Ապահով համացանցի միջազգային օրը մեկնարկեց համանուն եռամսյա ծրագիրը (Տեսանյութ)



09-02-2016 18:10:33   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանում փետրվարի 9-ին` Ապահով համացանցի միջազգային օրը, մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է նպաստել համացանցի և այլ տեղեկատվական տեխնոլոգիաների ապահով և արդյունավետ օգտագործմանը: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը, ծրագիրը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից, իսկ վերջին հինգ տարիներին ծրագրին աջակցում է «Օրանժ Արմենիա» ընկերությունը:
Ըստ նրա` վերոնշյալ նախաձեռնության շրջանակներում ամեն տարի 5 հազարից ավելի աշակերտներ մասնակցում են բաց դասերի, ծանոթանում այնպիսի ուսումնական նյութերի, որոնք համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ համապատասխան գիտելիքներ են տալիս վերջիններիս: 
 

Ն. Խաչատրյանի խոսքերով` բացի բաց դասերից, դպրոցներում անցկացվում են համացանցի անվտանգ և արդյունավետ օգտագործմանը նվիրված ծնողական ժողովներ:
«Հավատարիմ մնալով համաեվրոպական «Միասին ստեղծենք ավելի ապահով համացանց» ուղերձին այս տարվանից ծրագրում ներառվել է նաև կրթական բաղադրիչը, որի շրջանակներում նախատեսվում է ստեղծել կրթական նոր հարթակներ, որտեղ դպրոցականները կկարողանան գտնել զանազան կրթական նյութեր, դիտել դեսադասեր, հետևել ուսուցիչների կողմից ստեղծված առարկայական բլոգների»,- նշեց «Ապահով համացանց» ծրագրի համակարգողը` հավելելով, որ Երևանի և մարզերի 100 ուսուցիչների համար անցկացվելու են բլոգների ստեղծման և Scorm ստանդարտների դասընթացներ: 
Բանախոսի պնդմամբ` ծրագիրը միտված է ոչ թե երեխաներին համացանցից ընդհանրապես կտրելուն, այլ նրանց կրթելու և իրազեկելու այն բոլոր ռիսկերի ու վտանգների մասին, որոնց հնարավոր է բախվել համացանցից օգտվելիս: 
Նրա փոխանցմամբ` միջազգային փորձը ցույց է տվել, որ տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետող երեխաներն ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցի հետ կապված տարաբնույթ ռիսկերը, նաև դիմակայել բացասական ազդեցություններին: 
«Այս նպատակով կազմակերպելու ենք նաև մասնավոր կյանքի պաշտպանության ու անվտանգության հարցերին նվիրված կրթական ծրագրեր և իրազեկման արշավներ, որոնց ընթացքում սովորեցնելու ենք, թե ինչ միջոցներով ու գործիքներով հնարավոր կլինի կանխարգելել տեխնոլոգիաների ոչ նպատակային և վնասակար օգտագործումը»,- ընդգծեց Ն. Խաչատրյանը:
Վերջինիս կարծիքով` նմանատիպ միջոցառումների շնորհիվ երեխաներն ինֆորմացիայի պասիվ սպառողից աստիճանաբար վերածվելու են բովանդակություն ստեղծողների` գիտակցաբար շրջանցելով բոլոր ռիսկերը: 
Համացանցի կառավարման միջգերատեսչական խորհրդի քարտուղար Գրիգորի Սաղյանի խոսքերով` ապահով համացանց հասկացությունը չի վերաբերում միայն երեխաներին, քանի որ մեծահասակները ևս պաշտպանված չեն: 
Նրա կարծիքով` ապահով համացանց ստեղծելու համար անհրաժեշտ է պարզապես տարանջատել տեխնիակական և բովանդակային անվտանգություն հասկացությունները:
«Տեխնիկական մասով անհրաժեշտ է կրթել տեխնիակական մասնագետների, ցանցային ադմինիստրատորների, որպեսզի վերջիններս թույլ չտան վիրուսների ներթափանցումը համակարգիչներ»,- ասաց Գ. Սաղյանը` ընդգծելով, որ սա առանձին մի ուղղություն է` առանց որի ապահով ինտերնետ հնարավոր չէ ունենալ:
Բովանդակային մասով մասնագետն առանձնացրեց բարոյական և կրիմինալ կամ հանցագործությունների հետ կապված բաղադրիչները, միաժամանակ նշելով, որ այս երկու բաղադրիչների միջև միջանկյալ դեր ունի անձնական տվյալների պաշտպանությունը:
Նրա խոսքերով` վերոնշյալ բաղադրիչներից հատկապես բարոյականի դեպքում երեխաների ճիշտ դաստիարակության և կրթության հարցում մեծ դեր ունի «Safe.am» կազմակերպությունը, որը դեռ վաղ տարիքից երեխաներին սովորեցնում է հարգել հեղինակային իրավունքը, զերծ մնալ համացանցի վատ ազդեցությունից և անծանոթների հետ շփումից, ճիշտ կերպով պահապնել անձնական տվյալները, հնարավորինս արդյունքվետ օգտագործել թվային տեխնիկայի ընձեռած հնարավորությունները: 
Մասնագետները փաստեցին, որ ապահով համացանց ունենալու հարցում պետք է ակտիվ դերակատարություն ունենան բոլոր շահագրգիռ կողմերը` պետությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները, նաև կրթական հաստատությունները:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1163 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար