Հոբելյանական երեկո Հայաստանի գլխավոր թատրոնում


Հոբելյանական երեկո Հայաստանի գլխավոր թատրոնում

  • 09-02-2016 15:07:54   | Հայաստան  |  Մշակույթ


Հոբելյանական երեկո Հայաստանի գլխավոր թատրոնում Հայկական բալետային արվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանի համար 2016 թվականը հոբելյանական է: Փետրվարի 12-ին անվանի արտիստը կդառնա 75 տարեկան:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 13-ին կայանալիք գալստյանական խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը նվիրում է հոբելյարին: Մինչ ներկայացումը Հայաստանի գլխավոր թատրոնում տեղի կունենա հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Վ. Գալստյանի ծննդյան 75–ամյակին: Վ. Գալստյանը Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև 1961 թվականից հանդես է եկել Երևանի օպերայի և բալետի թատրոնում: Վիլեն Գալստյանի արվեստի երկրպագուները մինչ օրս հիշում են նրա կերտած կերպարները, այդ թվում՝ Սպարտակը՝ Խաչատրյանի նույնանուն բալետային ներկայացման մեջ (1961թ.), Արմենը՝ Խաչատրյանի «Գայանե»-ում (1974թ.), Ալբերտը՝ Ադանի «Ժիզել»-ում (1961թ.), Էդ. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք»-ում Բյուրատը (1966թ.), Կոմիտասը՝ «Անտունի»-ում (1969թ.), Դավիթը՝ «Սասունցի Դավիթ»-ում (1976թ.), Է. Արիստակեսյանի «Պրոմեթևս»-ում համանուն կերպարը (1967թ.), Ռոմեոն՝ Պրոկոֆևի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում (1970թ.): Արվեստագետը բեմական գործունեությանը զուգահեռ, հեղինակ է մի շարք ներկայացումների՝ Ա. Խաչատրյանի «Գայանե» (1974թ., 2004թ.), «Սպարտակ» (1978թ., 1982թ., 1987թ.), Էդ. Հովհաննիսյանի՝ «Սասունցի Դավիթ» (1976թ.), Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002թ.)ևայլն: Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել Մոսկվայի Մեծ թատրոնում, ինչպես նաև Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների հեղինակավոր բեմերում է ներկայացել անվանի արտիստը: Վ. Գալստյանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969թ.), «Հայկական որմնանկարներ» (1972թ.) և այլն: Վ. Գալստյանն աշխատել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիս»-ում՝ որպես գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երևանում Վ. Գալստյանը ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, տարբեր տարիներին եղել է Երևանի օպերային և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերը: Ավելի քան 15 տարի է Վ. Գալստյանը դասավանդում է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Ներկայումս Վիլեն Գալստյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերն է: Հարգանքով՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play