Երևանում առաջին անգամ ողջ փետրվարին անցկացվելու են հայ-չինական մշակութային օրեր


Երևանում առաջին անգամ ողջ փետրվարին անցկացվելու են հայ-չինական մշակութային օրեր

  • 09-02-2016 11:36:26   | Հայաստան  |  Մշակույթ

 
Չինական նոր տարվա  տոնի առթիվ  Երևանում առաջին անգամ ողջ փետրվարի ընթացքում անցկացվելու են հայ-չինական մշակութային օրեր՝ ավանդական երաժշտությամբ և պարերով։ Մշակութային օրերի շրջանակում նախատեսված է վեց միջոցառում: Դրանցից առաջինը տեղի ունեցավ  փետրվարի 8-ին՝ Հայաստանի Ճարտարապետների միությունում: Միջոցառման ժամանակ Չինական գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Իզաբելլա Մուրադյանը կրում էր հայկական և չինական նախշերի համադրությամբ կարմիր զգեստ, և, ինչպես նա նշեց, կարմիրը երկու մշակույթներում էլ ուրախություն և հաջողություն է բերում։ Դա է պատճառը, որ Չինաստանում Նոր տարուն կարմիր զարդեր ու հագուստ են կրում կամ տանը ինչ-որ կարմիր դետալներ են ունենում։ Նա չինարեն կատարեց օտարության մեջ հայտնված տղայի մասին «Մամա, այդ ես եմ» կոչվող ստեղծագործությունը, որի հերոսը, ինչպես պանդխտության մեջ հայտնված հայերը, ձգտում է միայն տուն։
 
  Միջոցառման ընթացքում հյուրերին ցուցադրվեցին չինական ազգային պարերը, ապա բեմը տրամադրեցին Գագիկ Գինոսյանին ու նրա խմբի տղաներին՝ հայկականը ներկայացնելու և ներկաներին էլ պարային շարժումներ սովորեցնելու համար։ 
 
 Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը  հյուրերին տեղեկացրեց, որ միջոցառումների շարքը  կրելու է շարունակական բնույթ: «Ծրագիրն իր մեջ  ներառում է «Ստեղծիր քո ուրույն կալիգրաֆիան» խորագրով միջոցառումը, չինական թեյախմությունը և հայկական խոտաբույսերի թրմերի համտեսում, հնագիտական գտածոների և պատմական փաստերի վրա հիմնված փաստագրական ֆիլմի ցուցադրություն, չինական հիերոգլիֆների և հայկական տառատեսակների խորհրդի մասին դասախոսություն և միջոցառում՝ «Հայկական ռազմապարերը՝ մշակույթ և ռազմական ոգի» խորագրով»,-ասաց Տ. Չոբանյանը միեւնույն ժամանակ նշելով, որ միջոցառման ժամանակ պատրաստվում են ներկաներին սովորեցնել ուշուի ինքնապաշտպանական հնարքներ։ «Մարդ պետք է առողջ լինի և՛ հոգով, և՛ մարմնով, որովհետև տկար մարդն ավելի նախանձ և չարամիտ է, իսկ առողջը պատրաստ է կռվել, հաղթել ու առաջ գնալ»,- նշեց ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը։  Ըստ Տ. Չոբանյանի ծրագրի նպատակն է համեմատել այս երկու ընդհանրություններ ունեցող մշակույթները՝ ցույց տալ հայկական մշակույթի ողջ հարստությունն ու աշխարհում ունեցած դրա ուրույն տեղը, ինչը, նրա կարծիքով, շատ հաճախ մենք ինքներս չենք գիտակցում։ 
 
 
Տեղեկացնենք, որ փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան, «Սանգուան» առողջարարական կենտրոնը և Չինական գիտության և մշակույթի կենտրոնը: 
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play