սյունակների տակ դատարկ են ու հասկանալի չէ, թե ի՞նչ արդյունք են տվել այդ ստուգումներն ու ուսումնասիրությունները: Այսինքն, Շաբոյանը կամ կայքի պատասխանատուն չեն բացել ու չեն հետևել կայքին,  իսկ այնպիսի հաշվետվություն, որի մասին Շաբոյանը զեկուցեց կառավարության նիստում, նույնիսկ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  էջում չկա:
Շարունակելով կայքի էքսկուրսիան պարզում ենք, որ <Հակակոռուպցիոն միջոցառումներ> վերնագրի տակ բացվում է. <Կայքը գտնվում է վերագործարկման փուլում>,  <Բյուջե> վերնագրի տակ նույնպես գրվում է. <Կայքը գտնվում է վերագործարկման փուլում>:
<Վիճակագրություն> վերնագրի տակ վերջին գրառումը եղել է  <Ներածություն>,  12.02.2010 թվականին:
<Հիմնական ցուցանիշներ> վերնագրի տակ նույնպես գրվում է. <Կայքը գտնվում է վերագործարկման փուլում>, <Գնումների հայտարարագրում> վերջինը՝ 29.4.2014թ, նույնպես գրվում է. <Կայքը գտնվում է վերագործարկման փուլում>, <Գնումների պայմանագրեր> վերնագիրը ընդհանրապես չի արձագանքում: 
<Քննարկվող հարցեր> էջը   09.02.2010թ.ից հետո չի թարմացվել, <Տեղեկատվություն մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներից> էջում վերջին տեղեկությունը դրված է 19.12.2013 թվականին: 
 ՄԱԿ-ի  գնահատման 6-րդ  համաժողովում Հայաստանի վերաբերյալ <Փորձագիտական գնահատման զեկույց> էջը ընդհանրապես չի բացվում:
<Կայքի կանոնակարգ> էջը չի թարմացվել 2006 թվականից, մի՞թե անցած 10 տարում կանոնակարգային ոչ մի փոփոխություն չի եղել:
Այսպիսով փաստենք, որ ՏՄՊՊՀ-ի կայքը, չնայած այդ նպատակով Եվրամիության Թվինինգ ծրագրի կողմից 2011-2013թ.թ. ծախսած 1.100.000 եվրո գումարներին, թափանցիկ ու հրապարակային չէ, ուրեմն  2014թ. հաշվետվության մեջ էլ կայքի թափանցիկության ու հրապարակայնության վերաբերյալ սուտ տեղեկություն են գրել: Այսինքն, 1.100.000 եվրո գումարի մեջ մաս է կազմել նոր կայքի ստեղծման համար ներդրումը, սակայն, որը, մեղմ ասած՝   փոշիացվել է: Ստացվում է, որ գործ ունենք մի ստախոս կառույցի հետ, որին <վստահում> ենք Հայաստանի բիզնես միջավայրի առողջացո՞ւմը:
 Տեսնես Հայաստանում այդ ո՞ր կառույցն է վերահսկելու ու բացահայտելու այս հանձնաժողովի փոշիացումները՝  նախագահականի՞, թե՞՝  կառավարության: 
Կրկին անդրադառնալով կառավարության վերջին նիստին բենզինի գների մասին Շաբոյանի չհրապարակած հաշվետվությանը, փաստենք, որ ոչ նախագահականի, ոչ՝ կառավարության վերահսկողության մարմնին չի հուզում այս հանձնաժողովի յուրացումները բացահայտելը, որովհետև Շաբոյանը հլու-հնազանդ զեկուցում է այն, ինչ իրեն հանձնարարվում   է այդ կառույցներից, իսկ ինչո՞ւ այն հրապարակային չի դարձրել, որովհետև ինքն էլ է հասկանում, որ իր ասածին ոչ մեկը չի հավատում, դրա համար գրավոր ոչ մի տեղեկություն չի թողել:
 
        Անահիտ Բախշյան
      Երևանի ավագանու «Բարև Երևան»
      Խմբակցության անդամՅ
Նոյյան տապան  -   Հասարակություն