ՀՅԴ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի ողջ իշխանության համար. «Լրագիր»


ՀՅԴ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի ողջ իշխանության համար. «Լրագիր»

  • 08-02-2016 19:06:22   | Հայաստան  |  Վերլուծություն
ՀՀԿ պատգամավորներից մեկը հայտարարել է, որ ՀՀԿ-ն մտածում է 2017 թ. խորհրդարանի ընտրությանն իր վերարտադրության մասին, իսկ Դաշնակցությունը թող մտածի իր վերարտադրության մասին:
 
Վերջին շաբաթներին ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հարցը դարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքի հիմնական «ինտրիգը», եւ այս կուսակցությունների ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները փաստում են, որ կան ինչ-ինչ խնդիրներ, որոնց շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել:
Համագործակցության հարցի շուրջ որոշումը ձգձգվում է, ՀՀԿ-ն հայտարարել է, թե հնարավոր է այս շաբաթ արդեն վերջնական որոշում լինի: Որոշման բացակայությունը պայմանավորվում է ՀՅԴ-ին տրվելիք պաշտոնների եւ ՀՅԴ առաջարկած կադրերի շուրջ տարաձայնություններով:
Մյուս կողմից, այս «ինտրիգին» զուգահեռ տարաձայնություններ են առաջացել ՀՀԿ-ի ներսում, քանի որ ՀՅԴ-ին կառավարությունում տեղեր են տրվելու ՀՀԿ որոշակի խմբավորումների հաշվին: Նկատելի է, որ այս խմբավորումների միջեւ պայքար է ընթանում, եւ դա արտահայտվում է որոշ պաշտոնյաների պահվածքում:
Սակայն, ՀՀԿ պատգամավորի այս հայտարարությունը նշանակում է, որ համաձայնություն չկա այս կուսակցությունների համագործակցության ամենակարեւոր՝ 2017 թ. խորհրդարանի ընտրության երաշխիքների հարցում: Մինչ այդ, ՀՅԴ եւ ՀՀԿ ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում էին, թե քննարկումներ են ընթանում թե համագործակցության ձեւաչափի, թե այսպես ասած ժամկետների շուրջ՝ արդյոք դա լինելու է կարճաժամկետ, թե երկարաժամկետ համագործակցություն:
Հասկանալի է, որ խնդիրն այստեղ 2017 թ. ընտրությունն է: Բանն այն է, որ ընտրություն որպես այդպիսին չի լինելու, եւ ինչպես նախորդ դեպքերում՝ իշխանությունն է որոշելու խորհրդարանի ու կառավարության «քվոտաների» բաշխման հարցը: Եվ ներկայում թերեւս այդ հարցն է քննարկվում՝ արդյոք համագործակցությունն «ավարտվում» է ՀՅԴ-ին ներկայիս կառավարությունում պաշտոններ տալով ու այդպիսով Սահմանադրության հանրաքվեին աջակցության համար վարձահատույց լինելով, թե համագործակցությունը շարունակվում է նաեւ հետագայում:
Իսկ հետագայի համար ՀՀԿ-ն արդեն պայման է առաջ քաշել՝ ՀՅԴ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի ոչ միայն իրեն տրվելիք ոլորտների, այլ ողջ իշխանության համար:
Իսկ դա լուրջ խնդիր է ՀՅԴ-ի համար, հաշվի առնելով, որ ինչպես ՀՀԿ խմբակցության ղեկավարն է ասել՝ ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում 1-3 տարի անց, օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղի խնդրի մասով: Այսինքն, ակնարկվում է, որ իշխանությունը կարող է գնալ «ծանր որոշումներ» կայացնելու ճանապարհով, եւ ՀՅԴ-ն պետք է կիսի պատասխանատվությունը:
Այս ֆոնին, ՀՀԿ-ի ակնարկը վերարտադրվելու մասին փաստացի զգուշացում է ՀՅԴ-ին՝ եթե պայմանները չեն ընդունում, ապա 2017-ին պետք է ինքնուրույն վերարտադրվեն, իսկ դա նշանակում է, որ ՀՅԴ-ն կարող է նաեւ չհայտնվել խորհրդարանում: Հաշվի առնելով ՀՅԴ-ի ղեկավարության բնույթը, դա իսկական ողբերգություն կլինի նրա համար: 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն