Էդվարդ Նալբանդյանի խոսքը Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ մամլո ասուլիսին


Էդվարդ Նալբանդյանի խոսքը Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ մամլո ասուլիսին

  • 09-02-2016 16:59:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Բարև Ձեզ, տիկնա՛յք և պարոնա՛յք:
 
Ուրախ եմ ողջունել Երևանում Շվեդիայի արտգործնախարար, իմ լավ բարեկամ Մարգոտ Վալստրյոմին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցելությամբ:
 
Այսօր մենք հնարավորություն ունեցանք շարունակելու մեր բազմաբովանդակ երկխոսությունը` երկկողմ օրակարգի, տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
 
Մենք բազմաթիվ հնարավորույթուններ ենք ունեցել հանդիպելու թե՛ Ստոկհոլմում, թե՛ տարբեր միջազգային համաժողովների, ֆորումների շրջանակներում: Վերջին մեր հանդիպումը դեկտեմբեր ամսին էր: Մենք պայմանավորվեցինք, որ Շվեդիայի արտգործնախարարը կգա Հայաստան, և այսօր շատ ուրախ եմ՝ ողջունելու նրան Երևանում:
 
Տիկին Վալստրյոմի հետ կարևորեցինք Հայաստան - Շվեդիա հարաբերությունների դինամիկ զարգացումը, որը հատկապես ակտիվացել է երկու դեսպանությունների բացումից ի վեր: 2014թ. Ստոկհոլմում մենք՝ տիկին Վալստրյոմի հետ միասին, բացեցինք ՀՀ դեսպանությունը: Նաև այստեղ բացվեց Շվեդիայի դեսպանությունը: Դեսպանություններն ակտիվ գործուներություն են ծավալել հարաբերությունների զարգացման, ընդլայնման, խորացման ուղղությամբ:
 
Անդրադարձանք առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին:
 
Պայմանավորվեցինք իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, ներդրումների խթանման շուրջ: Գիտեք, որ Հայաստանում գործում են շվեդական կապիտալով մի շարք կազմակերպություններ: Այս առումով կարևորեցինք քիչ առաջ ստորագրված գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը։
 
Տիկին Վալստրյոմի հետ պայմանավորվեցինք շարունակել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, պարբերական դարձնել երկու արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունները` համագործակցության առավել խորացման նպատակով:
 
Որպես երկկողմ փոխգործակցության զարգացման կարևոր դաշտ առանձնացրինք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:
 
Իհարկե, անդրադարձանք Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին: Կարևորեցինք ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ձեռքբերման շուրջ մեկնարկած բանակցությունները:
 
Մեր բանակցությունների օրակարգում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումները և մեր եվրոպական գործընկերների աջակցությունը դրանց։
 
Տիկին Վալստրյոմին ներկայացրեցի Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի և եռանախագահող երկրների համատեղ ջանքերը: Մենք նաև հնարավորություն կունենանք աշխատանքային ճաշի ընթացքում քննարկելու տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցեր:
 
Ժամանակի սղության պատճառով, այսքանով կսահմանափակվեմ ու սիրով խոսքը փոխանցում եմ Շվեդիայի արտգործնախարարին:
 
Խնդրեմ, Մարգոտ։
 
***
 
Արմենիա ՀԸ. Հարցս ուղղված է Հայաստանի արտգործնախարարին: Պարոն նախարար, Ադրբեջանի արտգործնախարարը վերջերս իր մեկնաբանություններում ծաղրում է Մինսկի խմբի համանախագահներին և ասում է, որ նրանց հետ չի հանդիպի, որովհետև դրա իմաստը պարզապես չկա: Իսկ Հայաստանին մեղադրում է ստատուս քվոն համառորեն պահելու մեջ: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:
 
Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, որ դա եզակի դեպք է: Գիտեք, որ Բաքուն բազմիցս օգտագործում է միջազգային հարաբերությունների ոգուն ոչ հարիր արտահայտությունններ՝ ուղղված եռանախագահներին: Ընդհանրապես ոչ միայն համանախագահներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր հանդգնում են կարծիք հայտնել, որը չի համընկնում ադրբեջանական պաշտոնական կարծիքի հետ:
 
Մինսկի խմբի համանախագահներին մեկ անվանում են տուրիստներ, մեկ ասում են, թե իսլամաֆոբ են։ Բաքուն նույնիսկ պնդում է, որ Միացյալ Նահանգները կառուպցիայի ծննդավայրն է և այլն: Այս շարքը կարելի է շարունակել, բայց կարծում եմ՝ դրա կարիքը չկա, դուք էլ լավ ծանոթ եք այդ հայտարարություններին:
 
Ինչի՞ համար է այդ ամենն արվում: Իրենց թվում է, թե այսպիսի պարզունակ, «վարկաբեկիչ» հայտարարություններով իրենք կարող են եռանախագահներին, այլոց շանտաժի ենթարկել և այդպիսով ինչ-որ բան կորզել:
 
Զարմանալի է, որ Բաքուն դասեր չի քաղում, որովհետև հակառակ ազդեցություն է ունենում։ Միջազգային հանրության կարծիքը և դիրքորոշումն այդ կեցվածքի վերաբերյալ տարեցտարի առավել հասցեական և հստակ է դառնում:
 
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, իբրև թե Հայաստանը ցանկանում է ստատուս քվոն պահպանել. Հայաստանը, ինչպես և եռանախագահները շահագրգիռ է ստատուս քվոյի փոփոխման մեջ: Դրա պահպանման առաջին պատասխանատուն հենց Ադրբեջանն է: Որովհետև ինչպե՞ս կարելի է փոխել ստատուս քվոն։ Իհարկե, բանակցությունների, պայմանավորվածությունների ձեռքբերման միջոցով:
 
Իսկ ո՞վ է սրում իրավիճակը. Ադրբեջանը: Ո՞վ չի արձագանքում եռանախագահների կոչերին, որ պետք է վերահաստատել հանձնառությունը բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը: Ո՞վ է փորձում փոխել բանակցությունների ձևաչափը։ Ո՞վ է դեմ արտահայտվում հետաքննության մեխանիզմների ստեղծմանը: Իհարկե, Բաքուն։ Ադրբեջանական կողմը հորինել է, որ եթե մեխանիզմը ստեղծվի, ապա դա կնպաստի ստատուս քվոյի պահպանմանը: Ճիշտ հակառակը: Եթե այն ստեղծվի, մեխանիզմը կլինի ոչ միայն հետաքննության, այլև կանխարգելման գործիք, ինչը թույլ կտա ապահովել առավել բարենպաստ պայմաններ՝ բանակցությունների շարունակման համար և բանակցությունների միջոցով գալ հիմնախնդրի կարգավորմանը։ Հուսով ենք, որ Ադրբեջանում վերջապես կհասկանան, որ այս կեցվածքն իրենց որևէ առավելություն չի տալիս: Ճիշտ հակառակը:
 
Իսկ մենք եռանախագահների հետ շարունակելու ենք մեր ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որովհետև այլընտրանք չկա բանակցություններին:
 
Հայաստանի հանրային ռադիո. Հարցս հետևյալն է. ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) վերջերս հրապարակել է ռեֆերենդումի փորձագիտական թիմի զեկույցը: Կցանկանայինք լսել Ձեր գնահատականը: Շնորհակալություն:
 
Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, որ ԺՀՄԻԳ-ն չի զբաղվում հանրաքվեների դիտարկմամբ, քանի որ ԵԱՀԿ մասնակից երկրները նման հանձնառություններ՝ ԺՀՄԻԳ-ի կողմից հանրաքվեների դիտարկման վերաբերյալ, չեն ստանձնել: Չնայած դրան, Հայաստանը հրավիրեց ԺՀՄԻԳ-ին` մեկ նպատակ ունենալով, որպեսզի հանրաքվեն անցկացվի հնարավորինս թափանցիկ և հնարավորինս շատ դիտորդների ներկայությամբ, և լիովին ազատություն տվեց ԺՀՄԻԳ-ին թե՛ դիտորդների քանակի, թե՛ դիտարկման ձևաչափի և թե՛ դիտարկման եղանակի հարցերում: ԺՀՄԻԳ-ը որոշում կայացրեց ուղարկել միայն չորս դիտորդ` կարճատև, շատ սահմանափակ ժամանակահատվածի համար:
 
Ի լրումն այս զեկույցի վերաբերյալ մեկնաբանությունների, որոնք տվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և այլ պաշտոնատար անձինք՝ ես կարող եմ ասել, որ ԺՀՄԻԳ-ի կողմից մեզ ուղղված նամակում բարձր է գնահատվում այն շարունակական, արդյունավետ համագործակցությունը, որը հաստատվել է Հայաստանի և այդ կառույցի միջև: Նամակում նաև հույս էր հայտնվում, որ Հայաստանը նկատի կառնի այն առաջարկները, որոնք արվել են այս զեկույցում, և մենք նույն ոգով կշարունակենք մեր համագործակցությունը ԺՀՄԻԳ-ի հետ՝ ուղղված Հայաստանում ընտրական համակարգի առավել բարելավմանը:
 
Իհարկե, Հայաստանը շահագրգռված է այդ համագործակցության շարունակման մեջ: Ես առաջին արտգործնախարարն էի, որն այցելել է Վարշավայում տեղակայված ԺՀՄԻԳ-ի գլխավոր գրասենյակ: Ինձնից հետո այցելեց նաև Լեհաստանի արտգործնախարարը՝ չնայած, որ ԺՀՄԻԳ-ը հենց Վարշավայում է գտնվում:
Մենք բավական լավ, արդյունավետ համագործակցություն ենք հաստատել ԺՀՄԻԳ-ի հետ և շահագրգիռ ենք այդ համագործակցությունը շարունակելու:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն