Հայ օրթոդոնտների շնորհիվ` ոլորտը Հայաստանում գտնվում է բարձր մակարդակի վրա . ՀՀ ԱՆ գլխավոր օրթոդոնտ (տեսանյութ)


Հայ օրթոդոնտների շնորհիվ` ոլորտը Հայաստանում գտնվում է բարձր մակարդակի վրա . ՀՀ ԱՆ գլխավոր օրթոդոնտ (տեսանյութ)

  • 09-02-2016 16:12:28   | Հայաստան  |  Հասարակություն



Օրթոդոնտիկ բուժումը Հայաստանում գտնվում է բարձր մակարդակի վրա շնորհիվ հայ մասնագետների, ովքեր իրենց հմտություններով ու գիտելիքներով չեն զիջում արտերիկրի իրենց գործընկերներին: Այս մասին փետրվարի 9-ին` Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ կայացած մամլո ասուլիսի ընթացքում նշեց  բժշկական գիտությունների դոկտոր, միջազգային ստոմատոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԱՆ գլխավոր օրթոդոնտ, Sonato ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր Արթուր Փափազյանը:
 
Ըստ նրա` տարիներ առաջ առանձնացված չէին ստոմատոլոգիայի նեղ մասնագիտական ճյուղերը, իսկ ներկայումս կան շատ տարբեր ուղղություններ, որոնցից մեկն էլ օրթոդոնտիան է: 
Ա. Փափազյանի փոխանցմամբ` օրթոդոնտիան ստոմատոլոգիայի այն ճյուղն է, որը զբաղվում է դիմածնոտային համակարգի անկանոնությունների ախտորոշմամբ և շտկմամբ. «Եթե ժողովրդկան լեզվով բացատրեմ, ապա խոսքը վերաբերում է ոչ ճիշտ դասավորված ատամնաշարին, կցվածքին»,- ասաց նա` հպարտությամբ ընդգծելով, որ ներկայումս հայ բժիշկ-օրթոդոնտներին  այս ոլորտում հաջողվում է հաճախորդներին պարգևել անթերի և գեղեցիկ ժպիտ: 
ՀՀ ԱՆ գլխավոր օրթոդոնտը փաստում է, որ Հայաստանում կան բավարար հիմքեր, որպեսզի տեղում պատրաստվեն բարձրակարգ մասնագետներ, սակայն շատ հաճախ երիտասարդներն ունեցած հնարավորությունների սահմաններում փորձում են մասնագիտական կրթություն ստանալ արտերկրում:
Անդրադառնալով օրթոդոնտիկ բուժման դիմելու տարիքային շեմին` Ա. Փափազյանը ընդգծեց, որ օրթոդոնտիկ բուժումն իրականում ոչ մի տարիքային սահմանափակում չունի: 
Նրա խոսքերով` հայ հասարակության շրջանում այս առումով մեծ թյուրըմբռնում կա, որը պետք է վերանա, քանի որ գոյություն ունեն օրթոդոնտիկ բուժման տարբեր փուլեր` տարբեր դեպքերի համար:
«Շատ սխալ է այն տարածված կարծիքը, թե օրթոդոնտիկ բուժումը երեխաների մոտ պետք է սկսել կաթնատամները մշտականներով փոխարինվելուց հետո միայն. Վաղուց ժամանակն է, որպեսզի ծնողները սկսեն  հասկանալ, որ յուրաքանչյուր օրթոդոնտիկ դեպք ունի իր ուրույն տարիքը»,- ասաց մասնագետը` տեղեկացնելով, որ իրենց կլինիկայում օրթոդոնտիկ բուժում ստացող ամենակրտսեր հիվանդը երկու տարեկան է, իսկ ամենատարեցը` 60:  
Վերջինս բոլոր ծնողներին հորդորեց թեկուզ ամենաչնչին անհանգստության դեպքում դիմել մասնագետին և ստանալ մասնագիտական խորհուրդ, այլ ոչ թե ինքնուրույն որոշել բժիշկին դիմելու տարիքը և ժամանակը:
«Վատ սովորությունները, այդ թվում նաև մատի և ծծակների ծծումը, խանգարված քթային շնչառությունը  պատճառ են դառնում դմածնոտային անկանոնությունների առաջցաման և զարգացման, հետևաբար երեխայի առաջին օրթոդոնտը պետք է լինի ծնողը, ով մի փոքր ուշադիր լինելու պարագայում կկարողանա  կանխարգելել բոլոր այդ ռիսկերը»,- ընդգծեց Ա. Փափազյանը:
Նրա խոսքերով` Հայաստանում օրթոդոնտիկ բուժումը եվրոպական շատ երկրների համեմատությամբ բավականին մատչելի է:
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` ՀՀ ԱՆ գլխավոր օրթոդոնտը փաստեց, որ ներկայումս Հայաստանում քիչ են մանկական ստոմատոլոգները:
Ա. Փափազյանի կարծիքով` պատկան մարմինների կողմից լավագույն հանրօգուտ գործը կլինի այն, որ վերջիններս թե նյութական, թե այլ ռեսուրսներով փորձեն գրավել երիտասարդներին այդ ուղղությամբ մասնագիտանալու համար:
 
 Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն